Պուտինը և կորոնավիրուսը․ ինչ է հետևանքներ կունենա համավարակը Ռուսաստանում

Այս օրերին շատ են վերլուծություններն ու կանխատեսումները կորոնավիրուսի պանդեմիայի հնարավոր հետևանքների մասին։ Այն մասին, թե ինչ է նշանակում համավարակը Ռուսաստանի և նախագահ Պուտինի ու նրա իշխանության համար, գրում է Մոսկվայի Կարնեգի կենտրոնի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բաունովը։

Գործող աշխարհակարգն իրենց օգտին վերանայելուն կողմ հանդես եկող երկրների համար համավարակը այդ ցանկությունը թարմացնելու առիթ է։ Խիստ միջոցառումներն այժմ մադրիդյան, միլանյան կամ լոնդոնյան որակելու և Իտալիայի՝ Չինաստանի փոխարեն աղետի հոմանիշ դառնալու փաստը արևմտյան առաջնորդներին հուշում է, որ պայքարելու առիթ ունեն, բայց հաղթանակը երաշխավորված, իսկ պարտությունը բացառված չէ։

Գերմանական զորքի՝ Մոսկվայի մատույցներ հասնելու աշնանից ի վեր՝ առաջին անգամ են փակ թատրոններն ու համերգասրահները, բայց ընդհանուր առմամբ՝ կյանքը քաղաքում դեռ ավելի նորմալ տեսք ունի, քան արևմտյան այլ մայրաքաղաքներում։ Ոմանք դրանում Ռուսաստանի ուժի և Արևմուտքի թուլության ապացույցն են տեսնում, ոմանք էլ ինքնախաբեություն և իշխանությունների հանցավոր անփութություն, որն անպատճառ ողբերգության կվերածվի, և պահանջում են մտցնել խստագույն կարանտին, ինչպես եվրոպական պետությունների մեծ մասում։ Առաջին անգամ մի քանի սերունդների հիշողությունում իրավիճակը Ռուսաստանում ավելի վատ չէ, քան զարգացած երկրներում, իսկ մղձավանջի դեպքում նորմալ երկրում թաքնվելու սովորական սցենարը չի աշխատում․ մղձավանջն ամենուր է, իսկ թաքնվել թույլ չեն տալիս։

Ռուսաստանի կառավարությունը, ինչպես բոլորը, դժվար ընտրության առջև է՝ փրկել ծերերին և թույլերին՝ պաշարների, այդ թվում բժշկության աղբյուր տնտեսությունը ծայրահեղորեն դանդաղեցնելով, թե արհամարհել սպառնալիքը և վտանգել որոշակի մարդկանց կյանքը՝ տնտեսական ակտիվության և սպառման սովորական մակարդակը քիչ թե շատ պահպանելու համար։

Ինչպես ցանկացած երկրի իշխանություն, Վլադիմիր Պուտինն էլ է ցանկանում հաղթել համավարակին՝ բնակչությանը և տնտեսությանը հնարավորինս քիչ վնաս հասցնելով։

Կենսաբանության քաղաքականությունը

Չինական համավարակի՝ գլոբալ պանդեմիա դառնալու պահին հենց Պուտինը հայտարարեց, որ հնարավորություն է գտել Ռուսաստանի գլխին ավելի երկար մնալ, քան դա թույլ է տալիս գործող օրենքը։ Նա անցավ ավտորիտար նախագահին արևելյան տիպի ցմահ ավտոկրատից տարբերող պատնեշը։

Երկու իրադարձությունները (Պուտինի՝ սահմանադրական ռուբիկոնը բացահայտ ավտորիտարիզմի ուղղությամբ անցնելը և համավարակի՝ Եվրոպա, ինչպես նաև Ռուսաստան հասնելը) համընկան։ Այժմ Պուտինի մնալու որոշմանը անխուսափելիորեն գնահատական կտան համավարակը հաղթահարելու լույսի ներքո։ Եթե դա նրան չհաջողվի, քաղաքացիների մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ աջակցել մի առաջնորդի հավերժ ղեկավարմանը, որը չի կանգնեցրել տարածվող հիվանդությունները, բավականաչափ չի օգնել բնակչությանը հաղթահարելու դժվար ժամանակները։

Ռուսաստանի ղեկին մնալու հնարավորությունը ստանալու համար Պուտինը կիրառել է օրենքների այնքան կեղծ մեկնաբանություններ, որ նույնիսկ հնազանդ Սահմանադրական դատարանը հիմնավորման մեջ տեղեկացնում է, որ օրենքի փոփոխությունները ուժի մեջ են նրա համար, քանի որ դրա հետևում ժողովրդի կամքն է, իսկ ժողովուրդը հենց ժողովրդավարական նորմի գլխավոր ձևավորողն է։ Հենց այդ պատճառով էլ Պուտինի համար կարևոր է անցկացնել հանրաքվե, որը ապրիլի 22-ին էր նշանակված։

Ժամանակի ծանրությունը ավելանում է նրանով, որ համավարակի հետ մեկտեղ Ռուսաստանը չի կիսել դրանից կրճատվող նավթի շուկան Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) հետ և հրաժարվել է նվազեցնել արդյունահանումը։ Նավթի գինը իջել է, դրա հետ 25 տոկոսով արժեզրկվել է ռուբլին՝ դառնալով աշխարհում ամենաանկայուն արժույթներից մեկը, աճում է ներկրվող ապրանքների գինը՝ մեքենաներից և էլեկտրոնիկայից մինչև հագուստ, սննդամթերք և դեղորայք։ Ռուսաստանում ոչ միայն կարանտինային խիստ միջոցառումների անկնկալիքը, այլ նաև դա է գնորդներին զանգվածաբար բերել խանութներ։

Համավարակը և տնտեսական անկայունությունը, անխոս, Պուտինին հավելյալ հնարավորություններ են տվել։ Առաջին, իշխանությանը մնալու որոշումը շատ ընտրողների աչքում ավելի հասկանալի է թվում․ դժվար ժամանակներ են, ավելի լավ է ռիսկի չդիմել։ Այլ հանգամանքներում իրեն ցմահ ղեկավար հռչակելը բողոք կառաջացներ։ Իսկ այսպես իշխանությունները օրինական հիմնավորումով, ինչպես ամբողջ աշխարհում, արգելում են 50-ից ավելի մարդկանց հավաքվելը, և այդ թիվը ցանկացած պահի կարող է պակասել։

Մարդիկ քաղաքականության մասին ավելի քիչ են մտածում, քան սեփական առողջության և տնտեսական խնդիրների։ Եվ հանրաքվեի քիչ մասնակցությունն էլ կարելի է վերագրել համավարակային իրավիճակին կամ առաջին անգամ թույլ տալ առցանց քվեարկություն, որտեղ դիտորդները գործնականորեն անզոր կլինեն հետևել կեղծումներին։

Չնայած սոցիոլոգները դեռ չեն կանխատեսում Պուտինի՝ աջակցության հետ խնդիրներ ունենալը, համավարակի պատճառով քվեարկությունը միշտ կարող է հետաձգվել կամ չեղարկվել՝ սահմանափակվելով խորհրդարանում  փոփոխությունների ընդունմամբ։ Բացի այդ, ֆեյքերի և խուճապի դեմ պայքարը իշխանություններին համացանցը վերահսկելու հավելյալ լծակներ է տալիս։

Պուտինը հազիվ թե ցանկանա չեղարկել մայիսի 9-ի շքերթը, որն ամեն տարի Ռուսաստանի ռազմական հզորության և պատմական փառքի ցուցադրումն է դառնում, իսկ կարևոր հյուրերի ամբիոնը՝ Մոսկվայի դիվանագիտական ազդեցության։ Այս տարի ամբիոն հաջողվեց հրավիրել նախագահ Մակրոնին, որը Ֆրանսիային վերադարձրեց նրա ավանդական դերը՝ թշնամի Արևմուտքում Ռուսաստանի բարեկամ տերության։ Շքերթի և «Անմահ գնդի» չեղարկումը կարող է Պուտինի համար չափազանց տհաճ ազդանշան ուղարկել հանրությանը․ ԽՍՀՄ-ը հաղթել է նացիզմին, իսկ պուտինյան Ռուսաստանը պարտվում է վիրուսի դեմ պատերազմում։ Հաղթանակի օրը պետք է չվերածվի պարտության օրվա։

Գրեթե ոչ մի ազգ չի համարում իր վիճակագրությունը բացարձակ հավաստի, սակայն այս երկու ամսաթվերի՝ ապրիլի 22-ի և մայիսի 9-ի պատճառով, Ռուսաստանի քաղաքացիները պաշտոնական թվերին չհավատալու լրացուցիչ պատճառներ ունեն։

Բնական դաշնակիցներ

Միանգամայն հավանական է, որ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի մեծ է, քան պաշտոնական վիճակագրությունն է ասում։ Մյուս կողմից, մասշտաբային համավարակ դեռ չկա։ Դա խոստովանում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։ Ներկայիս պայմաններում տեղեկատվությունը պարզապես հնարավոր չէր լինի թաքցնել։ Ռուսաստանում համացանցի վերահսկողությունը շատ հեռու է Չինաստանի վերահսկողությունից․ Youtube-ը և սոցիալական ցանցերը բոլորին հասանելի են, և լի կլինեին վիրուսի մասին ծանոթների և անծանոթների, հարազատների առողջացման կամ, ավաղ, մահերի մասին պատմություններով, եթե մեծ համավարակը արդեն սկսված լիներ։

Սակայն դրան պատրաստվում են։ Մոսկվայում վերապրոֆիլավորում են հիվանդանոցները և չինական օրինակով շտապում են կառուցել նորերը ծայրամասերում։

Շարունակվում է Պետխորհրդի հետ հանելուկային խաղը․ ստեղծվել է Պետխորհրդի աշխատանքային խումբը համավարակի դեմ պայքարի համար, խումբը ղեկավարում է Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը։ Հաջողության դեպքում առաջին հաղթողը կլինի Պուտինը, բայց նրան կհետևեն Սոբյանինն ու Պետխորհուրդը։ Պարտությունը կհարվածի բոլորին՝ առանց տարբերության։

Այն, որ վիրուսի դեմ պայքարը գլխավորել է Մոսկվայի քաղաքապետը, ցույց է տալիս, որ իշխանություններն ամենաշատը վախենում են մայրաքաղաքի համար։ Այստեղ բնակչությունը շատ խիտ է՝ երկար ճամփորդություններ հանրային տրանսպորտով և արտասահմանի հետ ամենաակտիվ կապերը։ Մայրաքաղաքի տրամադրությունից կախված է իշխանությունների դիմացկունությունը։

Ռուսաստանը ավտորիտար և նույնիսկ տոտալիտար հարուստ ավանդույթներ ունի, բայց դա չի նշանակում, որ այստեղ կընտրեն վիրուսի դեմ պայքարի չինական եղանակը։ Ռուսներն ավելի անհնազանդ են և ավելի քիչ են հակված կոլեկտիվ կարգապահությանը, քան չինացիները կամ կորեացիները։ Խորհրդային փորձն արդեն մոռացված է։ Ե՛վ հիմա, և՛ խորհրդային շրջանում սոցիալական ընդունելի նորմ այստեղ մնում է ոչ միայն կանոնների և օրենքների կատարումը, այլև խախտումը։ Մասամբ, քանի որ այդ օրենքները և կանոնները ընկալվել են որպես պետական քմահաճություն, որից, հնարավորության դեպքում, ավելի լավ է խուսափել։

Չեռնոբիլի վթարի ժամանակ ցույցի պարտադիր գնալը լավագույնս է պատկերում այն, թե որտեղից է առաջանում այդ հայացքը։ Խախտողներին մատնելը ևս ամենուր չէ, որ ընդունվում է․ Ռուսաստանում մանկուց են սովորեցնում, թե ինչքան վատ է չարախոսելը։

Այնպես որ, ռուսական իշխանությունները հազիվ թե կարող են ակնկալել քաղաքացիների հնազանդ ենթարկվելը, իսկ տոտալ վերահսկողությունը 13 միլիոն բնակչությամբ մեգապոլիսում կարող է լինել տեխնիկապես անիրագործելի առաջադրանք։ Այն թերևս կվերածվի ոստիկանական կամայականության (ոչ ոք չի կարող իրականացնել վերահսկողություն բացի ոստիկաններից, որոնցից հանրությունը Գոլունովի և այլ դեպքերից հետո վրդովված է), իսկ կոռուպցիան դրա մեջ բազմաթիվ անցքեր կառաջացնի։ Երկու դեպքում էլ բնակչների դժգոհությունը կարող է հատել կրիտիկական կետը։ Ռուսաստանում համավարակի նկատմամբ տոտալ ուժային վերահսկողություն սահմանելու փորձը կարող է լինել քաղաքականապես այնքան վտանգավոր, ինչքան հենց համավարակը։

Պուտինին մնում է հուսալ, որ կարանտինային խիստ միջոցառումների, բնակչության ինքնապահպանման զգացումի և տնտեսական պահանջների համադրումը համավարակը կպահեն սոցիալական և քաղաքական ընդունելի մակարդակում։ Այդ դեպքում հաղթանակ կլինի վարակվածների և մահերի հանրության կողմից ընդունելի թիվը՝ տնտեսական ակտիվության որոշակի բարձր մակարդակի համադրմամբ։

Կյանքեր խնայելու և տնտեսությունը փրկելու միջև դաժան ընտրության միջև կարող է օգնել Ռուսաստանի հարաբերական հետամնացությունը Արևմուտքից։ Ի տարբերություն արևմտյան երկրների՝ Ռուսաստանում մեծամասնությունը գրեթե չունի խնայողություններ, ապրում է աշխատավարձից աշխատավարձ, և տնտեսական կյանքի դադարեցումը նրանց համար անիմաստ է։ Հենց դրա համար Արևմուտքի նման խստագույն միջոցառումների ընդունման պահանջ բարձրացնում է համեմատաբար բարեկեցիկ խավը։

Նվազ բարեկեցիկները հակված են հավատալու դավադրությունների բազմաթիվ տեսությունների, որ այս ամենը մեծ մոլորեցում է ինչ-որ մեկի նպատակների համար։ Տնտեսական կյանքի դադարեցումը՝ առանց ուղիղ բյուջետային սուբսիդավորման, ռուսական հանրության աղքատ և չափավոր աղքատ մեծամասնությանը գոյատևելու սահմանին կբերի համավարակից ոչ պակաս և վստահորեն չի դառնա գործող միջոց։ Մարդկանց հսկայական քանակ հատկապես մեծ քաղաքներում բնակարան է վարձում սև շուկայում, ոչնչով պաշտպանված չէ, և եթե ներդրվի վարձավճարները չվճարելու ծրագիր, նրանց վրա չի տարածվի։ Առանց աշխատանքի և գումարի մնացած ռուսները և միգրանտները կարող են սրել հանցավորության իրավիճակը։

Տոտալ կարանտինի հակառակորդների կողմից են խորհրդային բժշկության մնացորդները՝ տեղ-տեղ ժամանակակից տեխնիկայով բարելավված, և Եվրոպայի համեմատ ավելի փոքր միջին տարիքը։ Ռուսական հիվանդանոցները պայմանների և տեխնոլոգիների առումով հետ են մնում, իսկ բժիշկները հաճախ չեն տիրապետում բժշկության ամենանոր մեթոդներին, բայց նրանք շատ են․ դա առաջվա նման զանգվածային և ոչ շատ բարձր վարձատրվող մասնագիտություն է։ Նրանց թիվը կարող է բավարար լինել երիտասարդ և միջին տարիքի բուժառուներին (պացիենտ),- որոնց մոտ հիվանդությունը ավելի թեթև է անցնում,- օգնելու համար, իսկ կյանքի ավելի կարճ տևողության պատճառով ծանր ծեր հիվանդներ հնարավոր է՝ Ռուսաստանում ավելի քիչ լինեն, քան Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Վաղաժամ ինսուլտից և ինֆարկտից մահացությունը Ռուսաստանում մի քանի անգամ ավելի բարձր է, քան Արևմուտքում։

Նոր աշխարհակարգ 

Ռուսաստանի իշխանություններից միշտ ակնկալում են չեռնոբիլյան արձագանք՝ աղետի ծավալը թաքցնելու ցանկություն, հատկապես եթե նախօրոք հարկավոր է իրականացնել քաղաքական կարևոր միջոցառում։ Մյուս կողմից, Ռուսաստանում հիշում են, որ հենց Չեռնոբիլի աղետը հարված հասցրեց խորհրդային իշխանությունների և բնակչության միջև վստահության մնացորդներին և Խորհրդային Միության փլուզման պատճառներից մեկը դարձավ։ Ստի քաղաքական գինը կարող է լինել նույնքան բարձր, որքան ճշմարտության գինը։

Ակնհայտ է, որ Պուտինը փորձում է համատեղել անձնական քաղաքական խաղը, որը ճիշտ ժամանակին չսկսեց, և ապագայի հարվածների դեմ պայքարը՝ համավարակի տեսքով, աշխարհում տնտեսական ճգնաժամը և նավթի ցածր գինը, որի անկման մեջ մասնակցություն է ունեցել՝ տարվելով աշխարհաքաղաքական սեփական հաշվարկներով։ Այժմ նրա քաղաքական ճակատագիրը կապված է այնպիսի անկանխատեսելի գործոնների հետ, ինչպիսին համաշխարհային շուկան և համաշխարհային պանդեմիան են։ Նույնիսկ ռուսական վերնախավում կան մարդիկ, որոնք օրակարգի աղետներում տեսնում են քաղաքականություն մտնելու և ծարգրած հավերժ ղեկավարումը կանխելու հնարավորություն։

Ճակատագրի բոլոր հարվածները և աղետները նրա գործողությունների ծրագրերի փոփոխման պատճառը կարող են դառնալ՝ բոլոր բարդ որոշումներից ամենապարզի, բայցև ամենացանկալիի՝ մնալ և ղեկավարել։ Աղետի պատասխանը այժմ դառնում է նոր ծրագրերի մաս, իսկ արտաքին աշխարհին հետևելու արդյունքը՝ ընդունած որոշման հիմնավորում։

Երբ համավարակը Չինաստանից տարածվեց արևմտյան լիբերալ ժողովրդավարական երկրներ և այնտեղ նույնիսկ ավելի շատ կյանքեր խլեց, դրա դեմ պայքարը համակարգերի մրցության բնույթ ստացավ․ ո՞վ ավելի արդյունավետ կլինի՝ ավտորիտար Չինաստա՞նը, թե՞ ժողովրդավարական Արևմուտքը։ Հենց այս մրցության սկզբում Պուտինը վերջնական որոշում կայացրեց ավտորիտար ռեժիմի օգտին և հիմա բացեիբաց շահագրգռված է դրա օգուտով։

Ռուսաստանի առաջնորդը հավատարիմ է պարտադրված դաշինքի ռազմավարությանը, որն ընտրել էր դեռ 20 տարի առաջ սեպտեմբերի 11-ից հետո և հետո կրկնեց  Իսլամական պետության հետ պատերազմում․ դաշինքի հիմքը պետք է լինի ոչ թե Ռուսաստանի ստանդարտացումը արևմտյան օրինակով, այլ ընդհանուր թշնամու անկասկած առկայությունը։ Հիմա այդպիսի թշնամի է Covid-19 վիրուսը։

Տուժող տարածաշրջանները փափուկ ուժ գործադրելու դաշտ են։ Մինչ Եվրամիությունը «ազգային բնակարաններում» փակված է, իսկ երբեմնի հզոր Բրյուսելը լռում է, արևմտյան ԶԼՄ-ների հակահերոսները՝ Չինաստանը, Ռուսաստանը և Կուբան Իտալիային օգնություն են հատկացնում, որին ի պատասխան՝ անհաշտ տրամադրված արևմտյան քաղաքական գործիչները հիշեցնում են վիրուսի առաջացման մասին, մեղադրում են աշխարհաքաղաքական հակառակորդներին խուճապ ստեղծելու, դիվերսիոն արշավների և քարոզչության մեջ։ Ռուսական, իրանական և չինական իզոլյացիոնիստները պարտքի տակ չեն մնում։

Գործող աշխարհակարգն իրենց օգտին վերանայելուն կողմ հանդես եկող երկրների համար համավարակը այդ ցանկությունը թարմացնելու առիթ է։ Իհարկե, եթե ներկայիս աշխարհի արևմտյան առաջնորդները թուլություն դրսևորեն և համավարակը ավելի վատ հաղթահարեն։ Իսկ դա դեռ ակնհայտ չէ, չէ՞ որ պայքարը դեռ չի ավարտվել։ Խիստ միջոցառումներն այժմ մադրիդյան, միլանյան կամ լոնդոնյան որակելու և Իտալիայի՝ Չինաստանի փոխարեն աղետի հոմանիշ դառնալու փաստը արևմտյան առաջնորդներին հուշում է, որ պայքարելու առիթ ունեն, բայց հաղթանակը երաշխավորված, իսկ պարտությունը բացառված չէ։

80 տարի առաջ խորհրդային անողոք առաջնորդը զբաղված էր անձնական իշխանության ամրապնդմամբ, մոտեցող պատերազմի ֆոնին կեղծ դեկորացիաների և աշխարհաքաղաքական ինտրիգների ստեղծմամբ, բայց արդյունքում պարզվեց, որ բավականաչափ պատրաստ չէ դրան։ Նաև այդ պատճառով էր, որ հաղթանակը այդքան թանկ գնով տրվեց։ Համավարակի ներկայիս գլոբալ առճակատման առանձնահատկությունն այն է, որ ինչպես 80 տարի առաջ, ի դեմս ընդհանուր թշնամու, մրցակիցները շահագրգռված չեն իրար պարտության մատնելու մեջ, բայց միասնական պայքարից զատ կորոնավիրուսից հետո ապագա աշխարհը կառուցելու և դրանում իրենց տեղն ունենալու ծրագրեր են գծում։ Եվ հենց այստեղ կարող է նշանակություն ունենալ՝ ում և ինչ գնով է տրվել հաղթանակը։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի

Հոդվածի բնօրինակը՝ Путин и коронавирус. Что означает эпидемия для российской власти