Կորոնաճգնաժամ․ ինչ է անում աշխարհը և ինչ է անում Հայաստանը տնտեսությունը փրկելու համար 

Հայաստանի կառավարությունը անցյալ շաբաթ և այս շաբաթ՝ մարտի 30-ին, ընդունեց մի շարք որոշումներ, որոնք միտված են կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տնտեսական ճգնաժամի հետևանքների մեղմմանը։ Ընդունված ութ փաթեթների կեսը վերաբերում է բիզնեսին աջակցությանը, մյուս մասն էլ սոցիալական խնդիրներ լուծելու նպատակով էին։ Ինչ գործողություններ են ձեռնարկում այլ երկրների կառավարությունները տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու համար և ինչ է անում Հայաստանի կառավարությունը։

Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է սոցիալապես անապահով ընտանիքներին նպաստների տրամադրման ժամկետը վեց ամսով, բացի այդ՝ նախատեսվում է 5000 ռուբլի (30 000 ՀՀ դրամ) վճարել բազմազավակ ընտանիքին՝ մինչև երեք տարեկան յուրաքանչյուր երեխայի համար։ Գործազրկության նպաստների չափը կավելացվի։ Սպառողական և հիփոթեքային վարկեր ունեցող քաղաքացիներին, որոնք ճգնաժամի պատճառով աշխատանք կամ իրենց եկամուտների 30 և ավելի տոկոսը կորցրել են, կտրամադրվի վարկային արձակուրդ։ Նույնը վերաբերում է բիզնեսի ներկայացուցիչներին։ Փոքր ու միջին բիզնեսի համար հարկերի վճարումները կհետաձգվեն վեց ամսով, այդ ձեռնարկություններում հարկային ստուգումները կադադարեցվեն։ Մարտի 20-ին ՌԴ կառավարությունը հայտարարեց նաև 300 միլիարդ ռուբլի (մոտ 4 միլիարդ դոլար) ծավալով ֆոնդի ստեղծման մասին` կորոնավիրուսի բերած տնտեսական ճգնաժամին դիմագրավելու համար։ Նախատեսվում է նաև շահաբաժիններից եկամտի հարկի ավելացում, որն ընկերությունները դուրս են ուղարկում արտերկիր, օրինակ, որպես բաժնետերերին վճարումներ, 2%-ից դարձնել  15%։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մարտի 27-ին ընդունեց 2,2 տրիլիոն դոլարի խթանիչ փաթեթը՝ երկրի տարեկան ՀՆԱ-ի մոտ 10%-ի չափով։ Սա ներառում է 1 200 դոլարի չափով օգնության տրամադրում ամերիկացիներին, մինչև 17 տարեկան երեխայի համար ընտանիքին կհատկացվի 500 դոլար։ 600 դոլարով կաճեն գործազրկության նպաստները։ ԱՄՆ-ն 500 միլիարդ դոլարի վարկային երաշխավորություններ ու վարկերի սուբսիդավորում կիրականացնի բիզնեսի և նահանգների համար՝ պայմանով, որ դրանք պետք է պահպանեն իրենց աշխատատեղերը մինչ սեպտեմբեր ամիսն առնվազն։ Վարկերը տրամադրվում են հինգ տարի ժամկետով։ 

Ամերիկյան ավիաընկերությունները ևս աջակցություն կստանան, ընդհանուր առմամբ՝ 32 միլիարդ դոլարի չափով։ Սա կներառի մարդատար և բեռնատար ավիաընկերություններին տրամադրվելիք սուբվենցիան, ինչպես նաև աջակցությունը հարակից ծառայությունների ոլորտներին։ 

Բժշկական հաստատություններն ու բուժանձնակազմը կստանա 117 միլիարդ դոլարի չափով աջակցություն, հիփոթեքային վարկերի մարումներից տույժ և տուգանք չի գանձվի։ ԱՄՆ-ում, այնուհանդերձ, ընկերություններին պետությունը որոշ սահմանափակումների կենթարկի.  օրինակ տնտեսության այն ճյուղերը, որոնք վիրուսով պայմանավորված այլևս շահութաբեր չեն լինի՝ անկախ այդ փաստից, օժանդակությունից հետո կշարունակեն գործել՝ հնարավորինս պահպանելով աշխատատեղերը։ 

Ֆրանսիայում կառավարությունը բիզնեսին օժանդակելու համար 300 միլիարդ եվրոյի չափով հատկացում կիրականացնի՝ երաշխավորված վարկերի տեսքով։ Միայն այս գործիքը կազմում է Ֆրանսիայի ՀՆԱ-ի 13 տոկոսը։ Մինչև դեկտեմբերի 31-ը ֆրանսիական ձեռնարկությունները կարող են դիմել բանկ և ստանալ վարկ. առաջին տարում ընկերությունները կարող են վարկի մարում չիրականացնել։ Որպես մարման ժամկետի առավելագույն չափ նշվել է հինգ տարին։ 

Ֆրանսիայում ֆիզիկական անձինք կարող են դիմել հարկային մարմին և թույլտվություն ստանալ երեք ամսով հետաձգելու սոցիալական վճարների և ուղղակի հարկերի վճարումը։ Գերփոքր ձեռնարկությունները կարող են դիմել «Համերաշխության ֆոնդին» և ստանալ 1500 եվրոյի չափով աջակցություն, եթե 2019-ի մարտից մինչ 2020-ի մարտ ամիսներին կորցրել են իրենց շրջանառության նվազագույնը 70 տոկոսը։ Փոքրի բիզնեսի ներկայացուցիչները կարող են բանակցել բանկերի հետ՝ վարկային պարտավորությունների վերաձևավորման համար, իսկ եթե այս գործիքը չաշխատի, ապա կարող է կիրառվել հարկերի զեղչման մեխանիզմը։ 

Սրանից զատ՝ Ֆրանսիայի կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները հիմնել են մեկ այլ հիմնադրամ, որը դարձյալ փոքր ու միջին բիզնեսին օգնելու նպատակ ունի։ Այդ ձեռնարկությունների ֆինանսավորմանը մասնակցել են նաև ապահովագրական ընկերությունները՝ 200 միլիոն եվրոյի չափով։ Պետական գնումներում կառավարությունը մատակարարումների ուշացման դեպքում տույժեր չի գանձի։

Դանիայում կորոնավիրուսի հետևանքով բիզեսի համար առաջացած ճգնաժամը լուծելու համար կառավարությունը վճարելու է մասնավոր հատվածի այն աշխատողների աշխատավարձի 75 տոկոսը, որոնց ընկերությունները տուժել են ճգնաժամից։ Դանիան նախատեսում է բիզնեսին աջակցելու նպատակով տնտեսություն ներարկել ՀՆԱ-ի 13  տոկոսի չափով գումար։ 

Նորվեգիայի կառավարության՝ տնտեսությանն աջակցությունը կազմում է 100 միլիարդ  նորվեգական կրոն՝ մոտ 10 միլիարդ դոլար։ Կառավարությունն առաջարկել է տնտեսվարողներին հետ վերարդարձնել վերջին երկու տարիներին ընկերությունների վաչարած հարկերի որոշակի շեմը։ Հարկային փոփոխություններով Նորվեգիան բիզնեսի համար հետաձգել է հարկային վճարումները մինչև սեպտեմբերի 1-ը։ Ընկերությունների աշխատակիցների սոցվճարները ևս հետաձգվել են, դրանց դրույքաչափը նվազել է։ 

Հայաստան

Հայաստանում տնտեսությանն օգնելու կառավարության ձեռնարկած միջոցներն ու գործիքներն ուղղակի անհամեմատելի են վերը նշված երկրների կիրառած գործողությունների հետ։ Կառավարությունը բիզնեսին օգնելու համար ուղղում է ՀՆԱ-ի 3 տոկոսից էլ պակաս գումար՝ 150  միլիարդ դրամ. կառավարության ծրագրերից մեկով 25 միլիարդ դրամ կհատկացվի այն ընկերություններին օգնելու համար, որոնք աշխատավարձեր, կոմունալ ծախսեր, հարկային վճարումներ կկատարեն կամ հումք ձեռք կբերեն։ 

Պետությունն այս ամենն իրականացնելու է բանկերի միջոցով, այլ կերպ ասած՝ պետությունն անտոկոս վարկ է տրամադրելու տնտեսվարողներին, որոնք առանց այն էլ ունեն վարկային պարտքեր, հիմնականում՝ խոշոր։ Ընդ որում, ճգնաժամի մեջ հայտնված ընկերությունների վարկունակությունը գնահատվելու է բանկերի կողմից, և այս գործընթացը դեռ չի մեկնարկել, երկրում արտակարգ դրության շարունակումն ու հնարավոր երկարաձգումը կարող են ոչ արդյունավետ դարձնել այս գործողությունը։ 

Կառավարությունը պատրաստվում է 80  միլիարդ դրամանոց հիմնադրամ ունենալ՝ կորոնավիրուսի տարածումից հետո տնտեսության կարգաբերման և վերաձևավորման համար. այս մասով դեռ հստակություններ չկան, պարզ չէ, թե ում է այն ուղղվելու, ինչ կոնկրետ նպատակով։ 

Մարտի 30-ի որոշմամբ կառավարությունը աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտներին՝ հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային ծառայություններ, վարսավիրանոցներ, մանրածախ առևտրի ոլորտում տնտեսվարողներ։ Աջակցությունը կտրամադրվի վարձու աշխատողի համար 2020-ի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, անհատ ձեռնարկատիրոջը՝ 2019-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով։ Սա ևս միանվագ օգնություն է։ Գումարը ստանալու են այս բիզնեսի աշխատակիցները՝ ուղիղ պետությունից։ Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ասել է, որ այս փաթեթի բյուջեն գերազանցում է 10 միլիարդ դրամը՝ 100 000 շահառուով։

Սոցիալական մեկ այլ ծրագրով կառավարությունը կաջակցի այն քաղաքացիներին, որոնք ազատվել են աշխատանքից մարտի 13-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։ Նրանց կտրամադրվի օգնություն նվազագույն աշխատավարձի չափով։ Նշված ժամանակահատվածի  վեց օրերը եղել են ոչ աշխատանքային, այսինքն՝ կառավարությունը հնարավորինս նեղ է դարձրել աշխատանքից ազատվող քաղաքացիների շրջանակը։ 

Բազմաթիվ ընկերություններ դեռ վնասների հաշվարկման փուլում են և չեն կատարել կադրային կրճատումներ։ Անհասկանալի է, թե ինչ է սպասում այդ աշխատակիցներին։ Բացի այդ՝ կառավարությունը չի բացատրել, թե ինչու է այս աջակցությունը միանվագ և նվազագույն աշխատավարձի չափով և ոչ աշխատանքից ազատվելու ընթացքում ունեցած աշխատավարձի չափով։ 

Մեկ այլ սոցիալական ծրագրով կառավարությունը 100 000 դրամ կտրամադրի այն հղիներին, որոնց ամուսինները մարտի 13-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ազատվել են աշխատանքից, և այդ կանայք այլս չեն աշխատում։ Թե որքան անհամարժեք է այս ծրագիրն ընդհանուր ճգնաժամային վիճակին, նույնիսկ ավելորդ է քննարկել։ Կառավարության նիստի ընթացքում չնշվեց, թե որքան է թիրախային խումբը և ինչու է դարձյալ այս օգնությունը միանվագ։ 

Մկրտիչ Կարապետյան