Կորոնավիրուսի գլոբալ համաճարակը շոկային ազդեցություն է ունեցել գրեթե բոլոր պետությունների վրա՝ հանգեցնելով խորացող ճգնաժամի և հարվածելով տնտեսության բազմաթիվ ոլորտների։
«Կորոնաճգնաժամը», սակայն, որոշ բիզնեսների համար հնարավորությունների լայն դաշտ է բացել: Դրանցից են, օրինակ, ախտահանիչ միջոցներ, զուգարանի թուղթ ու բժշկական դիմակներ արտադրող ընկերությունները, կարանտինում գտնվող մարդկանց կյանքը հետաքրքրացնող տարաբնույթ առցանց ծառայությունները, առաքման ծառայությունները:
Բժշկական դիմակներ ու ախտահանիչ միջոցներ
Հայաստանը, շատ այլ պետությունների նման, կորոնավիրուսի գլոբալ համաճարակի առաջին օրերին պահանջարկի շեշտակի աճի պատճառով բախվեց շուկայում բժշկական դիմակների ու ախտահանիչ միջոցների պակասի խնդրին: Երկու ամիս առաջ 30 դրամ արժեցող բժշկական դիմակները բազմապատիկ թանկացան:
Սա պայմանավորված էր երկու հանգամանքով․ դիմակների աննախադեպ պահանջարկ և առաջարկի ընդհատում: Աշխարհում բժշկական դիմակների կեսից ավելին արտադրվում է Չինաստանում, որտեղից առաքումներն ընդհատվեցին։
Հայաստանում հայտնվեցին գործարարներ, որ սկսեցին արտադրել բժշկական դիմակներ: Այժմ դրանց գինը շուկայում տատանվում է 200-300 դրամի սահմաններում:
Իրավիճակը մի փոքք այլ է ախտահանիչ միջոցների պարագայում: Անգամ խուճապային գնումները չհանգեցրին այդ ապրանքատեսակի գների կտրուկ տատանումների, սակայն շուկայում շատ արագ հայտնվեցին նոր արտադրողներ, որոնց արտդրանքի վրա, ինչպես հայտնում է Հետքը, նշված չէ նույնիսկ ախտահանիչ նյութի բաղադրությունը։ Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, օրական արտադրվում են 6-7 տոննա ախտահանիչ նյութեր:
Ախտահանիչ միջոցներ արտադրող ընկերություններից մեկի աշխատակիցը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց, որ վերջին մեկ ամսում աճել են իրենց վաճառքի ծավալները: Ոլորտի ընկերությունները մի քանի օր անգամ սպիրտի պակասորդ են ունեցել։ Խնդիրը լուծվել է կառավարության միջամտությամբ: «Մեր ընկերության սեփականատերն այս պահին աշխարհի ամենաբարի ու երջանիկ մարդն է»,- կատակեց նա:
Ախտահանիչ միջոցների առցանց վաճառքով զբաղվող maqur.am կայքի աշխատակիցը ՍիվիլՆեթի հետ զրույցում փաստեց, որ այս օրերին կտրուկ աճել է հենց «ալկոգելի» օնլայն պատվերների քանակը: «Կարելի է ասել, հիմա միայն այդ արտադրատեսակն ենք վաճառում»,- ասաց ընկերության աշխատակիցը:
Սննդի առաքման ծառայություններ
Ի հեճուկս սպասումների, սննդի առաքմամբ զբաղվող երկու ընկերությունները՝ menu.am-ը և sovats.am-ը, պնդում են, որ իրենց ոլորտում պատվերների էական աճ չի գրանցվել:
Հայաստանից բացի՝ Վրաստանում, Ուկրաինայում ու Բելառուսում գործունեություն ծավալող Мenu Group ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը պնդում է, որ Հայաստանում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում պատվերների ծավալներն անգամ կրճատվել են: «Մարդիկ սնվում են տանը և օգտագործում այն պաշարները, որ ձեռք են բերել ու բերում մթերային խանութներում: Կոնկրետ մեզ մոտ կտրուկ կրճատվել են «լանչի» պատվերները: Հույս ունենք՝ կուտակած պաշարների սպառումից հետո մարդիկ կսկսեն գոնե մեկ-մեկ աջարական խաչապուրի պատվիրել կեսօրին»,- ասաց Քերոբյանը։ Նրա խոսքով՝ կրճատվել են պատվերները նաև Վրաստանում:
Իրավիճակը դրականորեն տարբերվում է Ուկրաինայում և Բելառուսում: «Պատճառն այն է, որ Հայաստանում ու Վրաստանում անորոշությունը սահմանափակումների տեսանկյունից բավականին մեծ է։ Մարդիկ անորոշության պայմաններում անցել են խնայողության ռեժիմի: Իսկ Բելառուսում ու Ուկրաինայում ավելի հստակ է: Այնտեղ մեր պատվերներն աճել են»,- ասաց Քերոբյանը՝ նշելով, որ համաճարակով պայմանվորված՝ իրենց ընկերությունը անցել է մեծամասամբ հեռավար աշխատանքային ռեժիմի:
Ընկերությունն ապագայում մտադիր է շարունակել այս պրակտիկան, հրաժարվելու է գրասենյակիային որոշակի տարածքներից: «Մեր աշխատակիցներն ուրախ կլինեն, եթե աշխատեն հեռավորության վրա՝ Ուբերի սկզբունքով, ու չհաճախեն գրասենյակ, եթե անգամ նրանց աշխատավարձը կրճատենք 20 տոկոսով: Ավելին, ապագայում ծրագրում ենք բազմազան դարձնել առաքման մեր ապրանքատեսակները: Կարելի է ասել՝ փորձելու ենք «Հայաստանի Ամազոնը» դառնալ»,- ասաց նա՝ նշելով, որ ընկերությունն այս հետևություններն է արել կորոնավիրուսի հարուցած տնտեսական ճգնաժամից:
Չեն ավելացել սննդի առաքման պատվերները նաև Sovats.am ընկերությունում: «Մեզ մոտ գրեթե տարբերություն չկա պատվերների ծավալի մասով: Ինչպես աշխատել ենք մինչ ճգնաժամը, այնպես էլ շարունակում ենք աշխատել հիմա»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ընկերության ներկայացուցիչ Նարեկը:
Առցանց զվարճանքներ և խանութներ
Համաճարակի սկզբից միջազգային բորսաների անկման պայմաններում Netflix և Amazon ընկերություններն այն եզակիներից են, որոնց դիրքերը կայուն են: Կարանտիում գտնվող մարդիկ աշխարհով մեկ սկսել են բաժանորդագրվել առցանց կինոթատրոնի բովանդակությանն ու պատվիրել ապանքներ առցանց խանութներից: Reuters-ի տվյալներով՝ Amazon-ը, աճող պահանջարկը բավարարելու համար, նախատեսում է ավելացնել աշխատակիցների քանակն ու բարձրացնել վարորդների աշխատավարձերը:
Հայաստանում այս ընթացքում աճել է առցանց մթերային խանութների պահանջարկը: Դրանցից է Supermarket.am-ը: «Երևան սիթի» ընկերությունում ևս ակիվ աշխատում են, որպեսզի արդեն ամռան սկզբին լուրջ ներկայություն ունենան առցանց հարթակներում:
Կարանտինում գտնվող քաղաքացիների ուշադրության սեփական մասնաբաժինը փորձեցին ստանալ նաև մեծահասակների համար նախատեսված կայքերը: 18+ ֆիլմեր արտադրող PornHub ընկերությունը Ֆրասիայում ու Իտալիայում կարանտինի հայտարարումից հետո ազդարարել է այդ պետությունների բնակիչներին իր «պրեմիում բովանդակությանն» անվճար հասանելիություն ապահովելու մասին:
Դրա հետ մեկտեղ, աշխարհի ամենամեծ պոռնո կայքը լայնորեն գովազդել է իր «դուստր» Modelhub կայքը՝ խոստանալով հասույթի մի մասը փոխանցել համաճարակի դեմ պայքրին:
Զուգարանի թուղթ
Եթե համաճարակի բռնկման սկզբում դեղատները բախվեցին բժշկական դիմակների ու ախտահանիչ միջոցների պակասորդի, ապա խուճապային գնումների արդյունքում դատարկվեցին մեծ ու փոքր խանութների՝ զուգարանի թղթերի համար նախատեսված ցուցափեղկերը: Անտրամաբանական ծավալի գնումներ կատարվեցին:
Օրեր առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ մի քաղաքացի գնել է 108 հատ զուգարանի թուղթ:
Համացանցում զուգարանի թղթերով լի սալյակների բազմաթիվ լուսանկարներ էին տարածվում: Շատերն անգամ կատակում էին, որ զուգարանի թուղթ արտադրող շվեդական Zewa ընկերությունն այնքան է հարստացել, որ գնել է Apple ապրանքանիշը:
Ամեն դեպքում, խուճապային այս գնումների պատկերին, օրինակ, Ֆրանսիայում նույն Zewa ապրանքանիշի զուգարանի թղթի պահանջարկն աճել է 22 տոկոսով: Ֆրանսիաում այդ ընկերություն գործարանը սկսել է աշխատել 24-ժամյա ռեժիմով՝ առանց ազատ օրերի: Օրական արտադրում է շուրջ 2 միլիոն հատ զուգարանի թուղթ:
Արշալույս Մղդեսյան