Կորոնավիրուսի պատճառով ԿԲ-ն էապես իջեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը

2020-ին տնտեսական աճը կկազմի 0,7% և կվերականգնվի 2021-ին՝ կազմելով 7,2%: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի հրապարակած «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 1-ին եռամսյակ 2020թ. Դրամավարկային քաղաքականության 2019թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)» փաստաթղթից։

2019-ի վեջին Կենտրոնական բանկը 2020-ի համար կանխատեսում էր 5,3% տնտեսական աճ: Պետական բյուջեի հիմքում դրված էր 4,9% աճի կանխատեսումը: Իսկ 2020-ի երեք ամիսներին գրանցվել է տնտեսական ակտիվության 8,7 տոկոս աճ։

Տնտեսական աճի նվազման պատճառը նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի հարուցած սոցիալ-տնտեսական լուրջ դժվարություններն են: Դրանք, ըստ ԿԲ-ի վերլուծության, արդեն իսկ արտահայտվում են համաշխարհային արտադրական շղթաների, զբոսաշրջության և տրանսպորտային ծառայությունների խաթարմամբ, հանքահումքային ապրանքների գների նվազմամբ, ֆինանսական շուկաների ցուցանիշների վատացմամբ։

Ի տարբերություն 2008-ի համաշխարհային ֆիանանսական ճգնաժամի, որը հիմնականում հանգեցրեց պահանջարկի կտրուկ անկման, Կենտրոնական բանկը նկատում է, որ կորոնավիրուսի համավարակի ավելի մեծ ազդեցությունը դրսևորվել է առաջարկի վրա՝ կամավոր և պարտադիր կերպով կրճատելով աշխատուժի առաջարկը, կանգնեցնելով արտադրական շղթաները։

Հայաստանի արտահանման ամենակարևոր հումքի՝ պղնձի միջազգային գները, ինչպես նշված է զեկույցում, նույնպես, նախորդ կանխատեսման համեմատ, կձևավորվեն ավելի ցածր մակարդակում՝ կապված համաշխարհային տնտեսության թուլացման հետևանքով պղնձի միջազգային շուկայում պահանջարկի կրճատման հետ:

Կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ և հակահամաճարակային միջոցառումներով պայմանավորված՝ ՀՀ տնտեսական աճը 2020-ին զգալիորեն կնվազի, կարծում են ԿԲ վերլուծաբանները՝ կանխատեսելով նաև, որ անորոշությունների նվազմանը զուգընթաց, հետագայում այն կվերադառնա ներուժային մակարդակին:

«2020-ը սկսվել էր տնտեսական ակտիվության բարձր մակարդակով, ինչի մասին վկայում են հունվար ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշները: Բարձր աճ է գրանցվել արդյունաբերության, շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտներում՝ կազմելով համապատասխանաբար 13,4%, 7,7%, 10,3%, 13,2%»,- արձանագրված է ԿԲ հրապարակած փաստաթղթում:

Կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ ուղղված հակահամաճարակային միջոցառումները զգալիորեն կճնշեն տնտեսական ակտիվությունը 2020-ին: Դրա բացասական ազդեցությունը հիմնականում կնյութականանա 2020-ի երկրորդ եռամսյակում, որից հետո, անորոշությունների նվազմանը զուգընթաց, տնտեսությունը աստիճանաբար կվերադառնա իր բնականոն ընթացքին: Բացասական ազդեցություն կկրեն տնտեսության բոլոր ճյուղերը, սակայն ավելի խոցելի են տուրիզմի և ժամանցի հետ սերտ առնչություն ունեցող ոլորտները:

Ըստ ԿԲ գնահատականների՝ 2020-ին տնտեսական աճը կկազմի 0,7%, որը զգալիորեն ցածր է նախկին կանխատեսումներից, սակայն հիմնականում կվերականգնվի 2021-ին՝ կազմելով 7,2%:

Չնայած համաճարակի ակնկալվող կարճաժամկետ ազդեցությանը, այնուամենայնիվ, դրա տևողությունը մնում է որպես գերակա ռիսկ, և տնտեսական ակտիվության, ինչպես նաև տնտեսության կառուցվածքի և ներուժային մակարդակի հետագա զարգացումները մեծապես կախված կլինեն դրանից, նշվում է զեկույցում։

«2020-ի առաջին կեսին վերը նշված զարգացումների պատճառով ՀՆԱ-ի ճեղքվածքը կպահպանվի բացասական տիրույթում, ինչը կմեղմվի խթանող դրամավարկային քաղաքականության և բյուջեի ակնկալվող խթանող ազդեցության արդյունքում: Կանխատեսվող հորիզոնում, անորոշությունների նվազմանը զուգընթաց, տնտեսական աճը կզուգամիտվի իր միջնաժամկետ հավասարակշիռ մակարդակին։

2020-ին ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը բարձր կգտնվի նախորդ կանխատեսման համեմատ՝ պայմանավորված առևտրային բացասական հաշվեկշռի և տրանսֆերտների վերանայումներով:

Նախորդ կանխատեսման համեմատ գնահատվում է ավելի մեծ՝ 4,1 տոկոսային կետ ընդլայնող ազդեցություն (ենթադրվում է պետական ծախսերի 3,5% խնայողություն, մասնավորապես արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մասով և հարկեր/ՀՆԱ ցուցանիշի 2019-ի մակարդակի պահպանում):

Ըստ ընթացիկ կանխատեսման՝ կարճաժամկետ հատվածում գնաճը ցածր կլինի նախորդ կանխատեսումից՝ պայմանավորված մի շարք ապրանքների մաքսային դրույքաչափերի՝ հունվարի 1-ից սպասվող փոփոխությունների հետաձգմամբ, ինչպես նաև տարեսկզբից «Ձու», «Միս» և «Վառելիք» ապրանքախմբերում գների նվազմամբ:

«Ակնկալվում է, որ «Ձու» և «Միս» ապրանքախմբերում տեղի ունեցած գնանկումը կկրի ժամանակավոր բնույթ, և հաջորդ եռամսյակում գնաճը կվերականգնվի առաջանցիկ տեմպով, ինչի արդյունքում համահունչ կլինի նախորդ կանխատեսմանը: Մյուս կողմից, համաճարակային իրավիճակով պայմանավորված, ընթացիկ կանխատեսումների շուրջ անորոշությունները կտրուկ ավելացել են նախորդ եռամսյակի համեմատ»,- ասված է ԿԲ-ի հրապարակած փաստաթղթում։

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել