Այս փուլում մեզ համար առաջնային է հանրային առողջության ապահովումը․ պարետ

Այս փուլում ինձ համար՝ որպես պարետ, առաջնային է հանրային առողջության ապահովումը, սա առաջնային և բացարձակ խնդիր է, որը որևէ այլ խնդրի հետ չպիտի համախառնվի․ մարտի 31-ին հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նկատեց, որ տնտեսական ճգնաժամը շատ դեպքերում ուղղակի կապ չունի այն սահմանափակումների հետ, որոնք այս փուլում կիրառվում են։ 

«Տնտեսական ճգնաժամը նույն ռեստորանների, հյուրանոցների, տուրիստական գործունեություն ծավալող ընկերությունների մոտ ուղղակիորեն կապված չէ տեղաշարժման սահմանափակումների հետ․ տուրիստներ չկան, աշխարհում չկան, չեն գալիս, այսինքն էն փաթեթները, որոնք կառավրության կողմից նախատեսված են, աջակցելու են ամենախոցելի տնտեսական ոլորտներին, և կարծում եմ դա առանձին հարց է, բայց հիմա բոլորիս առաջնահերթությունը պետք է լինի հանրային առողջության ապահովումը»,- ասաց փոխվարչապետը։ 

Կորոնավիրուսը Հայաստանում արդեն ունի լոկալ տարածում․ այն այլևս միայն արտերկրից ժամանածների կողմից չի տարածվում։ Այս պահին կորոնավիրուսով վարակվածների դեպքեր գրանցվել են և Երևանում, և ութ մարզերում։ Պարետը վստահեցնում է՝ բոլոր այն գործողությունները, որոնք ձեռնարկվում են տարածումը կանխարգելելու համար, արդյունավետ են։

«Եթե, օրինակ, կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեր, որևէ սահմանափակում չմտցներ, և եթե միջինում վարակի տարածման ինտենսիվությունը համարենք 2,4 գործակցով, իսկ միջին ինկուբացիոն շրջանը ընդունենք որպես 5,6 օր, մարտի 1-ից հետո 75-80 օրվա ընթացքում ՀՀ բնակչության մոտավորապես 89%-ը կլիներ վարակված և միայն Երևանում մենք կունենայինք 8 200 ծանր հոսպիտալացված դեպքեր։ Մենք փուլ առ փուլ կանխարգելիչ գործողություններ սկսել ենք անել դեռ հունվարի 30-ից»,- հայտարարեց Ավինյանը։

 Վերահսկողությունն ուժեղացնելու համար ներգրավվելու են հավելյալ ուժեր։ Սահմանափակումների նպատակը, Ավինյանի համոզմամբ, վարակի տարածման ինտենսիվությունը նվազեցնելն է՝ այնքան, մինչև այդ թիվը լինի մեկից քիչ։

«Դա կնշանակի, որ մեկ վարակակիրը միջինում կվարակի մեկից քիչ անձի,և մենք այս ուղղությամբ ունենք երկու հիմնական բլոկ․ առաջինը՝ Համաճարակ վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գործառույթն է, որը առաջին իսկ օրվանից շղթաներն է վարակի հայտնաբերել և այդ անձանց մեկուսացրել, երկրորդ բլոկը արդեն վերաբերում է գործողության տեսակների սահմանափակումների և մարդկանց տեղաշարժի սահմանափակումներին։ Այս երկու բլոկի միասնական ներգործությունը, մեր կարծիքով, այս փուլում տալու է դրական արդյունք, մասնավորապես, տեխնոլոգիական նոր լուծումները մեզ թույլ են տալու էֆեկտիվ, ավտոմատացված կերպով հայտնաբերել անձանց, որոնք ունեցել են վարակակրի հետ շփում։ Մենք փորձում ենք անընդհատ տեխնոլոգիապես զարգացնել այս գործիքները»։

ՍիվիլՆեթի ուղղած հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ են, հետևելով հարևան Վրաստանի օրինակին, ստեղծել պարենային ապրանքների պահուստ, Ավինյանը պատասխանեց, որ այս փուլում դրա քննարկման կարիքը չկա, սակայն դա չի նշանակում, որ ապագայում նույնպես բացառվում է, որ չլինի նման անհրաժեշտություն։

Սահմանափակումների և վերահսկման մասին խոսելիս փոխվարչապետը ձևակերպեց, թե որն է հիմնական նպատակը․ «Մեր նպատակն է հնարավորինս, այս տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ, ավելացնել թեստավորման քանակները, և այս պրոցեսին համահունչ նաև նվազեցնել սահմանափակումները»։ 

Սաթենիկ Հակոբյան