Ռուսաստանի առողջապահության նախկին նախարարը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետեր

Հայաստանի արդյունաբերական ամենախոշոր ընկերությունում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բաժնետերերի նոր փոփոխություններ են կատարվել։ Սիվիլնեթը պարզել է, որ Հայաստանի արդյունաբերական հսկայի բաժնետոմսերի 12,5 տոկոսն անցել է Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար, Ուկրաինայում ՌԴ նախկին դեսպան Միխայիլ Զուրաբովին։

Անցյալ տարվա նոյեմբերի 1-ին ՍիվիլՆեթը հետաքննական հոդված էր հրապարակել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի փոփոխությունների վերաբերյալ։ Ըստ հրապարակման՝ կոմբինատից Մաքսիմ Հակոբյանին և նրա որդիներին պատկանող բաժնեմասերն անցել էին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց։ ԶՊՄԿ-ի բաժնետերերի շղթայում գործում էր Walnort Finance Limited անունով ընկերությունը, որը կոմբինատի բաժնետերերի ցանկում հայտնվել էր 2018-ից։ Ընկերության միակ մասնակիցը շվեյցարացի Ժան Ժակ Լուի Փոլ Բաֆեն էր, որի մասին համացանցում տեղեկություններ առկա չէին, նա չէր պատասխանել ՍիվիլՆեթի հարցումներին, և հիմքեր կային կասկածելու, որ վերջինս պարզապես proxy person է՝ իրավաբանական ծառայություններ մատուցող ու ընկերություններ գրանցող անձ։

Նոյեմբերին, երբ կոմբինատը լրագրողական շրջայց և ասուլիս էր կազմակերպել, լրագրողներից մեկը ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Թոմաս Հայլին հարցրեց՝ արդյոք ճանաչում է Բաֆեին կամ շփվել է նրա հետ։ Հայլը բացասական պատասխան տվեց։

Կիպրական ընկերությունների ռեգիստրից ՍիվիլՆեթի ձեռք բերած փաստաթղթերից պարզ է դառնում, որ փետրվարի 3-ին Ժան Ժակ Բաֆեն ընկերության՝ Walnort Finance Limited-ի բաժնետոմսերն օտարել է ռուս քաղաքական գործիչ Միխայիլ Զուրաբովին, որը ներկայում տնօրինում է կոմբինատի 12,5 տոկոս բաժնեմասը։ Գործարքի ընթացքում Զուրաբովը հանդես է եկել որպես բիզնեսմեն։

Ո՞վ է Միխայիլ Զուրաբովը

Միխայիլ Զուրաբովը Ռուսաստանի քաղաքական համակարգի հայտնի դեմքերից է։ 1998-1999 թվականներին նա եղել է ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի խորհրդականը՝ սոցիալական հարցերի գծով, ապա նշանակվել է կենսաթոշակային ֆոնդի ղեկավար։ Հայտնի է սոցիալական ոլորտում բարեփոխումների իր փորձերով։ 2004-ից Զուրաբովը դարձել է Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարար, ապա եղել է նախագահ Դմիտրի Մեդվեդևի խորհրդականը, իսկ հետագայում վերջինիս հրամանագրով նշանակվել Ուկրաինայում ՌԴ դեսպան` այդ պաշտոնում մնալով մինչ 2016-ը։ Ուկրաինայում ՌԴ դեսպանի պարտականությունները կատարելու ընթացքում էր, որ տեղի ուենցավ Մայդանը, սրվեցին ռուս-ուկրաինական հարաբերությունները։

Միխայիլ Զուրաբովի եղբայրը՝ Ալեքսանդր Զուրաբովը, եղել է «Աերոֆլոտի» գլխավոր տնօրենը, խոշոր մի շարք այլ ընկերությունների բաժնետեր է։

․․․

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակում Հայաստանն այս տարի առաջին անգամ հրապարակելու է մետաղական հանքարդյունաբերողների իրական սեփականատերերի ռեեստրը։ Ընկերությունները մինչև փետրվարի 20-ը պետք է իրենց իրական սեփականատերերի մասին հայտարարագիր ներկայացնեին արդարադատության նախարարություն։ ԶՊՄԿ-ում բաժնետերերի այս փոփոխությունը պետք է ներառված լինի նշված հայտարարագրում։ ՍիվիլՆեթի տրամադրության տակ հայտնված տվյալների համաձայն՝ բաժնետիրական վերջին փոփոխությունները կոմբինատը չի արձանագրել իր հայտարարագրում։ Կոմբինատի կայքում ներկայացված բաժնետերերի շղթայում վերջին նորությունները ևս բացակայում են։

Ներկայում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետոմսերի 75 տոկոսը պատկանում է գերմանական «Քրոնիմետ» ընկերությունների խմբին, 12,5 տոկոսը՝ «Մուն մեթալս» ընկերությանը, որի բաժնետերը Walnort Finance Limited-ն է, որի բաժնետերն իր հերթին Միխայիլ Զուրաբովն է։ Ըստ ԶՊՄԿ կայքի՝ մյուս 12,5 տոկոսը պատկանում է «ԱՄՓ հոլդինգ»-ին, որի բաժնետերերն են կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովը, նրա տեղակալ Նարեկ Ամբարյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանը։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել