Էներգակիրների գների նվազման ֆոնին Երևանը կարող է գազի գնի շուրջ քննարկումներ սկսել Մոսկվայի հետ

Կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի հետևանքով նվազում են էներգակիրների, այդ թվում՝ գազի գինը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ այդ փոփոխության համատեքստում պաշտոնական Երևանը քննարկումներ սկսզի գազի գնի շուրջ։

«Աշխարհում արդեն իսկ փաստ է էներգակիրների գնի փոփոխությունը: Նավթի գնի փոփոխությունը կհանգեցնի նաև այլ էներգակիրների գների նվազման: Քննարկումներ կսկսենք, և մեր դիրքերը պետք է կրկին վերագնահատենք», – ասաց փոխվարչապետը կառավարության մամուլի կենտրոնում տեղի ուենցած ասուլիսի ժամանակ:

Այնուհետև նա նկատեց, որ նավթի գնից բխող գազի գնի տատանումը «տալիս է որոշակի էֆեկտներ, երբ գնումը կատարվում է լողացող բանաձևով»։

«Մեր դեպքում դա բանաձև չէ, ֆիքսված գին է սահմանին, որը որոշ դեպքերում տալիս է դրական արդյունք, որոշ դեպքերում՝ ոչ այնքան: Մենք պետք է վերլուծություններ անենք ու եթե հասկանանք, որ այս իրավիճակը տևելու է երկար, պետք է մտածենք այն մասին, որ գազի գնի բանաձևային տարբերակը մեզ համար ավելի մատչելի է», – նշեց նա:

Հայաստան գազի հիմնական մատակարարը Ռուսաստանն է: 2019-ի հունվարից հայ-վրացական սահմանին ռուսական գազի գինը բարձրացավ 10 տոկոսով՝ հասնելով 1 000 խմի համար 165 դոլարի և, ըստ պայմանավորվածության, կպահպանվի այդ մակարդակում մինչև 2020-ի դեկտեմբերի վերջը։ Ներկայում Հայաստանի կառավարւթյունն ու ռուսաստանյան «Գազպրոմը» քննարկում են նեքին սպառողների համար գազի գնի հստակեցման հարցը:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել