Մասիս Մայիլյանը «ըմբռնումով կընդունի, եթե Արցախում ընտրությունները հետաձգվեն»

Արցախի նախագահի թեկնածու, արտգործնախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ ըմբռնումով կընդունի, եթե որոշվի հետաձգել Արցախում մարտի 31-ին նախատեսված ընտրությունները՝ նախագահական և խորհրդարանական։

«Նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեր քաղաքական թիմը «Նոր Արցախ» դաշինքի և դաշնակից մյուս ուժերի հետ միասին հսկայական աշխատանք է տարել արմատական բարեփոխումների մեր հայեցակարգը հանրության առավել լայն շերտերի համար հասանելի և ընկալելի դարձնելու համար։ Միանշանակ կարող ենք փաստել, որ հանրության լայն շրջանակներում ոգևորություն է նկատվում, ընտրողների զգալի մասի մոտ առկա են կամք ու վճռականություն՝ արմատական բարեփոխումների ճանապարհով Նոր Արցախի հիմքը դնելու, ինչը հավելյալ վստահություն է ներշնչում մեզ, որ մարտի 31-ին կարձանագրվի զարգացման նոր հայեցակարգի հաղթանակը։

Միևնույն ժամանակ, մեզ պատուհասած համաճարակի գնալով ահագնացող վտանգը ստիպում է նորովի գնահատել իրավիճակը և գիտակցել ընտրությունների հետ կապված բոլոր ռիսկերը։ ՀՀ-ի հետ մենք ունենք անվտանգության ընդհանուր միջավայր, ուստի համաճարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։ Համաշխարհային փորձը վկայում է, որ համաճարակի վտանգների թերագնահատումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

Խորապես գիտակցելով մեր ազգային անվտանգությանը սպառնացող այսօրվա մարտահրավերները և մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը բացարձակ արժեք համարելով՝ ամենայն անկեղծությամբ ու պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ըմբռնումով կընդունեմ, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։

Առողջություն եմ մաղթում բոլորիս և վստահ եմ, որ մեր ժողովուրդը հաղթանակած ու ամրապնդված է դուրս գալու այս փորձությունից»,- ասված է Մասիս Մայիլյանի հայտարարությունում։

Համաճարակի վտանգով պայմանավորված՝ Արցախում ընտրությունները հետաձգելու կոչ էր արել նաև նախագահի թեկնածու Քրիստին Բալայանը։

Տե՛ս նաև՝ Արցախի ընտրությունները պետք է հետաձգել․ Թաթուլ Հակոբյան

#CivilNet #News

Մեկնաբանել