Հայաստանից Արցախ մեկնող դիտորդները վերապահումներ ունեն ընտրությունների հետ կապված

Մարտի 31-ին Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն նաև ՀՀ դիտորդական առաքելություններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ դիտորդներն Արցախ մեկնելուց առաջ պետք է թեստավորվեն կորոնավիրուսի արագ թեստերով: Դիտորդական առաքելություն են իրականացնելու «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ները: ՍիվիլՆեթը զրուցել է նրանց հետ՝ պարզելու ինչպես է անցկացվել թեստավորման գործընթացը, և արդյոք դիտորդական խմբերը կգնան Արցախ:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» տնօրեն Սոնա Այվազյանը տեղեկացրեց, որ իրենց դիտորդական առաջին խումբն արդեն թեստավորում է անցել և այսօր կմեկնի Արցախ: Դիտորդական խմբերը թեստավորվել են կորոնավիրուսի սովորական թեստերով:

«Մի քիչ վերակառուցում ենք առաքելությունը՝ փորձելով ավելի քիչ մարդկանցով գնալ, թեկուզ կարծում ենք, որ այս պայմաններում նորմալ ընտրական գոևծընթաց իրականացնել հնարավոր չէ»,- ասաց Այվազյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը էլ հույս հայտնեց, որ Արցախում ընտրությունները կհետաձգվեն: Նրա կարծիքով՝ ընտրողներից շատերն ուղղակի չեն գնա ընտրատեղամաս: Նա պատմեց, որ անգամ առցանց արշավ է սկսվել՝ «Ընտրությունների օրը ես ընտրում եմ իմ առողջությունը» կարգախոսով։

Իոաննիսյանը տեղեկացրեց, որ իրենք էլ թեստավորման համար անձանց անվանացանկ են ուղարկելու այսօր: Եթե ընտրություններն այդուհանդերձ տեղի ունենան, իրենք մեկնելու են Արցախ:

Ժաննա Ավագյան

Մեկնաբանել