«Վարդաշեն» ՔԿՀ-ի հինգ աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, այնուհետև, ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում, COVID-19 է հայտնաբերվել նաև վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։

«Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։ Հավելենք նաև, որ վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի մյուս աշխատակիցները՝ թվով 28 անձ, այս պահին ևս մեկուսացվել են, կատարվում է նմուշառում։

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ», – ասված է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 2-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 663 դեպք: Բուժվածներ թիվը 33 է, փաստացի բուժվողները՝ 626, բացասական թեստերը՝ 2940, մահվան ելքերը՝ 4:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ-ում մարտի 2-ի դրությամբ հաստատվել է 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ: 

Արշալույս Մղդեսյան