Բակո Սահակյանը՝ ընտրությունները չհետաձգելու, Ռոբերտ Քոչարյանի և իր ապագայի մասին

Մարտի 31-ին Արցախում անցկացվում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Ստեփանակերտում քվեարկությունից հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Բակո Սահակյանն ասաց, որ Նախագահի պաշտոնը թողնելուց հետո մնալու է Արցախում, չի հեռանալու (ինչպես իր նախորդները)։ Բակո Սահակյանի հիմնական մտքերը՝ ստորև։

Համաճարակի ռիսկի պատճառով ընտրությունները չհետաձգելու մասին

– Բացառվում է, որ մենք դիմենք այնպիսի որոշումների և գործողությունների, որոնց հետևանքով վտանգվի Արցախի Հանրապետության քաղաքացիների առողջությունը և անվտանգությունը։ Մենք անցկացրել ենք բազմաթիվ և բազմանպատակ քննարկումներ և եկել ենք այդ տրամաբանական որոշմանը, որ ունենք բոլոր նախադրյալները Սահմանադրության պահանջներին համապատասխան այս ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու։ Ինչպես գիտեք, այս պահի դրությամբ չի գրանցվել կորոնավիորուսի դեպք, և մեր միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակում մենք մշտական դիտարկում ենք անցկացնում, և այդ որոշումը եղել է գիտակցված, ինչու չէ՝ նաև հիմնավորված։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու իր միջնորդության մասին

– Վերջին հաշվով՝ մենք խոսում ենք մեկ հայրենիքի, և այդ զարգացումները տեղի են ունենում մեկ հայրենիքի շրջանակում։ Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում՝ երկու պետությամբ, և ես չեմ գտնում, որ նման միջնորդությունները խախտում են ձեր նշած կարգերն ու կանոնները։ Ճիշտ հակառակն եմ մտածում, և ինչպես նախկինում, այսօր, ապագայում էլ առաջնորդվելու եմ այդ մտածելակերպով, և ես չեմ կարծում, որ սրանով մենք լրացուցիչ լարվածություն ենք սերմանում կամ լրացուցիչ դժվարություններ ենք ստեղծում։ Մենք խոսում ենք, նորից եմ ասում, մի այնպիսի իրադարձության մասին, այնպիսի դերակատարների մասին, և ես չեմ կարող անտարբեր լինել այդ ամենի մասով, նախկինում, այսօր էլ, ապագայում էլ լինելու եմ այնպիսին, ինչպիսին ինձ ցուցաբերել եմ նախորդ ժամանակաշրջանում։

Բնականաբար, դա չի կարող հաճույք պատճառել ո՛չ ինձ, ոչ միայն Արցախի քաղաքացիներին, այլև, ավելի քան համոզված եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ընդհանրապես հայ ժողովրդին, որովհետև մենք խոսում ենք առաջնորդների մասին, որոնք ժամանակին ղեկավարել են ազգային ազատագրական պայքարը, և սկզբնական շրջանում նաև կազմակերպել են այդ զինված դիմադրությունը։ Հետագայում նշված մարդիկ իրենց մասնակցությունն են բերել բանակաշինության գործին, այդ մարդիկ մասնակցություն են ունեցել մեր հայրենիքի բարօրության ապահովման մեջ։ Պարզ է, որ նրանց ներկայիս վիճակը չի կարող չառաջացնել այդ ոչ հասարակ, այսպես ասած, տրամադրությունները մեր ժողովրդի մոտ։

Մարտի 1-ի դատավարության, տասը սպանությունների չբացահայտման մասին

– Եթե նկատել եք, այս ամբողջ ընթացքում մենք ցուցաբերել ենք այդ զգաստությունը և զսպվածությունը և մեր խոսքը կառուցելիս, մեր մեկնաբանությունները տալիս մենք իրավական գնահատականներ չենք տվել` լինի դա մեր միջնորդությունը դատարանում, լինեն այլ գործողություններ՝ իմ կողմից և մեր կողմից նախաձեռնված, միայնումիայն նպատակ էին հետապնդում իմ նշած իրողությունը հաշվի առնելով, որ մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնց մասնակցությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ դժվար է չգնահատել։ Այսօր կա դատական գործընթաց, պարտավոր ենք ցուցաբերել այդ անհրաժեշտ վերաբերմունքը և հարգել նաև դատական գործընթացի շրջանակում տեղի ունեցող զարգացումները։

Արայիկ Հարությունյանի ընտրվելու դեպքում ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու լուրերի մասին

– Այդպիսի քննարկումներ չենք ունեցել։ Պաշտոնաթող նախագահը կոչված է նաև անտարբեր չլինելու երկրի ներսում տեղի ունեցող այս կամ այն զարգացումներին, և բնականաբար, ես փորձելու եմ իմ հնարավորությունների շրջանակում օգտակար լինել ոչ միայն իշխանությանը, այլ նաև մեր հայրենիքին։ Մենք որևէ կոնկրետ քննարկում չենք ունեցել, և ճիշտ չէր լինի այդպիսի քննարկում ծավալելը։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել