Այս պահին ունենք կորոնավիրուսի 194 հաստատված դեպք․ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ հաջողվել է կանգնեցնել Էջմիածնի ճյուղի զարգացումը, այժմ աշխատանքներ են տարվում արտադրամասի ճյուղի զարգացումը կանգնեցնելու ուղղությամբ։
Փաշինյանի խոսքով՝ հաստատված դեպքերի 78 տոկոսը չունի ջերմություն․ 37-38 աստիճան ջերմություն ունի մարդկանց 18 տոկոսը, 38-39 աստիճան՝ 3 տոկոսը, 39-ից բարձր ջերմություն ունի 1 տոկոսը։ Նա արձանագրեց, որ 80 տարեկանից բարձր ոչ մի հիվանդ չկա, թոքաբորբ ունի 14 մարդ, նրանցից 6-ը ինտենսիվ թերապիայի կարիք ունի։ Նրանց վիճակը կառավարելի է համարվում։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Վերին Լարսը բացվել է, ինչի շնորհիվ մեր 140 քաղաքացիները եկել են Հայաստան՝ ռուսաստանցի և վրաց գործընկերների աջակցության շնորհիվ։
Փաշինյանը խոսեց համաճարակի հնարավոր տևողության մասին՝ ասելով, որ այն կարող է ձգվել մեկ-մեկուկես տարի։
Նա շեշտեց կորոնավիրուսի արդյունքում մահեր չունենալու հանգամանքը։
Մենք պետք է անենք առավելագույնը, որ մեր տարեցները հնարավորինս պաշտպանված լինեն կորոնավիրուսից, ասաց Նիկոլ Փաշինյանը։