«Ժողովրդավարական հետընթաց». ԱԺ-ում քննադատում են կառավարության նոր առաջարկները

Ազգային ժողովի պատգամավորները միանշանակ չընդունեցին կառավարության ներկայացրած օրենսդարական փոփոխությունների նոր փաթեթը, որով կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման նպատակով առաջարկվում է վերահսկել մարդկանց տեղաշարժը և հեռախոսազանգերը:

Պատգամավորները մհատոգություններ ունեն քաղաքացիների անձնական տվյալներին պետության միջամտության վերաբերյալ: Իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն ավելի զգուշավոր էին իրենց ձևակերպումներում ու շեշտադրում էին այդ տվյալների չչարաշահման կարևորության մասին՝ զգուշորեն ընդգծելով նաև հեռախոսազանգերը վերահսկելու աննպատակահարմարությունը:

«Շատերիս համար ընդունելի է, որ տեղորոշման միջոցով կարելի է պարզել հնարավոր վարակակիր մարդկանց կոնտակտները և կանխարգելիչ միջոցառումներ կատարել, սակայն ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ, թե Երևանի մի ծայրամասում գտնվող բաժանորդը երբ և ինչու զանգահարեց քաղաքի մեկ այլ վայրում գտնվող բաժանորդին», – զարմանք հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ առաջարկելով դիտարկել օրենսդրական փաթեթից հեռախոսային զանգերի վերահսկման գործիքը հանելու գաղափարը:

Ընդդիմադիր պատգամավորները կառավարությանը հորդորեցին հետ կանգնել վերահսկողության խստացման գաղափարից և զբաղվել արտակարգ դրության սահմանափակումներից տուժած հազարավոր քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմամբ:

«Նախ՝ սա ուշացած կարգավորում է: Սա իմաստ կունենար, եթե կիրառվեր առաջին հիվանդի նկատմամբ: Հիմա ի՞նչ կարիք կա բացել բոլորի կոնտակտները, հետ գնալ ժամանակային առումով ու հասկանալ՝ ով ում հետ է շփվել և ինչ հաղորդագրություն ուղարկել, – հարցադրում արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդոն Մարուքյանը՝ հավելելով։ – Խոսքը մեծ քանակությամբ անձնական տվյալների հավաքագրման ու մշակման մասին է, որը մեծ ֆինանսական միջոցներ է պահանջելու: Իսկ մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ»:

Նա առաջարկեց ոչ թե նման գաղափարներով գալ ԱԺ, այլ այնպիսի լուծումներ բերել, որոնք ճգնաժամի հետևանքով վարձով բնակվողների բնակարաններից հանելու հարցը կլուծեն:

«Այդ մարդկանց հարցը լուծելու համար պետությունը որևէ առաջարկ ունի՞: Չլուծված է մնացել մարդկանց վարկերի վճարման հարցը, մարդիկ, որ չգրանցված աշխատող են և պետական աջակցությունից չեն օգտվելու ու սովի են մատնվելու: Մարդիկ կոմունալների վճարման խնդիր ունեն: Այս հարցերը լուծելու փոխարեն մենք մարդկանց ասում ենք՝ եկեք ձեզ հեռախոսներով տեղորոշենք», – հայտարարեց Մարուքյանը՝ շեշտադրելով վստահության խնդիրը։

«Դուք ասում եք, որ այս տվյալներն ի չարս չեն օգտավգործվելու: Կառավարության անդամները, պաշտոնյաները, բոլորն ունեն Viber, Whatsapp, Signal և այլ ծրագրեր: Դրանցով են խոսում անգամ երկրի ներսում: Ինչո՞ւ..,», – ասաց Մարուքյանը՝ նշելով, որ վստահության հարցն էլ «իր մեջ պրոբլերմներ ունի»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից խոսեց Նաիրա Զոհրաբյանը: Նա ևս մատնանշեց առկա իրավիճակում սոցիալ-տնտեսական խնդրիների լուծման կարևորությունը:

«Պարոն նախարար, հետ տարեք այս օրինագիծը: Սա հետընթաց է ժողովրդավարությունից: Դուք աննպատակ ու անիմաստ գործ եք անելու, – ասաց Նախրա Զոհրաբյանը՝ խոսելով ռեսուրսների վատնման մասին: – Այդ հսկայական ռեսուրսները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, այդ ռեսուրսները ծախսեք սահմանների բոլոր մուտքերին թեստեր դնելու համար: Այդ ռեսուրսները ծախսեք չաշխատող կամ օրավարձով աշխատող մարդկանց բեռը թեթևացնելու համար:»

«Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը նկատեց, որ հեռախոսազանգերի ֆիքսումն ու մարդկանց տեղորոշումը վարակակիր անձի կոնտակտավորներին պարզելու համար փոխլրացնող գործիքներ են: «Եթե միայն տեղորոշումը լինի, որը հնարավոր է իրականացնել 100-150 մետր շառավղով, ապա շատ մեծ թվով մարդիկ կարող են հայտնվել դիտարկման դաշտում: Իմ ընկալմամբ՝ հեռախոսազանգերի ֆիքսումը ներդրվել է, քանի որ այդ օրերի ընթացքում, եթե մեկը զանգել է վարակակիր մարդուն և եղել է նրա տեղորոշման վայրից ոչ հեռու, մեծ է հավանականությունը, որ նրանք շփված լինեն», – ասաց նա:

Ռուբեն Ռուբինյանը հարց բարձրացրեց՝ արդյոք սա ամբողջովին լուծո՞ւմ է խնդիրը և պատասխանեց. «Միանշանակ, ոչ: Կան այլ ծրարգրեր, որոնցով մարդիկ շփվում են: Բայց արդյոք, եթե մի միջոցառում 100 տոկոսով չի լուծում խնդիրը, պետք է համարվի վատ միջոցառում՝ չեմ կարծում: Մենք գործ ունենք համաճարակի հետ և չկա 100-տոկոսանոց արդյունավետությամբ միջոցառում»։

Արշալույս Մղդեսյան