Արցախի նախագահի թեկնածուները մասնակցում են հեռուստաբանավեճի

Այս պահին տեղի է ունենում Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:

Արցախում նախագահի և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին:

Չնայած Հայաստանից և “>Արցախից հնչող բազմաթիվ կոչերին՝ հետաձգել ընտրությունները` հաշվի առնելով Արցախում կորոնավիրուսի տարածման վտանգը, այնուամենայնիվ, Արցախի իշխանություները մինչև այս պահը ընտրություները հետաձգելու որոշում չեն կայացրել:

Նշենք, որ հեռուստաբանավեճի հրավերը ընդունել են առաջադրված 14 թեկնածուներից 12-ը: Բանավեճին չեն մասնակցում Քրիստին Բալայանը և Մասիս Մայիլյանը:

Վերջինս պարզաբանում է տարածել, որում ասված է․ «Իմ պաշտոնական և հանրային գործունեության ընթացքում միշտ էլ նախընտրել եմ հանրային բանավեճերին մասնակցել և ըստ ամենայնի խրախուսել եմ մտքերի փոխանակությունը, նախապես ինձնից կախվածն անելով բանավեճի համար առողջ ու անկաշկանդ մթնոլորտ ստեղծելու համար։

Ըստ իս, հեռուստաբանավեճի առաջարկվող ձևաչափը չի կարող արդյունավետ լինել և դժվար թե նպաստի թեկնածուների դավանած սկզբունքների ու ծրագրային դրույթների առավելս հանրայնացմանը, ինչը, ըստ էության, պետք է լինի նման բանավեճի նպատակը։ Արմատական բարեփոխումների մեր հայեցակարգն այս դժվարին պայմաններում հնարավորինս ներկայացվել է ընտրողներին, հուսով եմ՝ նույնը հասցրել են անել մյուս թեկնածուները։

Ինքս հարցեր չունեմ մյուս թեկնածուներին և հուսով եմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովուրդը բոլոր թեկնածուներից կարողացել է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Իսկ մեր հարցերի ու ակնկալիքների պատասխանը հենց ժողովուրդն է տալու՝ մարտի 31-ին իր քվեարկությամբ։ Բոլորին կոչ եմ անում իրենցից կախվածն անել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովման համար»։

Բանավեճը ուղիղ հեռարձակում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։

Մեկնաբանել