Հայաստանը պետք է հայտարարի կորոնավիրուսի զրոյացման քաղաքականություն. ICHD

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (համառոտագիր) է պատրաստել, որում առաջարկություններ կան կառավարությանը, հանրությանը և գործարար համայնքին՝ ինչ քայլեր ձեռնարկել կորոնաճգնաժամի ժամանակ։

«Հայաստանը պետք է հայտարարի ու իրականացնի կորոնավիրուսի զրոյացման քաղաքականություն։ Ուղղակի պետք է որդեգրել զրոյացման քաղաքականություն. երկար ու պինդ փակել բոլորին տներում, պարզ խոսել այդ մասին, չստեղծել պատրանքներ ու վճարել մարդկանց տանը նստելու համար։ Մյուս բոլոր տարբերակները ցիկլերով պարզապես հետաձգելու են այս որոշման կայացումը»,- նշված է համառոտագրում։

Չդասակարգված ընդհանրական առաջարկներ քաղաքականություն մշակողներին

– Քանի որ, առնվազն կարճաժամկետ ապագայում, տնտեսության վիճակը ամբողջապես պայմանավորված է լինելու կորոնավիրուսի տարածման և դրանով թելադրվող զարգացումներից, տնտեսական քննարկումներում ներառել համաճարակաբանների, բժիշկների։

– Գիտակցել, որ տնտեսական անկումն անխուսափելի է ու այն շատ կտրուկ է լինելու։ Միևնույն ժամանակ հաշվի առնել, որ, ի տարբերություն 2008-09 թվականների տնտեսական ճգնաժամի հաղթահարման փորձի, ներկայում հնարավոր է տնտեսությունն ավելի արագ վերականգնել, սակայն դրա համար անհրաժեշտ է լինել առավել ճկուն ու սահմանել առավել հստակ թիրախներ։

– Պետք չէ դառնալ նախկին խոստումների ու մինչև ճգնաժամը հաստատված ծրագրերի իրականացման զոհը։

– Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ աղքատության խորացումն անխուսափելի է. հիմնական թիրախը պետք է ուղղված լինի այն մեղմելուն, պետության սոցիալական ապահովության գործառույթը պետք է աշխատեցվի արագացված ու առավել ծավալային։

– Օգտվել նախկին ճգնաժամից քաղված դասերից և մշակված խորհուրդներից, ակտիվորեն աշխատել նորերը մշակելու ուղղությամբ։ (Օրինակ՝ Collecting Taxes During an Economic Crisis: Challenges and Policy Options1)

– Ընդունել, որ այս ճգնաժամից հետո աշխարհում, ինչպես նաև Հայաստանում ձևավորվելու է «նոր տնտեսություն»։շ

– Մշակել այլընտրանքային օժանդակության փաթեթներ, պատրաստ լինել այլ զարգացումների, ընդլայնել որոշումների կայացումը սնող՝ «մտածող-վերլուծական» հատվածը։

– Լինել թափանցիկ։ Պահանջել, որ բոլորը դրսևորեն իրենց նույն կերպ, լինի դա միջպետական հարաբերություններում, թե սեփական քաղաքացիների հետ հաղորդակցության և համագործակցության շրջանակներում։

– Մշտապես կոչել հանրությանը զգոնության, միևնույն ժամանակ վստահել հանրությանը, առավել տեսանելի և հասկանալի կերպով ներկայացնել նախկին համաճարակներից (օրինակ՝ SARS-ը) քաղված դասերն ու հաղթահարման հաջողությունները։

Չդասակարգված ընդհանրական առաջարկներ տնտեսական քաղաքականությունը մշակողներին

– Աշխարհի պետությունները գնում են տնտեսություններ փող ներարկելու, անվերադարձ ծախսեր անելու ճանապարհով։ Ճիշտ են անում։ Հարուստ երկրները ՀՆԱ-ի մինչև 9-10 տոկոսի հասնող փաթեթներ են մշակում։ Աշխարհի կառավարությունները հիմար չեն. միանշանակորեն գիտակցվում է նման ծախսերի անվերադարձ լինելու բնույթը։ Հայաստանը չունի և չի կարող սեփական տնտեսությանը օգնության նման ծավալի փաթեթներ առաջարկել. այս տարվա ընթացքում տնտեսություն նվերադարձ ներարկել 500 միլիարդ դրամից կամ 1 մլրդ դոլարից ավելի գումար։ Ամեն դեպքում լրացուցիչ ֆիսկալ բեռի տակ մտնելը այլընտրանք չունի և
ենթադրում է ոչ շտապողական, սակայն հրատապ որոշումների կայացում։

– Հարկավոր է շտապ ձեռնամուխ լինել 2020թ. պետական բյուջեի մասին օրենքը վերափոխելուն՝ էական միջոցներ ազատելով ճգնաժամի դեմ պայքարի համար։

– Անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել միջազգային օժանդակության փաթեթներից ակտիվորեն օգտվելու ուղղությամբ։ Աշխարհում հիմա շատ փող է բաժանվելու. անհրաժեշտ է մեծ ճկունություն դրսևորել՝ դրանից առավելագույն չափով օգտվելու համար։

– Մտածել է պետք մարդկանց պարտքային բեռի նվազեցման ուղղությամբ։

– Նպատակային ու արդյունավետ հաղորդակցություն է անհրաժեշտ ձևավորել հանրության հետ՝ հետևյալ ուղերձները փոխանցելու նպատակով.

Ինչ չանել. ուղերձ հանրությանը և գործարար համայնքին

-Չընկալել ինքնամեկուսացումը որպես հարկադիր պարապուրդ կամ էլ արձակուրդ։

– Չընկալել ինքնամեկուսացման կամ տեղաշարժի սահմանափակման հետագա հնարավոր սահմանափակումները որպես ժամանակավոր. դրանք կարող են ավելի երկար տևել՝ կախված ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի վիճակից։

– Նույնիսկ եթե հնարավոր լինեն արագացված լուծումներ, օրինակ՝ նոր վակցինա, չակնկալել, որ դրանք հնարավոր կդառնան հունիսից շուտ։

– Չգնալ արկածախնդրության ուղով. պետք չէ պղտոր ջրում ձուկ որսալ՝ սա տագնապ է, արտակարգ իրավիճակ, որտեղ զգոն ու կշռադատ քայլեր են անհրաժեշտ։

Ինչ անել. ուղերձ հասարակությանը

– Տրվելիք օժանդակության փաթեթներն ու միջոցները խոհեմորեն տնօրինել. առաջնայինը պարտքի մարումն է, եթե օժանդակություն ստացող մարդիկ պարտքերը չմարեն, ապա տնտեսական կոլապս կստեղծեն, որից հետո ոչ մի օժանդակություն այլևս չի վերականգնի իրավիճակը։

– Գործարարներին. նորովի մտածել, ենթադրել, որ այս իրավիճակը եռակի ավելի երկար է պահպանվելու, քան այս պահին իրենք մտածում են, և ադապտացնել իրենց բիզնեսն այդ ուղղությամբ։ Այս պայմաններում մտածել մրցունակության մասին, պահպանել կարևոր ակտիվները, այդ թվում՝ կադրերը։

– Ու ամենակարևորը՝ սովորել, սովորել, սովորել։ Հիմա արագ նոր գիտելիքի ձեռքբերման շրջան է, այլապես ամեն ինչից հետ կմնանք։ Կարդացեք ամեն ինչ, հետազոտեք, գտեք նոր լուծումեր։ Դրսում պատերազմ է. պատերազմ մարդկային կյանքեր ու տնտեսություններ փրկելու համար։ Միայն նորացված գիտելիքով է հնարավոր հաղթել այդ պատերազմում։

Աղբյուրը՝ ICHD