Այս համաճարակը շատ բան կհանի ջրի երես․ Գեորգի Դերլուգյան

Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան-սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանը ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանի հետ զրույցում պատասխանում է հարցերին, թե ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսային համաճարակից հետո:

– Պարոն Դերլուգյան, եկեք սկսենք սովորական հարցից՝ ի՞նչ է կատարվում:

– Օհ, սովորական հարցերը սովորաբար ամենադժվարինն են, քանի որ դրանք ամեն ինչի մասին են: Ամբողջ աշխարհում տարածվում է ճգնաժամի ալիքը, որը մեզ դեռ չի ծածկել: Բայց դա անխուսափելի է, ինչպես արդեն պարզ է բոլորի համար։ Իսկ թե ով ինչպես կկարողանա հաղթահարել համաճարակը և դրա բազմաթիվ հետևանքները` հոգեբանական, քաղաքական և տնտեսական, արդեն կախված է առանձին պետությունների և ժողովուրդների դիմացկունությունից: Այս համաճարակը շատ բան կհանի ջրի երես:

– Երկրորդ աշխարհամարտից հետո լայնածավալ նման ճգնաժամ կարծես չի եղել, ընդ որում՝ այս ամենն այժմ սկսվել է բոլորովին անկանխատեսելիորեն: Եվ մարդկությունը նույնպես, պարզվում է, չգիտի՝ ինչ անել, չունի անկանխատեսելիության դեմ պատրաստի բաղադրատոմսեր և գործիքակազմ: Կարո՞ղ ենք ասել, որ մենք արդեն մուտք ենք գործել անկանխատեսելիության մի մշտատև շրջան:

– Փորձենք առանց դարակազմիկ արտահայտությունների: Համաճարակները հետապնդել են մարդկությանը առնվազն վերջին 10-11 հազար տարիների ընթացքում՝ հողագործության, և դրանով հանդերձ՝ գյուղական մշտական համայնքներում բնակության հաստատման և անասնապահության ի հայտ գալուց ի վեր, երբ մարդիկ շփվում էին իրենց ընտանի կենդանիների ու թռչունների հետ, որոնք և իրենց հիվանդություններն ունեին։ Այդ մասին խելացի ու մատչելի գրում է աշխարհագրագետ և կենդանաբան Ջարեդ Դայմոնդը իր լայնորեն ընթերցված «Հրացաններ, միկրոբներ և պողպատ» գրքում:

Ի՞նչն էր կանխատեսելի մեր նախնիների կյանքում: Նախ, որ ոչ բոլոր երեխաները կգոյատևեն․ սա դաժան իրականություն էր, ուստի պետք էր ունենալ հնարավորինս շատ երեխաներ։ Մարդիկ միշտ անհանգստությամբ հետևում էին եղանակին. ինչպիսի՞ն կլինի բերքը; կդիմանա՞նք ձմռանը, թե՞ սով կլինի; կհարձակվե՞ն քոչվորները, թե՞ մեր բնակավայրով կանցնի նվաճողների ինչ-որ բանակ, կապ չունի՝ հռոմեական, թե պարսկական:

1945-ից հետո ամբողջ աշխարհն անցավ աննախադեպ բարեկեցության, առողջության և անվտանգության մի շրջան: Այո՛, աննախադեպ` առանց նախադեպի: Պատմության մեջ երբեք նման բան չի եղել, նույնիսկ ամենալավ, հանգիստ ժամանակներում` հնադարյան կայսրությունների հզորության գագաթնակետին: Ի վերջո, այնտեղ դեռ պահպանվում էր ստրկությունն ու զանգվածային աղքատությունը:

Իսկ Հռոմի գերիշխանությունն ավարտվեց Հուստինիանոսի ժանտախտով հենց Հուստինիանոսի կայսեր օրոք, որը վերակառուցեց Սուրբ Սոֆիայի տաճարը, ապավինեց տաղանդավոր հրամանատարներ Նարսեսին և Վելիզարիուսին և մեզ թողեց իր օրենսգիրքը: Թվում էր, թե Հռոմը վերածնվեց Կոստանդնուպոլսում: Բայց հանկարծ ամենուրեք սկսվում է համաճարակ, պրովինցիաներում՝ զանգվածային մահեր, ավերածություններ և ավազակների կամ փախստականների ամբողջական ցեղերի, կարճ ասած՝ զինված միգրանտների ներխուժում:

Այսօր մենք արդի քաղաքակրթության մարդիկ ենք՝ գիտության, կրթության, ժամանակակից առողջապահության և բժշկության: Նաև՝ զգալի սոցիալական հավասարության: Մեզ համար այն, ինչը մեր նախնիների առօրյա կյանքն էր երկու հարյուր և անգամ ընդամենը հարյուր տարի առաջ, դարձել է բոլորովին անընդունելի: Յուրաքանչյուր երեխայի մահը ցնցում է, չպետք է այդպես լինի: Ես նույնպես այդպես եմ կարծում, քանի որ ես ժամանակակից մարդ եմ: Ահա պատմական այս նվաճումների դիմացկունությունն է այժմ ենթարկվում փորձության։

– Շատերն արդեն սկսել են խոսել «հետ-կորոնավիրուսային աշխարհի» մասին, այն մասին, թե արդյոք այս ճգնաժամը հիմք կդառնա նոր աշխարհակարգի համար: Օրինակ՝ իսրայելցի պատմաբան Յուվալ Նոյ Հարարին Financial Times-ում հրապարակած իր հոդվածում գրում է, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում մարդկանց ու կառավարությունների կայացրած որոշումներից կախված կլինի գալիք երկար տարիներին ձևավորվելիք աշխարհը: «Դրանք ձևավորելու են ոչ միայն մեր առողջապահական համակարգը, այլև տնտեսությունը, քաղաքականությունը և մշակույթը»,- գրում է նա: Իսկապե՞ս։ Ինչպե՞ս։

– Այսպիսի ժամանակներում կարևոր է չկորցնել չափի զգացումը: Այո՛, համաճարակը լուրջ է, հիմնականում իր անխուսափելիությամբ: Բայց ոչ ավելին: Այստեղ պետք է հավելել, որ մինչ այժմ մենք հասցրել ենք խուսափել վատթարագույնից: Համաճարակն այդքան սարսափելի է թվում, քանի որ այսօր յուրաքանչյուր մահ ընկալվում է որպես ողբերգություն, հատկապես, երբ մեր միջավայրը հագեցած է տեսողական պատկերներով: Մտածե՛ք ինքներդ՝ 2-3 տոկոս մահացու ելքերը անընդունելիորեն շատ են: Բայց սա նաև նշանակում է 97-98 տոկոս ոչ մահացու ելքեր:

Գլխավորը, որ համաճարակի ալիքը եկավ տասնամյակների լիբերալ շուկայական բարեփոխումներից հետո, որոնք, կոպիտ ասած, վերականգնեցին շատ հարուստ փոքրամասնության հատուկ դիրքը՝ նվազեցնելով պետության դերը: Պետությունը բյուրոկրատիա և ոստիկանական ուժ է, որը երբեք ոչ ոքի առանձնապես դուր չի եկել: Բայց հիմա հարց է ծագում՝ ինչպե՞ս անել առանց պետության: Գուցե ձեր ընտանեկան բժիշկը լավն է, երբ խոսքը վերաբերում է ատամնաբույժին: Իսկ ինֆեկցիոնի՞ստը կարո՞ղ է մասնավոր լինել: Արդյոք խելամի՞տ է պահանջել ուսման բարձր վարձեր այդպիսի բժիշկների համար, քանի որ նրանք, ենթադրաբար, ավելի ուշ նրանք իրենց գումարները հետ են ստանալու հաճախորդներից: Թե՞ կրթությունը դարձնել անվճար:

Համաճարակի ալիքը եկավ տասնամյակների լիբերալ շուկայական բարեփոխումներից հետո, որոնք, կոպիտ ասած, վերականգնեցին շատ հարուստ փոքրամասնության հատուկ դիրքը՝ նվազեցնելով պետության դերը

Այդ դեպքում ինչպե՞ս ապահովել բարձրակարգ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմ և լուրջ մրցակցություն ապահովել։ Ակնհայտ է, որ ստիպված կլինեք վճարել բյուջեից: Իսկ ի՞նչն է լրացնում պետական բյուջեն, եթե ոչ հարկահավաքումը: Սակայն ինչպե՞ս կարելի է հարկեր հավաքել աղքատներից, երբ կան կրճատումներ, իսկ փոքր բիզնեսը հազիվ է գոյատևում։

Առջևում հավանաբար սուր քաղաքական կոնֆլիկտներն են, ընդ որում, աշխարհում ամենուր: Գերհարուստ խմբերը կպաշտպանեն իրենց դիրքերը, և դրա համար նրանք բարենպաստ դիրքում են և ունեն ռեսուրսներ: 2008-ի ֆինանսական ճգնաժամը հաղթահարվեց հենց նրանց պայմաններով՝ կայունացնելով խոշոր ֆինանսների վիճակը: Բայց հիմա «պոպուլիստների» ճնշումը կարող է չափազանց ուժեղ լինել: Բոլորը մատնանշում են ազգային պետությունների դերի ուժեղացումը՝ որպես թույլերի հավաքական գործիք:

Ահա այստեղ Հայաստանն արդեն երկու տարով առաջ է անցել քաղաքականության համաշխարհային ու տարածաշրջանային միտումներից: 2018-ի հեղափոխությունը ստեղծեց օրինակարգ կառավարություն՝ ոչ օրինակարգի փոխարեն: Կա ազգի ներքին համերաշխություն, գերագույն իշխանության նկատմամբ վստահության բավականին հազվադեպ մակարդակ մեր օրերում: Համաճարակը դժվարին փորձություն կլինի, բայց Հայաստանն ունի նախապատվելի հնարավորություններ:

– Վերջին երկու հարյուր տարվա ընթացքում թերևս չի եղել մի ժամանակաշրջան, երբ երկրներն այսքան ինքնամեկուսացվեին: Կարծես Երկրորդ աշխարհամարտի ժամանակ անգամ աշխարհն ավելի բաց էր, քան հիմա: Կարո՞ղ է սա նշանակել, որ ճգնաժամից հետո գլոբալիզացիան կընդունի սահմանափակիչ ձևեր՝ Մոնրոյի դոկտրինայի կամ «Փայլուն մեկուսացման» (Splendid isolation) ինչ-որ դրսևորումներով:

– Անկեղծ ասած, դրանք պարզապես վերնախավերի գաղափարական վախերն են, որոնք կցանկանային ներքին «պոպուլիստական» ընդդիմությանը հակադրել իբրև թե օբյեկտիվ բնույթի արտաքին գործոններ՝ արտաքին պարտք, միջազգային պարտատերերի պայմաններ, «վարկատուների գործադուլի» սպառնալիք ու փողի դուրսբերում օֆշորներ։ Ինչի՞ մասին է խոսքը՝ խրոնիկական և համընդհանուր կարանտինի՞։ Այդ ինչպե՞ս։ Ո՞վ կաշխատի Ռուսաստանի շինհրապարակներում, ԱՄՆ-ի դաշտերում կամ հյուրանոցներում, Եվրոպայի ծերանոցներում: Ահավասիկ, Գերմանիայում սուպերմարկետներում ապրանքների մատակարարումների ընդհատումներ են սկսվել: Ո՛չ, պարենի պակաս չկա, բայց բեռնատարների վարորդներն այժմ գրեթե բոլորը լեհեր են, և հանգստյան օրերից հետո նրանք Լեհաստանից չեն կարողանում վերադառնալ Գերմանիա: Ինչպե՞ս լուծել այդպիսի ճգնաժամը մի քանի ժամվա ընթացքում: Ինքներդ եք հասկանում ամեն ինչ:

– Ի՞նչը և ինչպե՞ս է փոխելու այս ճգնաժամը: Փոխելո՞ւ է արդյոք:

– Հենց դա էլ երկրներում և երկրների ներսում լինելու է խմբերի միջև քաղաքական բախումների առարկա: Օրինակ՝ Լիբիային կամ Էրիտրեային մեկը կօգնի՞ բուժանձնակազմով կամ դեղերով, թե՞ նախկինի նման կառաջարկեն միայն զենք ու վարձկաններ: Սակայն այդժամ համաշխարհային ճգնաժամը կդառնա ամբողջովին անլուծելի, ինչը պայմանավորված կլինի միլիոնավոր, հավանաբար, ոչ ամենաառողջ մարդկանց տարերային միգրացիայով:

Համաճարակը դառնում է արդեն մոտ երկու տասնամյակ տեղի ունեցող գործընթացների խթանիչը՝ կապիտալիզմի ճգնաժամը նեոլիբերալ և գլոբալացված տարբերակում

Ընդհանուր առմամբ, խուճապի պատճառ չեմ տեսնում, տեսնում եմ լավատեսության նշաններ: Համաճարակը դառնում է արդեն մոտ երկու տասնամյակ տեղի ունեցող գործընթացների խթանիչը՝ կապիտալիզմի ճգնաժամը նեոլիբերալ և գլոբալացված տարբերակում: Եվ այժմ շատ բան արդեն իսկ վկայում է ոչ թե մասնավորեցման, այլ սոցիալականացման մասին՝ ռիսկերի, դեղամիջոցների, տարեցներին խնամելու, կրթության, տնտեսության խթանման մասին: «Սպասենք, կտեսնենք» արտահայտությունն ստանում է իր ամենաբառացի իմաստը։ Կարծում եմ՝ մենք դեռ կապրենք ու դեռ շատ բան կտեսնենք:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ Георгий Дерлугьян։ Эпидемия будет трудным испытанием, однако у Армении предпочтительные шансы

Մեկնաբանել