Բանկերը վերանայել են 97 000 ֆիզիկական և 3 400 իրավաբանական անձանց վարկերի պայմանները

Մարտի 20-ից մինչև օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 838 ֆիզիկական անձանց և 3 395 իրավաբանական անձանց վարկերի պայմանները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով:

«Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ»,- ասված է Փաշինյանի գրառման մեջ:

Ավելի վաղ Հայաստանում գործող գրեթե բոլոր առևտրային բանկերը հայտարարել էին 2-3 ամսով վարկերի վճարումների ժամկետների հետաձգման մասին:

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման նպատակով մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն:

#CivilNet #News

Մեկնաբանել