Ինչ նոր լուծում կգտնվի Արցախին ամերիկյան 20-ամյա աջակցությանը՝ կտեսնենք առաջիկայում․ Արսեն Խառատյան

Թբիլիսիի «Ալիք մեդիա» տեղեկատվական հարթակի հիմնադիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության հարցին։ Խառատյանը նկատում է, որ գործընկերներից ոմանք գուժում ու որպես կառավարության «մեծագույն բացթողում» են որակում Արցախում ամերիկյան ֆինանսավորմամբ ականազերծման ծրագրերի հնարավոր դադարեցումը, ուստի հարկ է համարում ներկայացրել պարզաբանումներ։

«Այս օրերին բոլորս ակնհայտորեն կենտրոնացած ենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի ու լրատվության շուրջ, սակայն որոշ գործընկերների աչքից չի վրիպել ԱՄՆ-ի կողմից շուրջ 2 տասնամյակ Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության վերաբերյալ քննարկումները: Գործընկերներից ոմանք «գրում», «գուժում» ու որպես մեր կառավարության «մեծագույն բացթողում» են որակում Արցախում ամերիկյան ֆինանսավորմամբ ականազերծման ծրագրերի հնարավոր դադարեցումը, ուստի հարկ եմ համարում մի քանի պարզաբանում ներկայացնել խնդրի շուրջ.

Նախ ներկայացնեմ ԱՄՆ-ի կողմից Արցախին 1998 թ-ից տրամադրված մարդասիրական օգնության նախապատմությունը: Նման որոշում առաջին անգամ կայացվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի մեր երկարամյա բարեկամ Բրեդ Շերմանի հսկայական ջանքերի շնորհիվ 1997-ին: Այդ օրերին, երբ Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու օրինագիծ էր առաջարկվում Կոնգրեսում, Քլինթոնի վարչակազմը պետքարտուղարության միջոցով ամենատարբեր ճնշումներն էր բանեցնում օրենսդիրի վրա` օրինագիծը տապալելու նպատակով: Այսուհանդերձ, ԱՄՆ-ում գործող մեր լոբբիստական խմբերի ու ՀՀ դեսպանության տևական ու հետևողական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ անցկացնել Ղարաբաղին տրամադրվող աջակցության առաջին որոշումը:

Հարկ է նշել, որ ամերիկյան արտաքին աջակցությունը հատկապես ԱՄՆ-ի կողմից չճանաչված պետություններին չափազանց բարդ, եթե չասենք անհնարինին մոտ գործընթաց է: Նաև պետք է հաշվի առնել, որ բացի ամերիկյան գործադիր և օրենսդիր մարմինների հակասությունից, Ադրբեջանն ու Թուրքիան ջանք չեն խնայել գործընթացը խաթարելու տեսանկյունից: Ադրբեջանցիները մասնավորապես պնդում էին, թե, եթե այդպիսի օգնություն լինելու է, ապա այն պետք է իրականացվի Բաքվի միջոցով, ինչը իհարկե ծիծաղելի է, սակայն այս փաստարկը Վաշինգտոնի որոշ շրջանակներ ևս օգտագործել են:

Ավելին, անգամ օրենսդիրում միշտ չէ, որ ամեն ինչ խաղաղ է ընթացել: Այսպես, կախված նրանից, թե օրինակ Կոնգրեսի և Սենատի համապատասխան հանձնաժողովն ով է ղեկավարել, աջակցության տրամադրումը կամ շատ բարդ է եղել, կամ նվազեցվել է: Այստեղ կարևոր է նշել, որ սկսած 1998-ից՝ գրեթե ամեն տարի, Քլինթոնի, Բուշի, Օբամայի և հիմա էլ Թրամփի օրոք, ամերիկյան գործադիրը պարբերաբար դեմ է հանդես եկել Արցախին տրամադրվող աջակցությանը` շարունակաբար փորձելով կանգնեցնել այն:

Վերադառնալով բուն աջակցության հարցին: Վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրված հումանիտար աջակցության միջոցով տարբեր ծրագրեր են իրականացվել: Ի սկզբանե այս ծրագրի շրջանակներում առողջապահական սարքավորումներ են տրամադրվել, հետո խմելու ջուր ապահովելու խնդիր է դրվել, իսկ վերջին տարիներին աջակցությունը եղել է ականազերծման ոլորտում` «Հելո Թրասթ» կազմակերպության միջոցով:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ԱՄՆ-ի վարչակազմի կողմից շարունակվում են ճնշումներ բանեցվել օրենսդիրի վրա Արցախին տրամադրվող աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ջանք չեն խնայում նաև ադրբեջանցիներն ու թուրքերը, այս նպատակին հասնելու համար: Ցավոք, կարծես որոշ նորելուկ ընդդիմադիրներ ևս անթաքույց չարախնդում ու այս` դեռևս իրականություն չդարձած գործընթացը փորձում են ներկայացնել որպես Փաշինյանի կառավարության ձախողում, սակայն պետք է հիասթափեցնեմ գործընկերներին։

Այսպես, ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից դեռևս ավարտված չէ 2021 թվականի արտաքին աջակցության, այդ թվում` մարդասիրական օգնության վերաբերյալ քննարկումները: Արցախին օգնությունը կանխելու ուղղությամբ «աշխատողներ»-ն իհարկե փորձում են կորոնավիրուսի այս ճգնաժամային փուլում իրենց օրակարգն առաջ մղել, սակայն Վաշինգտոնում մեր լոբբիստական խմբերը, ՀՀ դեսպանությունն ու Արցախի ներկայացուցչությունը ևս քնած չեն: Ամերիկյան օրենսդիրի մեր գործընկերների հետ ամենօրյա ռեժիմով աշխատանք է տարվում և թե ինչպիսի նոր լուծում կգտնվի արդեն 20 տարվա ավանդույթ ունեցող ամերիկյան աջակցությանը կտեսնենք առաջիկայում:

ԱՄՆ-ի Կոնգրեսի ու Սենատի համապատասխան հանձնաժողովներում մեր ընկերների պակաս չունենք և այս առումով ուժերը մոբիլիզացված են, իսկ ապոկալիպտիկ կանխատեսումներ անող հայաստանյան գործընկերներին չարախնդալու ու անգործության մեջ մեղադրելու փոխարեն կառաջարկեի մտածել, իսկ իրենք ի՞նչ կարող են անել, որպեսզի աջակցությունը շարունակական լինի, եթե իհարկե նպատակն ամեն գնով Նիկոլ Փաշինյանին ու գործող կառավարությանը սևացնելը չէ»,- գրել է Արսեն Խառատյանը։

Կարդացե՛ք նաև՝

Արցախին ականազերծման համար տրամադրվող ամերիկյան օգնությունը փոխարինվում է այլ ծրագրով

Մեկնաբանել