Նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը, լինելու է 2-րդ փուլ․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ նշելով, որ Արցախում ամենայն հավանականությամբ լինելու է երկրորդ փուլ։ ՀԿ-ն դիտորդություն է իրականացնում արցախյան ընտրություններում։

«Արցախի բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովների մեր դիտորդներից ստացված աղյուսակավորումներն ու մեր հաշվարկները գալիս են վկայելու, որ նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը և ապրիլի 14-ին լինելու է երկրորդ փուլ (չեմ խոսում դրա էպիդեմիոլոգիկ հետևանքներից)։

Հարկ է նկատել, որ այս թվերը կարող են փոփոխվել վերահաշվարկի ժամանակ, իսկ թեկնածուներից Հարությունյան Արայիկին, մեր հաշվարկով, չնչին քանակությամբ ձայներ են պակասել 50 տոկոս հավաքելու համար։

Տարածքային հանձնաժողովներում դիտորդները մնացել են միջև վերջին տեղամասի արձանագրության ժամանումը, իսկ ես ժամը 5-ն անց եմ ԿԸՀ-ից դուրս եկել։ Կարող եմ հավաստել, որ պաշտոնական տվյալների ուշացումը օբյեկտիվ է»,- գրել է Իոաննիսյանը։