Գիտնականները կորոնավիրուսի բուժման նպատակով ուսումնասիրում են 69 դեղամիջոց․ New York Times

New York Times-ի հոդվածը կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների հետազոտական փնտրտուքի մասին է։ Այն թարգմանաբար և կրճատումներով՝ ստորև։

Դեղամիջոցների թեկնածուների ցանկը հրապարակվել է bioRxiv կայքում դրված ուսումնասիրության մեջ: Այդ ցուցակը կազմելու համար հարյուրավոր հետազոտողներ ձեռնամուխ են եղել կորոնավիրուսի SARS-CoV-2 կոչվող գեների յուրօրինակ այս ուսումնասիրությանը։

Դրա ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են կորոնավիրուսի 29 գեներից 26-ը, որոնք պատասխանատու են վիրուսային սպիտակուցների արտադրությունն ուղղորդելու համար,և գտել են մարդու 332 սպիտակուց, որոնց էլ թիրախավորում է կորոնավիրուսը։

Վիրուսային որոշ սպիտակուցներ թիրախավորում են ընդամենը մարդու մեկ սպիտակուց, իսկ որոշներն էլ ունակ են թիրախավորել մարդու տասնյակ բջջային սպիտակուցներ:

Հետազոտողներն ուսումնասիրել են դեղերը, որոնք կապվում են մարդու այն սպիտակուցների հետ, որոնց հենց թիրախավորում է կորոնավիրուսը՝ մուտք գործելով և այնտեղ վերարտադրվելով։ Վերջիվերջո թիմը հստակեցրել է 24 դեղամիջոց, որոնք հաստատվել են ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի վարչության կողմից՝ թվացյալ կապ չունեցող հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են քաղցկեղը, Պարկինսոնի հիվանդությունը և հիպերտոնիան:

Ցանկում ընդգրկված են այնպիսի անսպասելի դեղեր, ինչպիսիք են հալոպերիդոլը, որը կիրառվում է շիզոֆրենիայի համար, և մետֆորմինը՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի համար։

Ցուցակում է նաև քլորոքինը, որն սպանում է մալարիա առաջացնող միաբջիջ մակաբույծին։ Քլորոքինը անցած շաբաթ լայն շրջանառվեց լրատվամիջոցներում՝ շնորհիվ կորոնավիրուսի դեմ դրա օգտագործման մասին քննարկումների, որոնցից մի քանիսի մասին հիշատակեց ԱՄՆ նախագահ Թրամփը ուրբաթ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում:

ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Էնթոնի Ֆաուչին, սակայն, նախագահի խոսքին հաջորդիվ նախազգուշացրել է, որ գոյություն ունեն քլորոքինի արդյունավետության զուտ «մակերեսային ապացույցներ»։ Ըստ դոկտոր Ֆաուչիի՝ միայն մանրակրկիտ ու լայնատարած փորձարկումները կարող են պարզել, թե արդյոք քլորոքինն անվտանգ և արդյունավետ է կորոնավիրուսի դեմ:

Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանի կենսաբան Նևան Կրոգանը, որը ղեկավարել է նոր ուսումնասիրությունը, նախազգուշացրել է, որ քլորոքինը կարող է ունենալ կողմնակի բազմաթիվ ազդեցություններ, քանի որ այն, ըստ երևույթին, թիրախավորում է մարդու բջջային սպիտակուցներից շատերը:

«Պետք է զգույշ լինել։ Ցանկացած մակարդակում մեզ անհրաժեշտ են ավելի շատ տվյալներ» – ասել է Կրոգանը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ Scientists Identify 69 Drugs to Test Against the Coronavirus

Մեկնաբանել