Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԱԱԾ

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Երևան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնները զբաղեցրած անձը, չարաշահել է պաշտոնական դիրքն ու յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝ 233 470 000 դրամ արժողությամբ: Խոսքը Երևանի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզի մասին է:

ԱԱԾ-ն չի նշում տվյալ պաշտոնյանի անունը, բայց դատելով մամուլում առկա հրապարակումներից և հաղորդագրությունում՝ նրա պաշտոնավարման վերաբերյալ զետեղված տվյալներից, խոսքը Երևանի Կենտրոն համայնքի նախկին թաղապետ (2008 թվական), մայրաքաղաքի նախկին քաղաքապետ (2009 թվական) Գագիկ Բեգլարյանի մասին է:

ԱԱԾ-ից հայտնում են, որ տվյալ հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով՝ նա պաշտոնեական «կեղծիք կատարելու միջոցով, ավագանու ապօրինի որոշման հիման վրա 2008թ. դեկտեմբերի 25-ին ապահովել է մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթացը»:

Այնուհետև 2009թ. մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, իր որոշմամբ փոփոխել է 228,3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։

«Դրանից հետո, նշված անշարժ գույքը ակնհայտ անհամարժեք հատուցմամբ՝ ընդամենը 23 120 000 ՀՀ դրամով, օտարվել է, իսկ 2011թ. փետրվարի 2-ին առուվաճառքի պայմանագրով 24 000 000 ՀՀ դրամով գրանցվել է հիշյալ պաշտոնյայի հոր անվամբ: Այնուհետև, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերագրանցվել է որպես որդու սեփականություն», – ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Կատարվածի արդյունքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, համաձայն ԱԱԾ-ի տվյալների, յուրացման եղանակով հափշտակել է ՀՀ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 233 470 000 դրամ արժողությամբ անշարժ գույքը:

«…Հիշյալ պաշտոնյան ներգրավվել է որպես մեղադրյալ և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա լքել է Հայաստանի տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը», – ասված է հաղորդագրության մեջ։

Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ միևնույն ժամանակ ձեռք են բերվել նաև տվյալներ 27 անշարժ գույքեր նույն եղանակով օտարելու և յուրացնելու վերաբերյալ։

«Ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մեղադրյալին հայտնաբերելու, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ», – ասված է հաղորդագրության մեջ:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել