Արցախի ժողովրդավարացումը կարևոր է հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից. Նիկոլ Փաշինյան

Ապրիլի 2-ի կառավարության նիստն սկսվեց՝ ապրիլյան Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Խոսելով 2016 ապրիլյան պատերազմի մասին՝ վարչապետն ասաց, որ այդ իրադարձության վերաբերյալ հնչում են ամենատարբեր գնահատականները:

«Պատերամզը, սակայն, տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը: Իսկ հարցը հետևյալն էր՝ թե անկախության սերունդը որքանո՞վ էր ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Այդ պատասխանը պերճախոս կերպով տրվեց: Անկախության սերնդի ներկայացուցիչները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ՝ պատասխանելով հարցերից ամենակարևորին: Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը պետք է վստահ լինեն, որ արցախյան ազատամարտի առաջին սերնդի ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդը, որ նույնքան վճռական՝ պատրաստ է կանգել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում: Եվ սա կասկածի տակ չի կարող դրվել», – ասաց կառավարության ղեկավարը։

Այնուհետև նա անդրադարձավ Արցախում մարտի 31-ին անցկացված ընտրություններին․ «Կարծում եմ՝ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, և դրանց մասին խոսում են պաշտոնական արդյունքները: Նախագահական ընտրությունների հանգուցալուծումն առաջին փուլով տալու համար թեկնածուներից մեկին՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանին, նախնական արդյունքներով չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն: Այս փաստն ինքնին բավականին խոսուն է: Խոսուն է նաև նախագահի թեկնածուների ու խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժերի աննախադեպ մեծ թիվը: Նաև խոսուն է այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններում երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր», – ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է հիմնախնդրի խարգավորման և տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսանկյունից:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել