Հայաստանի բնակչությունը 1916-ին

1916 թվականին, երբ ընթանում էր Առաջին աշխարհամարտը, Ռուսաստանի կայսրության տարածքում, այդ թվում՝ Ադրկովկասում, կատարվեց համառուսական առաջին գյուղատնտեսական վիճակագրությունը:

Այս վիճակագրությունը չի տարածվել զորքի և փախստականների վրա: Հայոց ցեղասպանության առաջին իսկ շրջանում հազարավոր արևմտահայեր կարողացել էին անցնել Արաքս գետը և հաստատվել այսօրվա Հայաստանի, այն ժամանակ՝ Երևանի նահանգի տարածքում:

Փախստականների վիճակագրություն կատարվել է, սակայն դրանք չեն մտցվել վիճակագրության մեջ: Այդ օրերի հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանը, որ նշանակվել էր Երևան քաղաքում հաստատված փախստականների ցուցակագրման ընդհանուր ղեկավար, գրում է, որ 1916-ին Հայաստանում շուրջ 200 հազար փախստական կար:

Նրանց մի հատվածը կրկին վերադարձավ Արևմտյան Հայաստան, երբ ռուսական զորքերը թուրքերից գրավեցին հայկական շրջանները: Ի վերջո, սակայն, արևմտահայությունը ստիպված էր հեռանալ, հաճախ՝ ուղեկցվող ջարդերով, իր տներից, երբ ռուսական զորքերը սկսեցին հեռանալ կովկասյան ճակատից 1917 թվականի վերջերին՝ թուրքերի առաջ բաց թողնելով Անդրկովկասի դռները: 1918 թվականի հունվարից մինչև մայիս թուրքական զորքերը գրավելով ու կոտորելով` հասան մինչև Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Սարդարապատ ու Բաշ Ապարան:

1918-ի մայիսին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Երևանի նահանգում վիճակագրությունը սկսվել է 1916թ հուլիսի 15-ին և ավարտվել օգոստոսի 30-ին: Համաշխարհային պատերազմի պատճառով մի շարք երկրամասեր չվիճակագրվեցին, ինչպես Կարսի ամբողջ մարզը, որի մի մասը՝ Ամասիայի և Աշոցքի շրջանը, որն այն ժամանակ կրում էր Աղբաբա անունը, և որ մտնում է այսօրվա Հայաստանի կազմ: Կարսի մյուս շրջանները, գրեթե առանց կռվի, մենք կորցրեցին Հայաստանի Հանրապետության անկման օրերին՝ 1920-ի հոկտեմբերին:

Չի վիճակագրվել նաև Արաքս գետի աջափնյա այն հատվածը, որը մենք կորցրեցինք կրկին 1920-ի աշնանը, այս դեպքում՝ արյունալի կռիվներով:

Քաղաքային բնակչությունը 1916 թվականին հաշվառման չի ենթարկվել, սակայն մարդահամարի հրատարակված ցուցակներում ներառվել են նաև քաղաքները: Զավեն Կորկոտյանը իր «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» կոթողային  աշխատության մեջ քաղաքների բնակչությունը ներկայացնելիս օգտվել է  Կովկասյան օրացույցի՝ Кавказский календарь, ցուցակներից և արխիվային նյութերից:

Երևանի նահանգը այս շրջանում ուներ քաղաքի կարգավիճակ ունեցող 5 բնակավայր՝ Երևան, Ալեքսանդրապոլ, այսօր՝ Գյումրի, Նոր Բայազետ, այսօր՝ Գավառ, ինչպես նաև Նախիջևան ու Օրդուբադ: Վերջին երկու քաղաքները, ինչպես նաև Երևանի նահանգի Նախիջևան գավառի երկու հատվածները՝ Գողթանն ու Նախիջևանը, մենք կորցրել ենք Հայաստանի Հանրապետության օրերին՝ 1919-ի հուլիսին, իսկ երրորդ հատվածը՝ Շարուրը՝ Արարատյան դաշտի շարունակությունը, 1920-ի աշնանը:

1916 թվականի հաշվառման համար Կորկոտյանը թեև բնակչության հստակ ազգային կազմի պատկերը չի տալիս, սակայն կից սյունակով ներկայացնում է յուրաքանչյուր բնակավայրի գլխավոր ազգությունը:

1914 թվականին Հայաստանի խոշորագույն բնակավայրը շարունակում էր մնալ Ալեքսանդրապոլը՝ այսօրվա Գյումրին՝ 51 874 բնակիչներով:

Մեծությամբ երկրորդ բնակավայրը Երևանի նահանգային կենտրոն Երևան քաղաքն էր՝ 43 813 մարդ: Նկատելի է, որ այս շրջանում սկսվում է Երևանի ընդարձակումը:

Հայաստանում մեծությամբ երրորդ քաղաքը շարունակում էր մնալ Նոր Բայազետը՝ այսօրվա Գավառը՝ 14 748 բնակիչներով:

Չորրորդ խոշոր բնակավայրը Գորիսն էր, որն այս շրջանում Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի վարչական կենտրոնն էր: 1916-ի տվյալները Գորիսի բնակչության մասին փոքր-ինչ անհասկանալի են: Կորկոտյանի ցուցակում ներկայացված է երեք Գորիս՝ Հին Գորիս 7 169 բնակիչներով, գյուղ Գորիս՝ 6 782 և քաղաք Գորիս՝ 2 201 հոգի: 

Ղարաքիլիսա կամ Մեծ Ղարաքիլիսա գյուղը՝ այսօրվա Վանաձորը, հինգերորդ մեծ բնակավայրն էր՝ 6 361 հոգի:

Աշտարակ գյուղը վեցերորդն էր 5 613 բնակիչներով:

1916թ վիճակագրության մեջ, որպես խոշոր բնակավայր, մենք տեսնում ենք Ղափանի հանքերը: Այսօրվա Կապանը հենց նախկին Ղափանի հանքեր անունով բնակավայրերի խումբն է, որն ուներ 5 124 բնակչություն:

Վաղարշապատ գյուղը կամ Մայր Աթոռը, որ այսօր հաճախ անվանվում է Էջմիածին, մեծությամբ ութերորդ բնակավայրն էր և ուներ 4 704 բնակիչ:

Եվ վերջապես իններորդ և տասներորդ խոշոր բնակավայրերը Սևանի ավազանի երկու գյուղերն էին՝ Գյոզալդարան, այսօրվա Վարդենիկը՝ 4 264 բնակիչ, և Սարուխանը՝ 4 240 հոգի: