Այս ճգնաժամը խթան է նոր ճգնաժամերի համար, որոնք դժվար կլինի կանգնեցնելը․ Ռուբեն Վարդանյան

Գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակի արդյունքում անհետանում է աշխարհի ներկա ձևաչափը։

Ռուսական ՌԲԿ գործակալության հետ զրույցում Վարդանյանն ասել է, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված ճգնաժամը արմատական փոփոխությունների կհանգեցնի մարդկային գործունեության բոլոր ոլորտներում:

Այժմ, ըստ նրա, պետությունը պետք է փրկի հազարավոր փոքր ընկերությունների, որպեսզի պահպանի համակարգի աշխատունակությունը։

Վարդանյանի կարծիքով՝ ներկայիս իրավիճակն ունենում է տնտեսական, սոցիալական, հոգեբանական, մշակութաբանական, վարքագծային հետևանքներ։ «Այս ճգնաժամը խթան է նոր ճգնաժամերի համար, որոնք, ցավոք, դժվար է լինելու կանգնեցնել»,- ասել է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ այն ձևաչափը, որում մարդիկ ապրում էին մինչև կորոնավիրուսի սկիզբը, այլևս չի վերադառնա․ «Դա չի նշանակում, որ բոլորը կնստեն վառարանի մոտ և գիրք կկարդան լույսի տակ։ Սակայն մարդիկ կհասկանան ընտանիքի կարևորությունը՝ որպես հենակետի, տեղական համայնքի կարևորությունը [….]: Եվ մենք կտեսնենք մեծ քաղաքներից դեպի փոքր քաղաքներ հետադարձ միգրացիա, քանի որ ավելի հեշտ կլինի կոմպակտ ապրելը»։

Վարդանյանի կարծիքով՝ ճգնաժամը կստիպի շատ տարբեր վերնախավերի շփվել միմյանց հետ, այլ ոչ թե ապրել պետական պաշտոնյաների կամ գործարարների առանձին թունելներում։

Գործարարը կարծում է, որ ստեղծված իրավիճակում պետք է աջակցել մարդկանց հսկայական զանգվածին, որ աշխատում է ոչ մեծ ընկերություններում, որոնք «վաղը պարզապես կդադարեն գոյություն ունենալ»:

Պետությունը ստիպված է լինելու դառնալ մեծ հաճախորդ, որը պարտավոր կլինի ձևավորել շատ բաների պահանջարկը

Դա անհրաժեշտ է անել՝ ԱՄՆ-ի 1930-ականների Մեծ դեպրեսիայի ժամանակների նման զանգվածային գործազրկությունը կանխելու համար։

«Հիմա պետք է փրկել հարյուր հազարավոր մանր ընկերությունների։ Փրկության միակ տարբերակը պարզապես հարկային արտոնությունները, ինչ-որ մեղմացումները կամ վարկերը չեն։ Ամենակարևորն այն է, որ այդ բոլոր ծառայությունների պատվիրումը շարունակվի․․․ որպեսզի մարդիկ շարունակեն ստեղծել այդ արտադրանքը, մատուցել այդ ծառայությունները, որ հնարավոր լինի պահպանել աշխատող այդ մեքենան։ Պետությունը ստիպված է լինելու դառնալ մեծ հաճախորդ, որը պարտավոր կլինի ձևավորել շատ բաների պահանջարկը»,- ասել է Վարդանյանը։

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել