Կառավարությունը կաջակցի մարտի 13-30-ն աշխատանքից ազատվածներին

Մարտի 30-ին կառավարությունը նոր որոշումներ է ընդունել՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով։ 

Ծրագրերից մեկի շահառուն հղի կանայք են, ովքեր 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունեն աշխատանք, իսկ ամուսինն ազատվել է աշխատանքից մարտի 13-30-ն ընկած հատվածում՝ չանցնելով այլ աշխատանքի։ Օգնությունն ընտանիքին կտրամադրվի միանվագ և 100 հազ․ դրամի չափով։

Կառավարությունը մյուս ծրագրով կաջակցի այն քաղաքացիներին, ովքեր ազատվել են աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում։ Նրանց կտրամադրվի օգնություն նվազագույն աշխատավարձի չափով։ Քաղաքացիները, ում 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազ․ դրամը, չեն կարողանա օգտվել այս ծրագրից։ Չեն կարողանա օգտվել նաև այն անձինք, ովքեր այլ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են եղել։ 

Կառավարության հաջորդ գործողությամբ աջակցություն է ցուցաբերվում կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտներին՝ հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային ծառայություններ, վարսավիրանոցներ, մանրածախ առևտրի ոլորտում տնտեսվարողներ։ Այն կտրամադրվի վարձու աշխատողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, անհատ ձեռնարկատիրոջը՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով։ Սա ևս միանվագ օգնություն է։ Գումարը ստանալու են այս բիզնեսի աշխատակիցները՝ ուղիղ պետությունից։ Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ասաց, որ այս փաթեթի բյուջեն գերազանցում է 10 միլիարդ դրամը՝ 100 հազ․ շահառուով։

Կառավարության սահմանած ժամկետների՝ մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածի 6 օրերն արդեն իսկ ոչ աշխատանքային են եղել։ 

Մկրտիչ Կարապետյան