Կան ոլորտներ, որ այժմ շատ էլ լավ աշխատում են. Նիկոլ Փաշինյան

Արտակարգ դրության սահմանափակումներից տուժող և որևէ տեղ չգրանցված օրավարձով աշխատողներին աջակցելու հարցում կառավարությունը խնդիր ունի: Այս մասին Ազգային ժողովում մարտի 25-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ այդ մարդիկ տարիներ շարունակ ստվերում են եղել, և գործադիրը նրանց «չի տեսնում»՝ նույնականացնելու, իսկ հետո աջակցելու համար:

Մեծամասամբ ստվերում օրավարձով աշխատողների խնդրի մասին, որոնք արտակարգ դրության ժամանակ կանգնել են լուրջ դժվարությունների առաջ, բարձրաձայնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա հայտնեց, որ Հայաստանում առկա է 626 000 վարձու աշխատող, գումարած 400 000 «մեր գյուղաբնակ աշխատող համաքաղաքացիները»:

Նշված 626 000-ից 203 000-ը պետական համակարգի աշխատողներ են, որոնք պետության կողմից վճարվում են` անկախ աշխատանքի գնալուց, հեռավար աշխատելուց, նրանք ինչ-որ չափով ապահովված են:

«Մնացած շուրջ 400 000-ը մասնավոր ընկերություններում աշխատողներն են: Նրանց մեծ մասն, այսպես կոչված, օրավարձով աշխատողներն են՝ տաքսու վարորդներ, բանվորներ, վաճառողներ և այլն: Նրանք այժմ ամենախոցելի վիճակում են»,- ասաց վարչապետը՝ հարցնելով՝ ինչպես աջակցել այդ մարդկանց:

Փաշինյանն ասաց, թե «Հայաստանում օրավաձով աշխատող մարդ» հասկացություն գոյություն չունի:

«Կա գրանցված աշխատող, որ հարկ է վճարում, կա չգրանցված, ստվերում աշխատող: Ընդ որում, պարտականություն է, որ աշխատանքը և եկամուտը պետք է գրանցվի: Այսօր նրանք, ովքեր գրանցված աշխատող են, կզգան իրենց կարգավիճակի առավելությունը: Մենք այդ մարդկանց օգնելու մեխանիզմներ ենք մշակում, և այդ մարդկանց կարողանում ենք գտնել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետությունը տեսում է, թե այդ մարդիկ որտեղ են աշխատում, վերջին մեկ տարում որքան աշխատավարձ են ստացել, որքան եկամտից են զրկվել, և կառավարությունը որքան պետք է օգնի նրանց սոցիալական վիճակը ճգնաժամի պայմաններում կառավարելի դարձնելու համար:

Ստվերում աշխատող քաղաքացիները, որ ժամանակին արհամարհել են եկամուտները հայտարարագրելու կառավարության կոչերը, Փաշինյանի խոսքով, նույնականացման խնդիր են ունենալու:

«Բայց նրանք մեր քաղաքացիներն են, և պարտավոր ենք իրենց ևս աջակցել: Մեր կանխավարկածը հետևյալն է․ քանի որ իրենք սոցիալապես ոչ ապահոված շերտերում են, մեր տվյալներում որևէ տեղ պետք է արտացոլված լինեն: Հնարավոր է լինեն «Փարոս» համակարգում: Կամ այն քաղաքացիներն են, որ դիմել են վերջին չորս-հինգ մասում այդ համակարգում ընդգրկվելու համար, բայց դեռևս չեն ընդգրկվել: Երրորդ հնարավոր սեգմենտն այն է, որ գրանցված լինեն որպես գործազրուկ: Մենք իրենց պատրաստ ենք օգնել, բայց գտնելու ու նույնականացնելու խնդիր ունենք, քանի որ ժամանակին, երբ աշխատել ու եկամուտ են ստացել, չեն հայտարարգրել իրենց եկամուտները և հարկեր չեն վճարել»,- ասաց Փաշինյանը:

Ըստ այդմ, վարչապետը հայտարարեց՝ օրինապահ քաղաքացի լինելը մի կարգավիճակ է, որն անհրաժեշտ է բոլոր դեպքերում:

Կառավարությունը բիզնեսին աջակցելու համար ներկայացրել է 25 մլրդ դրամի հասնող փաթեթ: Միջոցները հասցեատերերին պետք է հասնեն բանկերի միջոցով, որոնց տոկոսադրույքները մեծամասամբ կզրոյացվեն կառավարության համաֆինանսավորմամբ: «Հայաստանում գործում է 67 000 ՓՄՁ, իսկ եթե դրանք բոլորը միանգամից դիմեն աջակցության համար, պеտությունը կհասցնի՞ շատ արագ նրանց աջակցել: Еթե բոլոր 67 000-ի համար 25 մլրդ առաջարկվող գումարը շատ քիչ է: Յուրաքանչյուրին կարող է հասել շուրջ 700 դոլար»,- հարց բարձրացրեց Մելքումյանը:

Ի պատասխան՝ վարչապետը նշեց, որ ՓՄՁ-ներ կլինեն, որ աջակցության կարիք չեն ունենա, քանի որ այժմ ոլորտներ կան, որ «շատ էլ լավ աշխատում են»:

«Որքան էլ աշխատատեղեր կրճատվում են, բայց մարտի 13-ից 24-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 4 000 քաղաքացի ընդունվել է աշխատանքի: Շուկայում վերադասավորումներ են տեղի ունենում: Ինչ վերաբերում է վարչարարությանը, ապա ասեմ՝ նաև այդ պատճառով է, որ մենք բանկերին ենք ներգրավվում: Կառավարությունն ավելի դանդաղաշարժ է, պետական մարմինը մեկն է, իսկ բանկերը՝ 17-ը: Մենք համաֆինանսավորում ենք տոկոսադրույքները, սրանով նաև քաջալեում ենք բանկերին արագ վարչարարություն իրականացնել, քանի որ բանկերը ևս գործելու շահագրգռվածութուն ունեն: Հնարավորինս արագ ենք կազմակերպելու այս գործընթացը», – ասաց Փաշինյանը:

#CivilNet #News

Մեկնաբանել