Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ»-ի լիցենզիան

Հայաստանի Կնտրոնական բանկի խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան` ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:

Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ, այն է՝ ավանդներ:

Համաձայն ԿԲ հաղոդագրության՝ վերահսկողության ընթացքում պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից 2019թ. դեկտեմբեր – 2020թ. հունվար ամիսներին Կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի մասով արտացոլվել են անարժանահավատ տվյալներ։

«Պարզելու նպատակով ՀՀ ԿԲ վերահսկողության ստորաբաժանման կողմից լրացուցիչ՝ մանրամասն, տեղեկատվություն է պահանջվել հաշվետվություններում առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ: Ուսումնասիրելով և համակողմանի վերլուծելով ներակայացված տեղեկությունները՝ գնահատելով կազմակերպության ռիսկերը պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից խախտվել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը, որը հանգեցրել է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «բ» և «ե» պարբերությունների խախտմանը», – ասված է հաղորդագրության մեջ

Հաշվի առնելով վերոնշյալը, սույն թվականի փետրվարի 25-ին կազմված արձանագրությամբ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ սկսվել է պատժամիջոցի կիրառման վարչական վարույթ:

Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:

Մեկնաբանել