Հայաստանից Արցախ մեկնող դիտորդները կթեստավորվեն. Փաշինյան

Մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Հայաստանից մեկնող դիտորդները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն․ այս մասին կառավարության մարտի 26-ի նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նպատակը, նրա խոսքով, կորոնավիրուսի ներթափանցումն Արցախ կանխելն է:

«Մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ, և սպասվում է Հայաստանից դիտորդների մասնակցությունը: Մենք արդեն ունենք Հայաստանում կորոնավիրուսի արագ թեստեր», – ասաց վարչապետը:

Դիմելով պարետ Տիգրան Ավինյանին՝ կառավարության ղեկավարը կարևորեց դիտորդական կազմակերպությունների հետ համագործակցությունը:

«Պետք է համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք դիտորդները, այսպես ասած, ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք փոխարինել նրանց այլ դիտորդներով, ինչպես նաև մեկնումից առաջ նրանք պետք է արագ թեստերով թեստավորվեն», – ասաց նա՝ արձանագրելով, որ մինչև օրս Արցախում կորոնավիրուսով հիվանդացության դեպք չի գրանցվել:

«Այնպես անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի», – եզրափակեց Փաշինյանը:

Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին կառավարության հայտարարած դրամաշնորհային ծրագրով դիտորդական առաքելություն են իրականացնելու երկու ՀԿ-ներ: Դրանք են «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական ՀԿ-ն և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել