Human Rights Watch-ն անդրադարձել է հեռախոսազանգերը զատորոշելու Հայաստանի օրենքին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անդրադարձել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի փոփոխություններին, ինչն արտակարգ դրության պայմաններում հնարավորություն է տալիս զատորոշելու և տեղորոշելու մարդկանց հեռախոսազանգերը՝ համաճարակի վարակը չտարածելու համար։

«2020 թ. մարտի 31-ին Հայաստանի խորհրդարանը ընդունեց օրենսդրական նախագիծ, որը շատ լայն վերահսկողության լիազորություններով է օժտում իշխանություններին՝ կորոնավիրուսով վարակված անձանց հնարավորինս շուտ գտնելու նպատակով տալով մատչում հեռախոսային որոշ տվյալների։ Օրենսդրական փոփոխությունները ենթադրում են գաղտնիության իրավունքի սահմանափակումներ և իշխանություններին հնարավորություն են տալիս մատչում ունենալ նաև վիրուսակիր անձանց գաղտնի բժշկական տեղեկատվությանը»,- նշված է կազմակերպության հաղորդագրությունում։

Նշվում է, որ ապրիլի 2-ի դրությամբ Հայաստանն ունի COVID-19-ի հայտնաբերված 663 դեպք (ապրիլի 3-ին՝ արդե 736 – խմբ․): Կառավարությունն արտակարգ դրություն է սահմանել մարտի 16-ից ապրիլի 14-ը, ապա համապետական տնամեկուսացում՝ մարտի 26-ից, և ձեռնարկել վիրուսի տարածումը կանխարգելող այլ միջոցառումներ.

«Հայաստանի կառավարությունը կանգնած է հանրային առողջապահական արտակարգ իրավիճակի առաջ, և տեխնոլոգիան պետք է կարևոր դեր խաղա առողջապահական տեղեկատվության հաղորդման և մարդկանց առողջապահության հասանելիության խթանման գործում։ Միևնույն ժամանակ, իշխանությունները պետք այնպես անի, որ զանգվածային վերահսկողության կիրառումը չխաթարի մարդու իրավունքները»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Գեորգի Գոգիան։

«Թեև համաճարակը կանխելու համար գաղտնիության իրավունքի պահպանման սահմանափակումներ կարող են լինել, կառավարությունը պետք է ապահովի, որ այդ սահմանափակումները լինեն օրինական, անհրաժեշտ և համաչափ»,- ասված է կազմակերպության հաղորդագրությունում:

Human Rights Watch-ը նշում է, որ Հայաստանում նոր ընդունված օրենքով՝ հեռահաղորդակցության ընկերությունները իշխանություններին տրամադրելու են իրենց բոլոր հաճախորդների հեռախոսային տվյալները՝ ներառյալ հեռախոսահամարները և զանգեր կատարելիս ու տեքստային հաղորդագրություններ ուղարկելիս նրանց գտնվելու վայրը, ժամը և ամսաթիվը: Իշխանությունները կօգտագործեն այդ տվյալները՝ նույնականացնելու, մեկուսացնելու կամ ինքնամեկուսացման մեջ պահելու ու վերահսկելու COVID-19-ով վարակված անձանց կամ նրանց, ովքեր սերտ կապի մեջ են եղել վերջիններիս հետ: Իշխանությունները տեղեկատվություն կստանան՝ առողջապահական ծառայություններ մատուցող ընկերություններին պարտավորեցնելով իրենց տվյալներ տալ «թեստավորումն անցած, վարակված, հիվանդության ախտանիշ ունեցող, հիվանդանոցներում բուժվող կամ հիվանդի հետ շփումներ ունեցած անձանց մասին»:

Հայաստանի կառավարությունն ասում է, որ օրենքը թույլ կտա իրենց հավաքել միայն հեռախոսային զանգերի փաստը, և որ նրանք մատչում չեն ունենա հաճախորդների անձնական հաղորդակցությունների բովանդակությանը: Բայց նման տեղեկատվությունը ևս կարող է պարունակել զգայուն և բացահայտող տվյալներ անհատի ինքնության, գտնվելու վայրի, պահվածքի, կապերի և գործունեության վերաբերյալ, ասում է Human Rights Watch-ը

Օրենքը պահանջում է զանգերի և ստացված այլ տվյալների ոչնչացումը` արտակարգ դրության ավարտից հետո: Այնուամենայնիվ, կառավարությունը պետք է դիտարկի նաև խիստ սահմանափակումների կիրառումը հեռախոսային տվյալների հավաքագրման, դրանց օգտագործման կամ կուտակման նպատակների, ինչպես նաև այն գործակալությունների կամ պաշտոնատար անձանց համար, որոնց հասանելի կլինի այդ տեղեկատվությունը: Մարդկանց նաև պետք է տեղեկացնել այն դեպքում, երբ նրանց տվյալները վերցվում են։ 

Եթե արտակարգ դրությունը երկար շարունակվի, ապա կառավարությունը պետք է պարբերաբար վերանայի այլևս նշանակություն չունեցող հեռախոսային ձայնագրությունների ոչնչացման հնարավորությունը: 

Ակտիվիստները քննադատում են օրինագիծը` նշելով, որ դա վիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ և արդյունավետ չի լինելու:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մտահոգություն է հայտնել, որ օրենքը չի տալիս մարդու իրավունքների բավարար երաշխիքներ:

Հայաստանի սահմանադրությամբ պաշտպանվում է հեռահաղորդակցման և բժշկական տեղեկատվության գաղտնիության իրավունքը: Միջազգային իրավունքը, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը ևս պաշտպանում են «գաղտնիության, ընտանիքի, տան կամ նամակագրության» իրավունքը կամայական կամ ապօրինի միջամտությունից: Հայաստանը վավերացրել է երկուսն էլ, բայց և շեղումներ է թույլ տվել մարտի 20-ին, արտակարգ դրություն հայտարարելուց հետո։

«Հայաստանի իշխանությունները մինչ այժմ հարգել են COVID-19 հիվանդների գաղտնիության իրավունքը,- ասել է Գոգիան:- Բայց, որպեսզի չվտանգեն այն վստահությունը, որն անհրաժեշտ է հանրային առողջապահական արդյունավետ արձագանքի համար, նրանք պետք է բացատրեն այդ ուղղությամբ իրենց քայլերը և երաշխավորեն, որ թվային հսկողության այս միջոցառումները խստորեն համահունչ են մարդու իրավունքների պաշտպանության երկարաժամկետ երաշխիքներին»:

Զառա Պողոսյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի