Օդից փող սարքելու շատ նուրբ արվեստը

Օդից փող սարքելու շատ նուրբ արվեստը: Կոպի՞տ է հնչում: Միգուցե: Սակայն եթե այս ակնարկը վերնագրեի «Ինչպես սուբսիդավորել տուրիզմը, հավանաբար չէիք կարդա»: Կկարդայի՞ք: Ուրեմն կարդացե՛ք, քանզի այն հենց դրան է վերաբերում:

Անցյալ տարի Հայաստան է այցելել մոտ 2 միլիոն զբոսաշրջիկ: Սա ցայսօր Հայաստանի զբոսաշրջության ամենաբարձր ցուցանիշն է: Ընդ որում, զբոսաշրջային շուկաներում երկրի համբավի բարձրացումը նման է համաճարակի: Մեկ զբոսաշրջիկը «վարակում» է ևս մեկին կամ երկուսին ու այդպես, այցելող զբոսաշրջիկների թիվը մեծանում է: Որքան մեծանում է ներհոսքը, այնքան երկրի ենթակառուցվածքները, ծառայությունների տեսականին, բազմազանությունն ու որակը բարելավվում են: Իսկ դա բազմապատկման էֆեկտով դրական է ազդում տնտեսական աճի ու բարեկեցության վրա:

Տուրիզմի հետզհետե զարգացումը Հայաստանում հատկապես կարևոր է մարզերի ու Երևան քաղաքի ՓՄՁ-ների ու ինքնաշխատների (զբոսավարներ, թարգմանիչներ, վարորդներ, B&B-ներ և այլն) բարեկեցության համար: Ավաղ, COVID-19 աներևույթ համաճարակն իր ճիրաններում է առնում նաև այս հատվածի մեր քաղաքացիների ու բիզնեսների գոնե այս տարվա բարեկեցությունը` հենց սեզոնի բացման նախաշեմին:

Ի՞նչ անել

Առաջարկս պարզ է. շատ արագ նկարահանել Հայաստանի տեսարժան վայրերի, գողտրիկ անկյունների ու մշակութային կյանքի մասին մի քանի կարճամետրաժ ֆիլմեր (virtual tour) ու դրանք վճարովի հիմունքներով ներբեռնման համար առաջարկել ամբողջ աշխարհին: Եթե յուրաքանչյուր ներբեռնման արժեքը լինի օրինակ $1,99, ու դրանք ներբեռնվեն օրինակ 10 միլիոն անգամ (կարծում եմ՝ իրատեսական թիվ է), ապա մենք կկարողանանք հավաքագրել $20 միլիոն, որը ամբողջությամբ կուղղենք տուրիզմի ոլորտում գործող բիզնեսների ու աշխատակիցների սուբսիդավորմանը: Ընդ որում, հենց այդպես էլ պետք է այն գովազդել:

Օրինակ, «Skip a cup of coffee and explore Armenia. Or even better: indulge with your cup of coffee!»․ զստահ եմ, մարկետոլոգները ավելի զգլխիչ (catchy) գովազդներ կհնարեն:       

Մի բան էլ. այն զբոսաշրջիկները, որոնք այս տարվա համար արդեն իսկ ձեռք էին բերել ուղեգրեր, սակայն չեն կարողանալու գալ, պետք է կարողանան վիրտուալ տուրին մասնակցել անվճար (եթե, իհարկե, ապացուցում են, որ գալու էին, բայց չեղարկել են): Սա հզոր քայլ կլինի նրանց նկատմամբ: Նրանք հաստատ կգան եկող տարի: Անպայման կգան: Իսկ Կառավարությունը կարող է հաջորդ տարվա ակնկալվող հոսքերի հիման վրա հենց այսօր սուբսիդավորել զբոսաշրջային բիզնեսը:

Եթե սա լավ առաջարկ համարվի, ապա այն պետք է իրագործել հենց հիմա: Երկու օրում: Լավ, մեկ շաբաթում: Քանի աշխարհը «խառն է», իսկ մարդիկ՝ տանը: