Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է համապետական ընտրությունները

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ անդրադարձ է կատարվել մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին:

«Այդ համատեքստում երկրի ղեկավարը մեկ անգամ ևս կարևորել է հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման նպատակով նախընտրական շրջանում բոլոր կանխարգելիչ և կազմակերպչական աշխատանքների իրականացման, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև կորոնավիրուսի դեմ պայքարում նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում հնարավոր լրացուցիչ միջոցների ձեռնարկման հետ կապված խնդիրների իրականացման ուղիները: Հանդիպմանը մասնակցում էր պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը»,- ասված է հաղորդագրությունում։

***

Մարտի 26-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստանի դիտորդական առաքելությունների՝ արցախյան ընտրություններին մասնակցելու մասին, ասաց, որ դիտորդները մեկնելուց առաջ կթեստավորվեն՝ այդպիսով անուղղակիորեն հաստատելով, որ ընտրությունների հետաձգման հարց ներկայում չի քննարկվում։

Մարտի 26-ին Արցախի նախագահի թեկնածու, արտգործնախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ ըմբռնումով կընդունի, եթե որոշվի հետաձգել Արցախում մարտի 31-ին նախատեսված ընտրությունները՝ նախագահական և խորհրդարանական։

Նախօրեին Արցախի նախագահի թեկնածու Քրիստին Բալայանը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում նույնպես Արցախում ընտրությունները հետաձգելու կոչ էր արել։

Կարդացե՛ք նաև՝

Նիկոլ Փաշինյանի այս պահվածքը կարող է ճակատագրական լինել

Մեկնաբանել