Ի՞նչն է ավելի վախենալու՝ կորոնավիրո՞ւսը, թե՞ տնտեսության անկումը

Ի՞նչ անել, եթե տնտեսական ճգնաժամը լինի խորը և շարունակական: Ի՞նչ անել, եթե վիրուսից պաշտպանվելու միջոցները հանգեցնեն տևական տնտեսական անկման ՝ վտանգելով մարդկանց կյանքը: Հնարավո՞ր է զոհաբերել ոմանց՝ ուրիշներին փրկելու համար: Բարոյական այս երկընտրանքը քննարկումների տեղիք է տվել Գերմանիայում: Փաստարկներին անդրադարձել է Դոյչե Վելլեն (DW):

Աշխարհը չի խուսափի կորոնավիրուսի տարածումից, ինչպես նաև գլոբալ տնտեսական ճգնաժամից, որ 2020-ին նախևառաջ ծագել է SARS-CoV-2-ի տարածման դեմ համաշխարհային պայքարի արդյունքում: Այն, որ համաշխարհային տնտեսությանն անկում է սպասվում, ֆինանսական առաջատար վերլուծական հաստատությունների մոտ կասկած չունեն: Տնամեկուսացման ամեն ամիսը նվազեցնում է ԵՄ տարեկան տարեկան ՀՆԱ-ի ծավալները մոտ երեք տոկոսով, ասում է Արժույթի միջազգային հիմնադրամի եվրոպական բաժնի տնօրեն Փոլ Թոմսենը:

Խոր տնտեսական անկում. երբ դեղը հիվանդությունից վատ է

SARS-CoV-2 համաճարակի դեմ պայքարի գինն արդյոք անհամեմատ ավելի բարձր չի՞ լինելու անխուսափելի ռեցեսիայի հետևանքով ակնկալվող կորուստներից, այդ թվում՝ մարդկային զոհերից։ Եթե տնտեսությունը արագ չվերականգնվի, ապա «վնասն ավելի շատ կլինի, քան օգուտը»,- նախազգուշացնում է Բրիսթոլի համալսարանի ռիսկերի կառավարման գծով պրոֆեսոր Ֆիլիպ Թոմասը:

Գերմանիայում ուշադրություն են դարձրել նրա ուսումնասիրության վրա։ Ըստ այդմ՝ տնտեսական անկումը, որի արդյունքում 6,4 տոկոսով կկրճատվի համաշխարհային տարեկան ՀՆԱ-ն, կորոնավիրուսային հիվանդությունից ավելի շատ կյանքեր կխլի՝ գործազրկության, դեպրեսիայի, ինքնասպանությունների հետևանքով:

«Խնդիրն այն է, որ այսօր անհնար է կշեռքի նժարին դնել քաղաքական և տնտեսական փաստարկները․ բժիշկներն են թելադրում որոշումները»,- ասում է Մյունխենի տեխնիկական համալսարանի տնտեսական էթիկայի պրոֆեսոր Քրիստոֆ Լյուտգեն: Նա մտահոգությամբ է հետևում ստեղծված իրավիճակին և կարծում է, որ «չի կարելի տնտեսությունը կաթվածահար վիճակի մեջ դնել՝ ելնելով միայն առողջապահական նկատառումներից»:

«Մենք չափից շատ ենք լսում վարակաբաններին»

«Մենք չափից շատ ենք լսում վարակաբաններին»,- այսպես է իր հոդվածը վերնագրել Bild տաբլոիդը: Այնուամենայնիվ Գերմանիայի կառավարությունը, ըստ ամենայնի, չի պատրաստվում արագ վերջ դնել կարանտինային միջոցառումներին: Վարակաբանների մեծ մասը, որոնց լսում են Գերմանիայի իշխանությունները, և որոնցից հարցազրույց է վերցրել Deutschlandfunk ռադիոկայանը, միաձայն են, որ սահմանափակող միջոցառումները կտևեն ոչ թե մի քանի շաբաթ, այլ մինչև ամռան սկիզբը:

Այն փաստը, որ կառավարությունը ներկայիս ճգնաժամի ընթացքում ուշադրություն է դարձնում նախևառաջ բժիշկների և գիտնականների կարծիքին, վախեցնում է նույնիսկ վարակաբաններից ոմանց: Գերմանացի հայտնի վարակաբան Ալեքսանդր Կեկուլեն շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթում հրապարակած հոդվածում նշում է. «Կարծում եմ ՝ սխալ է, որ այդպիսի բարդ, բազմակողմանի խնդիրը դիտարկվում է միայն վարակաբանության տեսանկյունից»:

«Կարող է դաժան հնչել, բայց մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ մարդիկ մահանալու են», կա՛մ պարզապես կորոնավիրուսից, կա՛մ այլ հիվանդությունից, բայց լինելով SARS-CoV-2-ի կրող։- ավելացնում է վիճակագրության փորձագետ Գերդ Անտեսը:- Հետևաբար, ըստ նրա, կարևոր է համադրել կորոնավիրուսի զոհերի թիվը այն վնասի հետ, որն իր հետ կբերի ինքնամեկուսացման երկարատև ռեժիմը»:

Կորոնավիրուսը խորացրել է հայրեր – որդիներ հակադրությունը

Տնտեսական կյանքի դադարեցման արդյունքում կրած վնասները համադրելի չեն այդ սահմանափակումների արդյունքի հետ, ասում են տնամեկուսացման քննադատները։ Նրանք վկայակոչում են, ի թիվս այլ բաների, տվյալները, որ ինքնասպանությունների թիվը տնտեսական ճգնաժամերի ժամանակ աճում է: Ակնհայտ է նաև, որ այժմ աշխատաշուկա մուտք գործող սերունդը աշխատանք գտնելու ավելի ցածր հնարավորություններ կունենա, քան տնտեսական աճի ժամանակահատվածում: Եվ չնայած մարտին Գերմանիայում աշխատաշուկան դեռ չի զգացել համաճարակի հետևանքները, և գործազուրկների թիվը նույնիսկ շարունակել է նվազել, արդեն ապրիլին փորձագետները ակնկալում են, որ առնվազն 200 000 մարդ կկորցնի աշխատանքը:

Ինքնամեկուսացման ռեժիմից արագ դուրս գալու կողմնակիցները առաջարկում են, որ նախ բնականոն կյանքին վերադառնան երիտասարդները։ Այս գաղափարը բարձրաձայնել է, օրինակ, Կանցլերի աշխատակազմի ղեկավար Հելգե Բրաունը:

«Մենք գիտենք, որ վիրուսը վտանգավոր է, նախևառաջ, տարեցների և խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց համար: Հետևաբար, մենք պետք է նպատակային մեկուսացնենք այս խմբին: Չենք կարող մեր ամբողջ տնտեսական կյանքը կախված դարձնել 75-ամյա մարդկանց կարիքներից»,- ասել է պրոֆեսոր Լյուտգեն:

Ի պատասխան՝ այդ սահմանափակումների հակառակորդները նշում են, որ նման քայլը ոչ համերաշխ է և խտրական բնակչության մեկ խմբի նկատմամբ: Իսկ կողմնակիցները պնդում են, որ սահմանափակումները կարող են լինել ոչ պարտադիր: Հակառակ դեպքում, ըստ նրանց, խտրականության են ենթարկվելու փոքր բիզնեսի ներկայացուցիչները, ինչպիսիք են սրճարանների, ռեստորանների և փոքր այլ ձեռնարկությունների սեփականատերերը, որոնք կառավարության միջոցառումների հետևանքով հայտնվել են սնանկացման եզրին:

Էթիկական երկընտրանք. ինչպե՞ս չզոհաբերել ոմանց՝ հանուն այլոց

Բայց ինչ կլինի, եթե վիրուսի դեմ պաշտպանական միջոցառումները հանգեցնեն տնտեսական տևական ճգնաժամի և վտանգեն մարդկանց կյանքը: Հնարավո՞ր է զոհաբերել ոմանց կյանքը՝ մյուսներին փրկելու համար: Բարոյական այս հարցում Գերմանիան հենվում է իր Սահմանադրական դատարանի որոշման վրա, որը 2006-ին վճռեց. մարդկանց մի խմբի կյանքը չի կարելի հակադրել մեկ այլ խմբի կյանքին: Այլ կերպ ասած, կառավարությունը պետք է մարդկանց փրկի կորոնավիրուսից, նույնիսկ եթե դա բերի կարանտինային միջոցառումների արդյունքում կրած զանգվածային տնտեսական վնասի հետևանքով ինքնասպանությունների և այլ զոհերի, այսինքն` կողմնակի բացասական էֆեկտների ալիքի:

Գերմանիայում կարանտինային միջոցառումները դեռ երկրորդ շաբաթն է, որ ուժի մեջ են։ Արդեն իսկ մեծ է դրանց հետևանքով առաջացած վնասը, բայց այն դեռ ծայրահեղ չի թվում, և իրատեսական է մինչճգնաժամային տնտեսական վիճակի վերականգնումը մոտ ապագայում:

«Կորոնավիրուսից պաշտպանվելու գնի վերաբերյալ էթիկական քննարկումներ դեռ չեն սկսվել։- ասում է Քյոլնի Գերմանական տնտեսագիտության ինստիտուտից (IW) Քնութ Բերմանը։- Սակայն սա քննարկում է, որից մենք արդյունքում չենք կարողանալու խուսափել»:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ Что страшнее: коронавирус или рецессия в экономике?

Լուսանկարում՝ Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասները, որտեղ սովորաբար մարդաշատ է լինում (Photo credit: https://foreignpolicy.com/)

Մեկնաբանել