Արցախի համապետական ընտրությունները մեկնարկել են ընտրատեղամասերում մեծ ակտիվությամբ

Մարտի 31-ին՝ ժամը 09:00-ին, Արցախում մեկնարկել են համապետական ընտրությունները։ Ինչպես տեղեկացրել է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, ընդհանուր առմամբ, ձևավորվել են 282 ընտրատեղամասեր, որոնք բոլորն էլ «ախտահանվել են, ինչպես նաև ապահովվել հակամանրէային ախտահանիչ լուծույթներով»։ Արցախի ԿԸՀ-ն նաև հայտնել է, որ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80 հազար դիմակ ու 160 հազար ձեռնոց։

ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը Ստեփանակերտից հայտնում է, որ ընտրատեղամասերում նկատելի են մարդկանց մեծ խմբեր, ամեն ինչ ընթանում է սովորականի պես։

«Ժամը 10։00-ի դրությամբ՝ Հայաստանում ընտրությունների ժամանակ այսքան մարդ ընտրատեղամասերում չի լինում»,- նկատեց Թաթուլ Հակոբյանը։

Երեկ ֆեյսբուքյան էջում նա գրել էր․ «Արցախում կյանքը եռում է: Անգամ վարսավիրանոցներն են բաց: Դիմակով մարդ գրեթե չկա: Հարյուրավոր հայաստանցիներ կան ու գալիս են»։

Ընտրությունների մասին

Արցախի 4-րդ նախագահի պաշտոնը ստանձնելու համար հայտ են ներկայացրել 14 նախագահի թեկնածուներ, որոնցից 8-ին առաջադրել են կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ: «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվել է Արայիկ Հարությունյանը, Արցախի «Արդարություն» կուսակցության կողմից՝ Վիտալի Բալասանյանը, «Ազգային Վերածնունդ» կուսակցության կողմից՝ Հայկ Խանումյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից»՝ Աշոտ Ղուլյանը, Արցախի «Պահպանողական» կուսակցության կողմից՝ Դավիթ Բաբայանը, «Անկախության սերունդ» կուսակցության կողմից՝ Ռուսլան Իսրայելյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից՝ Դավիթ Իշխանյանը, «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից՝ Վահան Բադասյանը: Եվս 6 թեկնածուներ հայտ են ներկայացրել ինքնաառաջադրման կարգով՝ Աշոտ Դադայանը, Բելլա Լալայանը, Մասիս Մայիլյանը, Մելսիկ Պողոսյանը, Սերգեյ Ամիրյանը և Քրիստին Բալայանը:

Համապետական ընտրությունների արդյունքում կձևավորվի յոթերորդ գումարման ԱՀ Ազգային ժողովը: Պատգամավորական 33 մանդատի համար մասնակցության հայտ են ներկայացրել 10՝ «Անկախության սերունդ», Արցախի «Արդարություն», Արցախի «Ժողովրդավարական», Արցախի «Հեղափոխական», Արցախի «Պահպանողական», «Ազգային Վերածնունդ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Միացյալ Հայաստան», «Միասնական հայրենիք» և Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև 2` «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» ու «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքները:

Ընտրությունները կանցկացվեն Արցախի բոլոր 228 համայնքներում, ընտրական իրավունք ունի 103 հազար 663 ընտրող:

Կարդացե՛ք նաև՝

Արցախի նախագահի 14 թեկնածուները և նրանց հայտարարագրած ունեցվածքը

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել