«Իմ քայլը» հատեց ռուբիկոնը և բանականության սահմանը

Կորոնավիրուսը ջրի երես հանեց «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության, Հայաստանի, ինչպես նաև՝ Արցախի իշխանությունների իրական դեմքը:

Կա այսպիսի հասկացություն՝ common sense, որի հայերենը բանականությունն է, այսինքն այն, որից ճգնաժամի օրերին զրկված են Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, նաև՝ հոգևոր դասը, Սփյուռքի մեր քաղաքական, բարեսիրական, հասարակական ու մշակութային միությունների մի մասը:

Արցախում մարտի 31-ի ընտրությունները լուսաբանելու օրերին փորձում էի հետևել Հայաստանի Ազգային ժողովի աշխատանքներին:

Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթներից մեկն էի լսում: Ասում էր՝ մենք կյանքեր ենք փրկում՝ ընդունելով դժվար, բայց անհրաժեշտ օրենքներ: Դա, իհարկե, կարող է ճիշտ լինել: Նույն այդ պահին դու Ստեփանակերտի ընտրատեղամասում ես, որտեղ 100 քառակուսի մետր տարածքի վրա 200 մարդ է հավաքված:

Սա քաղաքացիների առողջությունը քաղաքական պայմանավորվածություններին ու քաղաքական նեղ, անձնական շահերին ստորադասելու ցցուն և ապշեցնող անպատասխանատվության օրինակ է:

Իշխանական պատգամավորները նախ չտեսնելու էին տալիս Արցախի ընտրությունները և իրենց ֆեյսբուքի էջերում կիսում էին բանականության հետ կապ չունեցող, անկարևոր լուրեր: Ապա սկսեցին արդարացնել Արցախում ընտրություններ անցկացնելու որոշումը՝ հղում կատարելով հայկական երկրորդ պետության ներքին գործերին չմիջամտելու հանձնառությանը:

Դո՛ւք, հարգարժան պատգամավորներ, հավանաբար տեղյակ չեք, որ Արցախի քաղաքացիները կրում են ՀՀ անձնագրեր: Տեղյակ չեք, որ շփման գծի երկայնքով կանգնած են ՀՀ քաղաքացի ժամկետայինները: Տեղյակ չեք, որ Երևան-Ստեփանակերտ կապն ու շփումները շատ ուժեղ են, որ, ի վերջո, եթե հավատանք՝ «Արցախը Հայաստան է ու վերջ»:

Ազգային ժողովի ամբիոնից Ձեր ելույթները անուղղելի գոռոզամտության, ցինիզմի ու նարցիսիզմի օրինակներ էին:

Մենք շարունակում ենք հավատալ, որ, այնուամենայնիվ, ապրիլի 14-ին Արցախում չի կայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որը կարող է համընկնել Հայաստանում կորոնավիրուսի տարածման պիկին:

Ինչպես աշխարհի յուրաքանչյուր երկրի իշխանություն, Դուք նույնպես կարող եք մեղքը բարդել վիրուսի վրա:

Մենք պարտավոր ենք հիշեցնել, որ Արցախում ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը և հնարավոր վտանգավոր հետևանքները կրում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հայաստանի ու հայ ժողովրդի համար դժվար ու պատասխանատու այս օրերին ես կխուսափեմ այսուհետ հոդվածներով ամբողջությամբ բացահայտել այն պայմանավորվածությունները, որոնք 2018-ի ամառվանից եղել են Արցախում նախագահի թեկնածու ընտրելու հարցում:

Հուսանք՝ կորոնավիրուսը կկարողանանք հաղթահարել նվազագույն կորուստներով, կվերադառնանք բնականոն կյանք ու միայն դրանից հետո կանդրադառնանք մանրամասներին:

Եվս մեկ բան. Արցախի իշխանությունների, Հայաստանի ղեկավարության մի հատվածի այն համոզումը, որ մարտի 31-ի ընտրությունները ավարտվելու են մեկ փուլով, իրականություն չդարձավ: Ձեր հանրային հարցումները սխալ դուրս եկան: Սխալ դուրս եկան նաև Ձեր քաղաքական հաշվարկները, Ձեր քաղաքական պայմանավորվածությունները:

Առողջ եղեք:

Մեկնաբանել