Համավարակի իրական վտանգը սոցիալական փլուզումն է․ Foreign Affairs

Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի (LSE) պրոֆեսոր Բրանկո Միլանովիչը Foregn Affairs հանդեսում հրապարակած հոդվածում գրում է կորոնավիրուսի համավարակի հնարավոր հետևանքների, պետությունների՝ ինքնաբավության ձգտելու և հակագլոբալիզացիոն գործընթացների մասին: Հոդվածը թարգմանաբար և կրճատումներով՝ ստորև։

[….]

Աշխարհը կանգնած է խորը տեղաշարժի՝ բնատնտեսության, այսինքն ինքնաբավ տնտեսության վերադառնալու հեռանկարի առջև։ Այս փոփոխությունը գլոբալիզացիայի ճիշտ հակառակն է։ Եթե գլոբալիզացիան անհամեմատելի տնտեսությունների միջև աշխատանքի բաժանման է հանգեցնում, ապա վերադարձը բնատնտեսության նշանակում է, որ երկրները պետք է շարժվեն դեպի ինքնաբավություն։ Այս շարժումն անխուսափելի չէ։

Եթե առաջիկա վեց ամիսների կամ տարվա ընթացքում կառավարությունները կարողանան վերահսկել կամ հաղթահարել ներկայիս ճգնաժամը, ապա աշխարհը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա գլոբալիզացիայի ուղուն, նույնիսկ եթե դրա հիմքում ընկած որոշ նախադրյալներ (օրինակ, շատ կոշտ արտադրական շղթաներ, որոնք ապահովում են ճշգրիտ ժամանակին մատակարարումները), հնարավոր է, վերանայման կարիք ունենան։

Բայց եթե ճգնաժամը շարունակվի, գլոբալիզացիան կարող է փլուզվել։ Որքան երկար տևի ճգնաժամը և որքան երկարեն խոչընդոտները մարդկանց, ապրանքների և կապիտալի ազատ տեղաշարժի համար, այնքան նորմալ է թվալու նման իրավիճակը: Այս գործընթացը պահպանելու համար կձևավորվեն հատուկ շահեր, և նոր համաճարակի հանդեպ շարունակվող վախը կարող է դրդել ազգային ինքնաբավության ձգտումների։

Այդ առումով տնտեսական շահերն ու առողջության մասին արդարամիտ մտահոգությունները կարող են համընկնել։ Նույնիսկ թվացյալ աննշան պահանջը,- օրինակ, որ յուրաքանչյուր երկիր մուտք գործող անձ բացի անձնագրից և վիզայից, ներկայացնի նաև բժշկական տեղեկանք,- խոչընդոտ է հին գլոբալացված ճանապարհին վերադառնալու համար՝ հաշվի առնելով, թե քանի միլիոն մարդ է սովորաբար ճանապարհորդում։

[….]

Մարդիկ, որոնք լիովին մասնագիտացած չեն դարձել, ներկա ճգնաժամում առավելություն ունեն։ Եթե դուք կարող եք արտադրել ձեր սեփական ուտելիքը, եթե դուք կախված չեք պետության կողմից տրամադրվող էլեկտրաէներգիայից կամ ջրից, դուք ոչ միայն պաշտպանված եք խափանումներից, որոնք կարող են առաջանալ սննդի առաքման շղթաներում կամ էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումներում, այլև անվտանգ եք հնարավոր վարակներից, քանի որ դուք կախված չեք սննդից, որը պատրաստել է մեկը, ով միգուցե վարակակիր է։ Նմանապես, ձեզ պետք չեն վերանորոող վարպետներ, որոնք պիտի գան ձեր տանն ինչ-որ բան սարքելու և որոնք նույնպես կարող են վարակակիր լինել։ Այն ամենը, ինչ նախկինում առավելություն էր խիստ մասնագիտացված տնտեսությունում, այժմ դառնում է թերություն։

Վերադարձը բնատնտեսության պայմանավորված կլինի ոչ թե սովորական տնտեսական հրամայականներով, այլ շատ ավելի հիմնարար մտահոգություններով, մասնավորապես՝ համաճարակային հիվանդությունների ու մահվան վախով։ Հետեւաբար, տնտեսական ստանդարտ միջոցները կարող են միայն պալիատիվ բնույթ կրել. դրանք կարող են (և պետք է) ապահովեն այն մարդկանց պաշտպանությունը, որոնք կորցնում են աշխատանքը և ոչինչ չունեն, ինչի վրա կարող են հենվել, և հաճախ անգամ բժշկական ապահովագրություն չունեն: Քանի որ նման մարդիկ անկարող են դառնում կատարելու իրենց վճարումները, նրանք կհարուցեն ճակատային ցնցումներ՝ բնակարանային վտարումներից մինչև բանկային ճգնաժամեր։

Նույնիսկ այս պարագայում, հիվանդությունից մարդկային կորուստները կլինեն ամենակարևոր գինը և այն, որը կարող է հանգեցնել սոցիալական ապաինտեգրման: Մարդիկ, որոնք մնացել են առանց հույսի, աշխատանքի ու ապրուստի, հեշտությամբ կարող են դուրս գալ նրանց դեմ, ովքեր ավելի լավ վիճակում են: Արդեն հիմա ամերիկացիների մոտ 30 տոկոսն ունի զրոյական կամ բացասական հարստություն։

Եթե ներկայիս ճգնաժամը ավելի ու ավելի շատ մարդկանց տանի ունեզրկման, աշխատանքի ու առողջապահական ծառայությունների կորստի, ու եթե այս մարդիկ հասնեն հուսահատության և զայրույթի եզրին, ապա այնպիսի տեսարաններ, ինչպիսին Իտալիայում կալանավորների վերջին փախուստն էր կամ 2005-ին Նոր Օռլեանում Կատրինա փոթորկին հետևած կողոպուտները, կարող են սովորական երևույթ դառնալ: Եթե կառավարությունները ստիպված լինեն դիմելու ռազմականացված կամ ռազմական ուժերի, օրինակ՝ անկարգությունները կամ սեփականության վրա հարձակումները ճնշելու համար, ապա հասարակությունը կարող է սկսել քայքայվել։

Այսպիսով, տնտեսական քաղաքականության գլխավոր (գուցե նույնիսկ միակ) նպատակն այսօր պետք է լինի սոցիալական անկման կանխումը։

Զարգացած հանրույթները չպետք է թույլ տան, որ տնտեսությունը, հատկապես ֆինանսական շուկաները, աչք փակեն այն փաստի վրա, որ ամենակարևոր դերը, որ տնտեսական քաղաքականությունը կարող է ունենալ հիմա, ահավոր այս ճնշման ներքո սոցիալական ամուր կապերի պահպանումն է։

Կարեն Հարությունյան

Լուսանկարում՝ Նյու Յորքի ֆոնդային բորսայի ախտահանումը

Հոդվածի բնօրինակը՝ The Real Pandemic Danger Is Social Collapse

Մեկնաբանել