Արտակարգ դրություն․ կառավարությունը մտադիր է վերահսկել մարդկանց տեղաշարժը

Համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ պետությունն իրավունք է ստանալու միջամտել քաղաքացիների անձնական տվյալներին․ այս մասին մարտի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը:

Նրա խոսքով՝ պետությունը նման իրավունք ստանում է բացառապես համաճարակների հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ․ «Այլ արտակարգ դրությունների դեպքում միջամտությունն անձնական տվյալներին՝ մասնավոր ընտանեկան կյանքին և հաղորդակցման գաղտնիքներին, չի ենթադրվում: Միջամտության ժամկետը սահմանափակ է և ավարտվում է արտակարգ դրության ժամկետի ավարտով: Տեղեկությունները փոխանցվելու են կառավարության որոշմամբ սահմանված մարմիններին կամ սահմանված անձանց», – ասաց Բադասյանը՝ մանրամասնելով, թե ինչ տեղեկություններ են հավաքվելու․ մասնավորապես, բջջային օպերատորների հաճախորդների տեղորոշումը ու նրանց կատարած զանգերի սկզբի, ավարտի ու հնարավոր վերահասցեագրման (ոչ զանգերի բովանդակության) տվյալները։

«Կարող են տրամադրվել հիվանդացածների ու նրանց շփման շրջանակի մասին, այդ թվում` բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ», – ասաց Բադասյանը։

Այս փոփոխությունների և նշված տեղեկությունները մեկ հարթակում հավաքագրելու անհրաժեշտությունը նախարարը բացատրեց օպերատիվության խնդրով:

«Պատճառն այն է, որ երբ անձի մոտ ախտորոշվել է վարակ, ապա պետք է շատ արագ տեղորոշել նրան ու իր կոնտակտավորներին, որից հետո օպերատիվ գործողություններ ձեռնարկել: Ուզում եմ հատուկ շեշտել, որ հաղորդագրությունների կամ հեռախոսային զանգերի բովանդակությունը հասանելի չի լինելու: Այսինքն՝ համաճարակի կանխարգելման համար չի թույլատրվելու ծանոթանալ զանգերի և հաղորդագրությունների բովանդակությանը», – ասաց նա՝ հավելելով, որ անձանց գաղտնիությունը խախտելը կամ տվյալները որևէ այլ նպատակով օգտագործելն առաջացնելու է քրեական պատասխանատվություն։

Օրենքի փոփոխություններով առաջարկվում է նաև ներդնել արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի սահմանափակումների կիրառման ու պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող էլեկտրոնային հաղորդակցության և ծրագային ապահովման միջոցներ:

«Այդ հավելվածները հնրավորություն կտան ստուգել մեկուսացված կամ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց առողջության վերաբերյալ տվյալները, իրականացնել որոշակի վերահսկողություն», – ասաց Բադասյանը՝ նկատելով, որ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով նման հերահսկողական մեխանիզմներ է կիրառում Հարավային Կորեան․ դա տալիս է դրական արդյունք:

Նախարարը համոզված է՝ նորագույն տեխնոլոգիաներ կիրառած պետություններն ավելի արդյունավետ են պայքարում համաճարակի տարածման դեմ, քան նրանք, ովքեր չեն կիրառում այդ տեխնոոգիաները: Հավաքագրված տվյալները վերահսկելու է ԷԿԵՆԳ (կառավարության Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ) համակարգը:

«Տվյալներն ապանձնավորվելու են, իսկ անձնավորված տվյալները կոչնչացվեն արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո», – հայտարարեց Ռուստամ Բադասյանը։

Արտակարգ դրություն․ կառավարությունը մտադիր է վերահսկել մարդկանց տեղաշարժը

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել