Հարգելի՛ բաժանորդ, քեզ հետևում են քո անվտանգության համար

Մարտի 31-ի ուշ երեկոյան Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց օրենքների նախագծերի փաթեթ, որոնք նախատեսում են արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տեղաշարժի վերահսկողություն և զանգերի շրջանակի զատորոշում։ Քննադատները սա համարում են ոտնձգություն մարդու իրավունքների և անձնական ազատությունների նկատմամբ և զգուշացնում նաև արտակարգ դրությունից հետո հնարավոր քաղաքական ռիսկերի մասին։ Ընդհանրապես, կորոնավիրուսի համավարակն այս օրերին աշխարհի շատ հանրություններում օրակարգի վրա է դրել ժողովրդավարության և անվտանգության թեման՝ հաճախ դրանք հակադրելով իրար։

Վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացումը էականորեն ավելացրել է շարքային քաղաքացիներին հետևելու հնարավորությունները։ Մենք բոլորս էլ դժգոհում ենք սոցիալական ցանցերում և առցանց կայքերում մեզ անընդհատ առաջարկվող գովազդներից, որոնք համապատասխան ալգորիթմներն առաջարկում են՝ հենվելով թվային աշխարհում մեր նախասիրությունների վերլուծությունից։ Սակայն այս տեխնոլոգիաները կարող են ակտիվորեն օգտագործվել ոչ միայն մասնավոր կազմակերպությունների մարկետինգային պահանջների բավարարման նպատակով։

Արհեստական բանականությունը և «դեմքի ճանաչման/facial recognition» գործիքների լայնածավալ կիրառումը հնարավորություն են տալիս պետական կառոււյցներին գրեթե տոտալ վերահսկողություն իրականացնել քաղաքացիների նկատմամբ։ Այս առումով, թերևս, «առավել մեծ արդյունքներ» գրանցել է Չինաստանը, որտեղ վերջին տարիներին ակտիվորեն ներդրվում է «սոցիալական ռեյտինգավորման» համակարգը։ «Դեմքի ճանաչման/facial recognition» գործիքները հնարավորություն են տալիս ֆիքսել քաղաքացիների՝ սեփական բնակարանից դուրս կատարված գրեթե բոլոր գործողությունները՝ գնումներ խանութներում, որոշակի վարք փողոցում կամ հանրային տրանսպորտում։ Ըստ նախօրոք մշակված սանդղակի՝ յուրաքանչյուր գործողություն ավելացնում կամ նվազեցնում է քաղաքացու սոցիալական ռեյտինգը։ Որոշակի շեմից ռեյտինգի նվազումը կամ ավելացումը ենթադրում է կոնկրետ հետևանքներ իրական կյանքում։ Բացասական ռեյտինգի դեպքում քաղաքացին զրկվում է ինքնաթիռի կամ արագընթաց գնացքի տոմս գնելու հնարավորությունից, իսկ դրական ռեյտինգի դեպքում առկա են խրախուսման գործիքներ՝ ինտերնետի անվճար ծավալի տրամադրումից մինչև որոշակի զեղչեր գնումներ կատարելու ընթացքում։

Արևմտյան երկրներն ԱՄՆ-ի գլխավորությամբ խիստ քննադատության են ենթարկում այս համակարգը՝ Չինաստանին մեղադրելով մարդու իրավունքների, այդ թվում անձնական կյանքի գաղտնիության համատարած խախտման մեջ։ Չինաստանն իր հերթին պնդում է, որ այս համակարգը որևէ կերպ չի խախտում մարդու իրավունքները և ընդամենը միտված է սոցիալական դրական վարքի խրախուսմանը։

Այս բանավեճը տեղավորվում է «ժողովրդավարություն vs անվտանգություն» ավելի լայն կոնտեքստի մեջ։ Ներկայում աշխարհի գրեթե բոլոր պետություններում բազմաթիվ առևտրի կենտրոններ, ավտոկայանատեղիներ և անգամ փողոցներ կահավորված են տեսախցիկներով, որոնց նպատակը մարդկանց և նրանց գույքի անվտանգությունը ապահովելն է։ Միևնույն ժամանակ, միշտ առկա է վտանգ, որ այդ սարքերի տեսագրությունները կարող են տեխնիկական տարբեր միջոցների կիրառմամբ հայտնվել մասնավոր անձանց կամ կազմակերպությունների ձեռքում և կիրառվել ի վնաս քաղաքացիների շահերի։

Հարավային Կորեայի ՏՏ փորձը կորոնավիրուսի դեմ

Հասկանալի է, որ այս բանավեճը մասամբ տեսական բնույթ ունի և կարող է դեռևս տասնամյակներ շարունակվել։ Միևնույն ժամանակ, վերջին երեք ամիսների ընթացքում նոր կորոնավիրուսային համաճարակի՝ աշխարհի բազմաթիվ անկյուններում տարածվելուն զուգընթաց տարբեր պետություններ փորձում են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կանխել վարակի անվերահսկելի տարածումը։ Առաջին հաջողված փորձը, թերևս, Հարավային Կորեայում էր, որտեղ 2020 թ. մարտի 6-ին հատուկ բջջային հավելված է գործարկվել բացառապես վարակակիրների հետ հաստատված շփումներ ունեցող և հարկադիր մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների տեղաշարժը հսկելու նպատակով։

Սակայն հարկ է նշել, որ այս հավելվածը նախատեսված չէ բոլոր քաղաքացիների համար, և նույնիսկ հարկադիր մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների համար դրա օգտագործումը պարտադիր չէ։

Հունգարիա․ երկրի կառավարումը կարող է իրականացնել կառավարության որոշումներով

Վերջին օրերին անգամ Եվրամիության անդամ որոշ պետություններում ընդունվել են օրենքներ, որոնք սահմանափակում են մարդկանց իրավունքները։ Առավել նշանակալի փաստը մարտի 30-ին Հունգարիայի խորհրդարանի կողմից հաստատված օրինագիծն է, որը կառավարությանը թույլ է տալիս անսահմանափակ ժամկետով երկարաձգել արտակարգ դրությունը և երկրի կառավարումն իրականացնել կառավարության որոշումներով։ Օրինագիծը նաև մինչև հինգ տարվա ազատազրկում է նախատեսում վիրուսի կամ դրա դեմ պայքարի վերաբերյալ «կեղծ լուրեր» տարածող քաղաքացիների համար։

Եվրոպայի խորհուրդը և միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ արդեն քննադատել են Հունգարիայի խորհրդարանի այս որոշումը։ Սակայն հարկ է ընդգծել, որ վարակի տարածման ծավալների աճին զուգընթաց, հասարակությունների մեծ մասի համար պետական հաստատությունների գործունության արդյունավետության չափանիշ է դառնալու ոչ այնքան դրանց համապատասխանությունը ժողովրդավարության ընդունված նորմերին, որքան ճգնաժամային պայմաններում կենսական անհրաժեշտության ծառայությունների անխափան գործունեության և մարդկանց նվազագույն սոցիալական պահանջները բավարարելու կարողությունը։

Պատահական չէ, որ շատ փորձագետներ Եվրամիության մի շարք պետություններում և ԱՄՆ-ում գնալով խորացող ճգնաժամի ֆոնին համավարակի կանխման գործում Չինաստանի արձանագրած հաջողությունները (չնայած առաջին մեկուկես ամիսների ընթացքում թույլ տված սխալներին և համավարակի վերաբերյալ տեղեկույթի տարածման արգելքին) համարում են ճգնաժամային իրավիճակներում պետական կառավարման ուղղաձիգ համակարգերի արդյունավետության ապացույց։

․․․

Ամեն դեպքում հստակ է մի բան. չկան համավարակի տարածման կանխման հաջող պայքարի ունիվերսալ բանաձևեր, և շատ բան կախված է նախքան դրա բռնկումը պետական ինստիտուտների արդյունավետության աստիճանից և հասարակությունում մարդու իրավունքների և պետության դերի վերաբերյալ ձևավորված ընկալումներից։ Այս համատեքստում հատկապես 2018 թ. տեղի ունեցած քաղաքական կտրուկ փոփոխությունների ֆոնին դժվար թե Չինաստանի կամ այլ երկրների նմանատիպ մեթոդների կրկնօրինակումը Հայաստանում դրական արդյունքի հանգեցնի։

Մեկնաբանել