Պարետատունը հաստատեց՝ Մարզահամերգայինի նախասրահը վերածվել է «մեծ հիվանդասենյակի»

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի նախասրահը վերածվել է «մեծ հիվանդասենյակի»․ տեղեկատվությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց պարետատան մամուլի հարցերի պատասխանատու Մանե Գևորգյանը:

Նրա խոսքով՝ պարետատունը կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ պայքարի շրջանակում տարբեր սցենարներ է քննարկում, և ըստ այդմ՝ Մարզահամերգային համալիրում, և ոչ միայն այնտեղ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

«Նպատակն է, որ անհրաժեշտության պարագայում պատրաստ լինեն ընդունելու մեր համաքաղաքացիներին»,- ասաց նա՝ նկատելով, որ հնարավոր է՝ դրա կարիքը չլինի:

Տարածվող լուսանկարներում Մարզահամերգային համալիրի նախասրահում տեղադրված են բազմաթիվ մահճակալներ:

Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսի 50 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 532 դեպք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին հայտարարեց, որ կառավարությունը ստիպված է առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Նրա խոսքով՝ իրավիճակը բավականին լուրջ է թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում:

Կորոնավիրուսով վարակված անձանց մեծ մասը՝ 424 անձ, համաձայն պաշտոնական տեղեկատվության, ջերմություն չունեն, 90-ը թոքաբորբ ունեն, 30-ը գտնվում են ծանր վիճակում: Առողջացածների թիվը հասել է 31-ի: Երեք մահ է գրանցվել:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել