Ադրբեջանը կամ չի վերահսկում իր ստորաբաժանումները, կամ գնում է միտումնավոր սրման․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն մարտի 30-ի ուշ երեկոյան հայտարարություն է տարածել Տավուշում Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի կապակցությամբ, որի արդյունքում վիրավորվել է երկու զինծառայող, ինչպես նաև Ոսկևան համայնքի բնակիչ 14-ամյա տղա։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, որոնց հետևանքով վիրավորում է ստացել Տավուշի մարզի Ոսկևան համայնքի 14-ամյա բնակիչը: Միևնույն ժամանակ նույն հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ընթացքում վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող:

Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս գործողություններով Ադրբեջանը արհամարհում է միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ այս ժամանակաշրջանում զինադադարն անվերապահ պահպանելու և սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու կոչերը:

Այս ռազմական միջադեպը փաստում է, որ կամ ադրբեջանական կողմը չի վերահսկում սահմանին իր զինված ստորաբաժանումների գործողությունները, կամ գնում է իրադրության միտումնավոր սրման՝ կրելով դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը:

Այս գործողությունների հետևանքով տուժած մեր քաղաքացիներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-  ասված է հաղորդագրությունում։

***

Մարտի 30-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ ադբեջանական կողմը Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է արել․ թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող, միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:

Ուշ երեկոյան առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։

«Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,- գրել է Նիկողոսյանը։

Ստելլա Մեհրաբեկյան