ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զանգերը ֆիքսելու օրինագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ մարտի 30-ի արտահերթ նիստում ստացավ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներ: