Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Նիկոլ Փաշինյան

Արտակարգ դրության խստացված սահմանափակումները առնվազն տասը օրով կերկարաձգվեն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ «կա երկու նեգատիվ սահման։ Այդ նեգատիվ սահմաններից մեկը կորոնավիրուսի պատճառով խուճապահար լինելն է, մյուսը՝ դրան շատ հանգիստ վերաբերվելը»։

Փաշինյանն ասաց նաև, որ կա խնդիր՝ գործընթացը մաքսիմալ կառավարելի պահելու, «այսինքն՝ այնպես չլինի, որ մեզ մոտ հիվանդների թիվն այնքան շատանա, որպեսզի մեր առողջապահական համակարգը ուղղակի կաթվածահար լինի, և մենք այլ երկրների նման ստիպված լինենք փողոցներում ծառերի տակ մահճակալներ տեղադրել»։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց իրավիճակին լուրջ վերաբերվել և ըմբռնումով մոտենալ այն հանգամանքին, որ պետք է ապրենք որոշակի սահմանափակումների ռեժիմում։ Նա ևս մեկ անգամ շեշտեց խոցելի խմբին պաշտպանելու անհրաժեշտության մասին։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել