Ունենք ևս տասը բուժված քաղաքացի, նաև՝ կորոնավիորսով վարակված 2 ամսական երեխա

Մարտի 26-ին 40 քաղաքացիների մեկուսացման շրջանը ավարտվել է, թեստերը բացասական են եղել, և նրանք վերադարձել են տուն․ այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ինչպես նաև ուզում եմ տեղեկացնել, որ այսօր տասը կրկնակի բացասական թեստ ունեցող անձինք դուրս են գրվելու հիվանդանոցից, և փաստացի կարող ենք ասել, որ ունենք ևս տասը բուժված քաղաքացի»,- ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանը հաստատեց մամուլում տարածված լուրը երկու ամսական երեխայի և նրա մոր՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին՝ նշելով, որ մարտի 26-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին իրեն դեռ չէին զեկուցել։

Թորոսյանի խոսքով՝ «երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել, սակայն նա էլ այս պահին սիմպտոմ չունի։ Նրանք հիվանդանոցում են՝ բժիշկների հսկողության տակ»։

Նախարարը տեղեկացրեց, որ ծայրահեղ ծանր վիճակում է մեկ քաղաքացի, որի վիճակում ո՛չ վատթարացում կա, ո՛չ լավացում։ Մեկ քաղաքացի ծանր վիճակում է։ Մնացածի կյանքին այս պահի դրությամբ որևէ վտանգ չի սպառնում։ Արսեն Թորոսյանը նշեց նաև, որ բազմաթիվ պացիենտների մոտ սիմպտոմներ չկան, և նրանք մեկուսացման մեջ են հիվանդանոցներում կամ հյուրանոցներում։

«Ես նորից կոչ եմ անում հատուկ ուշադրություն դարձնել խրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիներին և մեր տարեց քաղաքացիներին՝ զերծ պահելով վարակվելուց»,- հորդորեց առողջապահության նախարարը։

Լուսինե Վարդանյան