Որքա՞ն ենք վճարելու տնտեսությունը վերակենդանացնելու համար․ BBC-ի անդրադարձը

BBC-ի ռուսական ծառայության հոդվածագիր Ալեքսեյ Կալմիկովը գրում է, որ երկիր մոլորակի վրա կյանքը կարծես կանգ է առել: Վերադարձը սովորականին, եթե այն նույնիսկ հնարավոր է, ավելի թանկ կարժենա, քան որևէ հետպատերազմյան ճգնաժամ: Վիրուսը վերջնական հաշիվը կներկայացնի ամիսներ, եթե ոչ տարիներ անց, սակայն Արևմուտքն արդեն իսկ կանխավճար է կատարում տնտեսության բուժման և վերականգնման համար, և խոսքը տրիլիոնավոր դոլարների մասին է։

Արևմուտքում կորոնավիրուսի համաճարակը դեռ գագաթնակետին չի հասել, և դրա տևողությունից է կախված՝ որքանով մարդիկ կաղքատանան։ Երկրների մեծ մասում կարանտինն արդեն մեկ-երկու շաբաթ է` ուժի մեջ է, իշխանությունները նախազգուշացնում են, որ որևէ ձևով այն կարող է ձգվել նույնիսկ վեց ամիս:

Աղետի մոտավոր ծավալը կարելի է գնահատել՝ նայելով, թե որքան գումար են այս շատ նախնական փուլում նախատեսում ծախսել հարուստ երկրները տնտեսությունը վերակենդանացնելու համար:

Գումարները հսկայական են, աննախադեպ ու ահարկու: Միացյալ Նահանգները հաստատել է 2 տրիլիոն դոլարի հակաճգնաժամային փաթեթ, Եվրոպան նախատեսում է կես տրիլիոն, բայց շատ ավելին է նախատեսում: Ընդհանուր առմամբ, G20-ի երկրներն արդեն խոստացել են ծախսել մոտ 5 տրիլիոն դոլար՝ ընթացիկ ճգնաժամի դեմ պայքարի համար. սա համարժեք է համաշխարհային տնտեսության տարեկան ՀՆԱ-ի մոտ 6 տոկոսին:

Եվ ի տարբերություն նախորդ ճգնաժամերի, խոսքը ոչ թե կենտրոնական բանկերի կողմից նոր փող տպելու, այլ հասարակության առկա և արդեն իսկ նվազող ընդհանուր իրական եկամուտների՝ ի շահ տուժածների վերաբաշխման մասին է:

Այլ կերպ ասած՝ բոլորն են աղքատանալու։ Նրանք, ովքեր կգոյատևեն, կվճարեն նրանց համար, ովքեր չեն գոյատևի: Հաղթողներ չեն լինի:

«Հիմա պարզ է, որ աշխարհը սուզվում է ռեցեսիայի փուլ»,- համաշխարհային տնտեսության անկումն է կանխատեսում Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան: Ըստ նրա՝ այն կլինի ավելի վատ, քան անգամ 2009-ի մեր վերապրած ճգնաժամը։

ԱՄՀ-ի ղեկավարը չբացառեց 2021 թ. պատասխան տնտեսական թռիչքը, բայց միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի զսպել այս համաճարակը և շտկել դրա միջոցով առաջ եկած աղճատումները: Դրա համար անհրաժեշտ է «կանխել սնանկությունների և կրճատումների ալիքը, որոնք սպառնում են ոչ միայն տնտեսության վերականգնմանը, այլև սոցիալական համերաշխությանը»,- գտնում է նա: Դա շատ թանկ կարժենա:

Ինչի՞ համար անհրաժեշտ կլինի վճարել

Կորոնավիրուսը ի ցույց դրեց որոշ երկրների առողջապահական համակարգում առկա թերությունները և մյուսների լիակատար փլուզումը: Առաջին հրատապ ծախսերն ուղղվեցին հենց այդտեղ՝ ժամանակավոր հիվանդանոցներ, դիմակների և սարքավորումների անհապաղ գնումներ, բժշկական անձնակազմ: Երբ փոշին նստի, շատ երկրներ ստիպված կլինեն լուրջ ներդրումներ կատարել այս համաճարակի կողմից հայտնաբերված առողջապահական խնդիրների լուծման համար:

Բացի հիվանդներին փրկելուց և պատվաստանյութ ստեղծելուց Արևմուտքն ուրիշ ինչի՞ վրա առաջնահերթ գումարներ կծախսի: Յուրաքանչյուր երկիր ունի իր ցուցակը, բայց արդեն հայտարարված հակաճգնաժամային միջոցառումների մոտավոր ցուցակն ընդհանուր առմամբ այսպիսի տեսք ունի:

– Գրեթե բոլոր երկրները սկսել են վարսահարդարներին, տաքսիստներին, դիզայներներին և ռեստորաններին խոստացվելիք աջակցությամբ: Նրանք փոքր բիզնեսին, անհատ ձեռներեցներին և ինքնազբաղներին խոստանում են անփոխհատույց դրամաշնորհներ և արտոնյալ վարկեր:

– Փողի ուղղակի բաշխում. յուրաքանչյուր ամերիկացի կստանա մինչև 1 200 դոլար կանխիկ գումար, ճապոնացիներին ու հույներին նույնպես խոստանում են «նվերներ»:

– Արտոնյալ վարկեր առավել տուժած ոլորտներում գտնվող ընկերություններին։ Ցուցակը բացում են ավիացիայի և զբոսաշրջության ոլորտները, սակայն այն դեռ համալրվելու է։

– Հարկային արձակուրդներ. ընկերությունների և անհատ ձեռներեցների հարկային վճարումների հետաձգում։
Գործազրկության նպաստի բարձրացում և դրա ստացման պահանջների մեղմացում: Օրինակ ՝ Իռլանդիան շաբաթական 350 եվրո նպաստ է խոստանում բոլոր նրանց, ովքեր կորցրել են աշխատանքը կորոնավիրուսի պատճառով:

– Վարկային արձակուրդներ. ընկերությունների և ֆիզիկական անձանց վարկերի մարման հետաձգում։
Բյուջեից հատկացումներ այն ընկերությունների աշխատողներին, որոնք կարանտինի պատճառով ստիպված անգործ են մնացել: Չեխիայում, Նիդեռլանդներում և Մեծ Բրիտանիայում իշխանությունները խոստացել են մի քանի ամիս իրենց վրա վերցնել մասնավոր բիզնեսի վճարելիք աշխատավարձերի 80-90 տոկոսը:

– Աշխատակազմի կրճատման ծախսերի փոխհատուցում, որպեսզի մարդիկ մի քանի ամիս ստանան աշխատանքից ազատվելու վճար, այլ ոչ թե կրճատվեն առանց գրոշի։

– Վճարովի ծնողական արձակուրդ, որպեսզի ծնողները չշտապեն աշխատանքի դուրս գալ, քանի դեռ դպրոցները փակ են։ Ֆրանսիայում` մինչև երկու շաբաթ բյուջեի հաշվին:

– Որոշ երկրներ (օրինակ՝ Շվեյցարիա) նույնիսկ փոխհատուցում են կոնֆերանսների և այլ միջոցառումների չեղարկման կորուստները:

Այս միջոցները տրիլիոնավոր դոլարներ կարժենան, գումարը կվերցվի պարտքով, իսկ ստիպված են լինելու վճարել ապագա սերունդները։ Սակայն առանց արհեստական շնչառության բիզնեսը և մարդիկ կարող են և չհաղթահարել այս համաճարակը։

«Ներկայիս ճգնաժամը մեր հիշողության մեջ ամենալուրջն ու մասշտաբայինն է։ Այս անգամ, սակայն, հիմնական խնդիրը վիրուսն է: Իրականում սա նշանակում է, որ մենք գտնվում ենք շատ լուրջ ճգնաժամի եզրին»,- ասում է Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության գլխավոր տնտեսագետ Լորենս Բունը և հավելում, որ եթե մի քանի ամսվա ընթացքում հնարավոր չլինի զսպել համաճարակը, և այն վերադառնա հաջորդ ձմեռ, աշխարհի ոչ մի տնտեսագետ չի կարող կանխատեսել, թե ինչի դա կհանգեցնի։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ Коронавирус разоряет мир. Сколько придется заплатить за реанимацию мировой экономики?

Մեկնաբանել