Կորոնավիրուսի կողմնակի հետևանքը լինելու է ազգայնականության աճը 

Financial Times-ի գլխավոր սյունակագիր Գիդեոն Ռախմանը (Gideon Rachman) իր խմբագրական հոդվածում գրում է, որ համավարակի կողմնակի հետևանքներից մեկը լինելու է ազգայնականության աճը։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Քենիչի Օմեյի (Kenichi Ohmae) «Առանց սահմանների աշխարհի մարտահրավերներն ու հնարավորությունները» գիրքը, որ լույս տեսավ 1990-ին՝ Բեռլինի պատի անկումից մեկ տարի անց, դասվեց գլոբալիզացիայի դարաշրջանի դասական տեքստերի շարքում: Բայց սահմանները, կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակում, այժմ վերադառնում են վրեժխնդրության:

Երբ անցնի համաճարակը, ճանապարհորդության վրա դրված առավել ծայրահեղ արգելքները կվերանան: Սակայն քիչ հավանական է, որ ամբողջությամբ վերականգնվի գլոբալիզացված աշխարհն այն տեսքով, ինչպիսին գոյություն ուներ մինչ Covid-19-ը: Վերադառնում է ազգ-պետությունը՝ թափ հավաքելով արտակարգ այս ճգնաժամից։

Դա տեղի է ունենում երեք հիմնական պատճառով:

Նախ, համաճարակը ցույց է տալիս, որ արտակարգ իրավիճակների ժամանակ մարդիկ ապավինում են ազգ-պետությանը, որն ունի ֆինանսական, կազմակերպչական և հուզական ուժեղ կողմեր, որոնք չունեն գլոբալ հաստատությունները:

Երկրորդ, հիվանդությունը բացահայտում է գլոբալ մատակարարումների ցանցերի խոցելիությունը: Դժվար է հավատալ, որ խոշոր, զարգացած երկրները կշարունակեն ընդունելի համարել իրավիճակը, երբ իրենց համար կենսական նշանակության բժշկական մատակարարումների մեծ մասը պետք է լինի ներկրմամբ։

Ի վերջո, համաճարակն ամրապնդում է քաղաքական այն միտումները, որոնք արդեն իսկ զգալի էին դեռ մինչև ճգնաժամը, մասնավորապես` ավելի շատ պրոտեկցիոնիզմի, արտադրության տեղայնացման և սահմանների ավելի խիստ վերահսկման պահանջների տեսքով:

Ստեղծված իրավիճակում որոշ ժամանակով սահմանային վերահսկողությունը խստացնելը տրամաբանական է: Եվ եթե դա ազգ-պետություն չափի սահմաններում է, ապա դա վատ չէ: Դա պարզապես քաղաքական կուրսի շտկում է, որը տեղի է ունենում ժողովրդավարություններում՝ ի պատասխան իրադարձությունների և հասարակական տրամադրության փոփոխությունների: Բայց վտանգն այն է, որ ազգ-պետության վերածնունդը կարող է վերածվել անվերահսկելի ազգայնականության՝ հանգեցնելով համաշխարհային առևտրի անկման և միջազգային համագործակցության նվազեցման: Ամենավատ սցենարները կարող են լինել ԵՄ-ի փլուզումը և ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունների խզումը, ինչի գագաթնակետը, ենթադրաբար, կարող է դառնալ պատերազմը։

Վերադարձը դեպի ազգ-պետություն հատկապես ցայտուն է Եվրոպայում, քանի որ ԵՄ-ն մարմնավորում էր ազգային պետությունից ամենահեռուն գնացած կազմակերպությունը։ Երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ազգին արտակարգ ուղերձ հղեց, որևէ անգամ չհիշատակեց ԵՄ-ն: Ըստ էության անհետացած սահմանային անցակետերը, օրինակ, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև, հանկարծ վերականգնվել են: Բիզնեսի և գործազուրկ մնացած աշխատողների համար ֆինանսական օգնությունը հիմնականում գալիս է Եվրոպայի երկրներից, ոչ թե ԵՄ-ից: Քաղաքական հայտնի գործիչները Լեհաստանում, Իտալիայում և Իսպանիայում քննադատում են ԵՄ-ին՝ համերաշխության իր խոստումը կատարել չկարողանալու համար:

Հաշվի առնելով ԵՄ-ի և եվրոպական պետությունների բյուջեների հարաբերական չափերը՝ անխուսափելիորեն հենց կառավարություններն են իրենց վրա վերցնելու ֆինանսական ճգնաժամի հաղթահարման բեռի մեծ մասը։ Առաջիկա օրերին ԵՄ-ն կփորձի հանդես գալ համաեվրոպական հարկաբյուջետային խոշոր միջոցառումներով: Բայց ճգնաժամի խորանալու և ֆինանսական ու առողջապահական ռեսուրսների նվազելուն զուգընթաց եվրոպական համերաշխության վրա ճնշումները կաճեն:

Առավել ակնհայտ է համաճարակի արդյունքում ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև խորացած հակակրանքը։ Դոնալդ Թրամփի՝ Covid-19-ը «չինական վիրուս» անվանելու որոշումը բնորոշ է ԱՄՆ-ի նախագահի պիտակներ կպցող, մեղադրանքից խուսափող քաղաքական ոճին: Բայց դա նաև արձագանք էր չինական պաշտոնյաների կողմից այն ենթադրությանը, որ վիրուսի աղբյուրը Ամերիկայից է: Քաղաքական փորձառու մեկնաբան Բիլ Բիշոփն ասել է, որ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում վերջին 40 տարիներին նման վտանգավոր իրավիճակ չի հիշում:

Համաճարակը Թրամփի վարչակազմում ամրապնդում է նաև նրանց դիրքերը, ովքեր վաղուց ցանկանում էին ապամոնտաժել միջազգային մատակարարման ցանցերը և արտադրությունը վերադարձնել ԱՄՆ։ Օրինակ, Պիտեր Նավարոն պնդում է, թե «վիրուսը ցույց տվեց, որ առողջապահական գլոբալ արտակարգ իրավիճակներում ԱՄՆ-ը միայնակ է»: Անշուշտ, ակնհայտ է, որ ԱՄՆ-ի համար այլևս հավանաբար երբեք ընդունելի չի լինի իրավիճակը, երբ բոլոր հակաբիոտիկների 97 տոկոսը ներմուծվում է Չինաստանից։

Նմանատիպ նկատառումները տարածվում են դեղորայքից և ԱՄՆ-Չինաստան հարաբերություններից անդին: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ, Մեծ Բրիտանիայի կառավարության խորհրդականներից մեկն (Brexit-ի համատեքստում) ասում էր, որ Բրիտանիան կարիք չունի ինքն արտադրել սեփական սպառման համար սննդամթերքը։ Բայց ինչպես պետությունները, այնպես էլ անհատները, որոնք ստիպված ինքնամեկուսացվել են, չեն կարող երանելիորեն ենթադրել, որ առաջին անհրաժեշտության ապրանքները միշտ էլ կարող են ներմուծվել արտերկրից:

Համաճարակից հետո գլոբալիզացիայի դեմ առաջին հարվածները կգան պրոտեկցիոնիստներից ու ազգային անվտանգության բազեներից: Սակայն դա թափ կհավաքի, երբ միավորվի քաղաքական այլ հոսանքների հետ, որոնք, ի դեպ, թափ էին հավաքում, երբ դեռ ոչ ոք չէր էլ լսել Covid-19-ի մասին:

Ձախական հատվածում բնապահպանական շարժումն արդեն իսկ պիտակավորում էր օդային ճանապարհորդությունը և պահանջում, որ տեղայնացումը պետք է հետ մղի գլոբալիզացիային:

Աջական հատվածում՝ ավելի ու ավելի էր բարձրաձայնվում փախստականներին և անօրինական ներգաղթյալներին հեռու պահելու նպատակով պատերի կառուցման մասին։

Բայց մինչ հակագլոբալիստները, ամենայն հավանականությամբ, համաճարակի հետևանքներից հետո կունենան որոշակի առավելություն, իրականում նրանք չունեն լավագույն լուծումները: Ընդհակառակը, համաճարակը տիպիկ գլոբալ խնդիր է, որը, վերջիվերջո, պահանջում է միջազգային կառավարման որոշակի ձև: Համաշխարհային տնտեսությունը վերակենդանացնել դժվար կլինի, եթե երկրները շարժվեն դեպի ինքնավարություն:

Երկրներից ներս ոչ ոք չի սիրում, երբ մարդիկ սրբում են խանութներում զուգարանի թղթի ու կաթնամթերքի դարակաշարերը։ Բայց ի՞նչ կպատահի, երբ ամբողջական երկրներ իրենց սկսեն այդպես պահել։ Միգուցե դա տեսնելուն էլ մոտ լինենք:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ Nationalism is a side effect of coronavirus

Մեկնաբանել