Մինչև արտակարգ դրության ավարտը գազամատակարարման անջատումներ չեն լինի. «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մինչև արտակարգ դրության ավարտը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից․ այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից: 

Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած առանձին հրապարակումներում «անհարկի շահարկվում է մատակարարված գազի դիմաց» բնակիչ-բաժանորդների՝ սահմանված ժամկետներում «վճարումներ չկատարելու դեպքում պայմանագրերով նախատեսված գազամատակարարման դադարեցման գործընթացը»: 

Ըստ այդմ «Գազպրոմ Արմենիան» մինչև կառավարության որոշմամբ հաստատված արտակարգ դրության ավարտը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից: 

Այս որոշման համար հիմք են հանդիսանում պարետի որոշումները և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ ստեղծված իրավիճակը բնակիչ-բաժանորդների կողմից վճարումներ կատարելու համար մինչև արտակարգ դրության ավարտը ճանաչվել է խոչընդոտող ֆորս-մաժոր:

Միաժամանակ, ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ի դրությամբ հանրապետության բնական գազի սպառման կառուցվածքում բնակիչ-բաժանորդներին փետրվար ամսին մատակարարված գազի դիմաց պարտքը կազմում է շուրջ 4 մլրդ 800 մլն դրամ: Այդ թվից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրված սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկված բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է 315 մլն դրամ: 

Ընդ որում, մատակարարված բնական գազի դիմաց պարտքի գումարային առումով 93,4 տոկոսը չի վերաբերում սոցիալապես անապահովներին, մինչդեռ փետրվար ամսին մատակարարված գազի դիմաց չվճարող որոշ բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է մինչև 900 հազար դրամ:

Արշալույս Մղդեսյան