Առողջապահության ոլորտն այժմ ամենաճգնաժամային վիճակում է. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի հարուցած դժվարությունների պատճառով ամենաճգնաժամային վիճակում է հայտնվել առողջապահության ոլորտը․ մարտի 26-ի կառավարության նիստին՝ տնտեսության տարբեր ճյուղերին կառավարության աջակցության ծրագրերի քննարկման ժամանակ, հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Առողջապահության ոլորտը հիմա ամենաճգնաժամային վիճակում է: Տնտեսության աջակցության ծրագրերը քննարկելիս սրա մասին չպետք է մոռանանք: Խոսքը վերաբերում է թե՛ ընթացիկ ծախսերը հոգալուն, թե՛ զարգանալուն: Մեր կանխատեսումներն այնպես պետք է անենք, որ հնարավոր է՝ հիվադանոցային առկա հզորությունների կարիքը դեռ երկար ունենանք», – ասաց նա՝ հավելելով, որ պլանային վիրահատությունները և այցերը կրճատելու պատճառով ոլորտը ֆինանսական դժվարությունների առջև է կանգնելու:

«Չենք կարող թույլ տալ, որ այդ դժվարությունների պատճառով հատկապես խոշոր և խնդիր լուծող բուժհաստատությունները հայտնվեն սնանկացման վտանգի տակ», – ասաց նախարարը:

Վարչապետն ի պատասխան նշեց, որ տնտեսությանն աջակցելու ծրագրերում կա բուժհաստատությունների վերազինմանը նվիրված գլուխ․ «Այս ծրագրերից կարող են օգտվել նաև առողջապահական հիմնարկները: Որևէ սահմանափակում չկա»։

«Այսօր, աշխարհի ամենահզոր առողջապահական համակարգերն ունեցող պետությունները կանգնած են կիսակոլապսային վիճակի առաջ: Ենթադրվում է, որ կորոնավիրուսի հաղթահարորմից հետո առողջապահական համակարգերի փոփոխություններ ևս կլինեն: Սա ամենակարևոր հարցերից մեկն է», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «այս առումով բյուջեի մասին օերնքում նույնպես որոշակի փոփոխություններ պետք է ունենանք ծախսերի և եկամուտների մասով»:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել