Տնտեսական կորուստները լինելու են էական. էկոնոմիկայի նախարար

Կորոնավիրուսի հարուցած դժվարությունների պատճառով Հայաստանի տնտեսական կորուստները բավականին զգալի են լինելու․ այս մասին ապրիլի 3-ի կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը համաձայնեց Կենտրոնական բանկի հրապարակած կանխատեսման հետ առ այն, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանի տնտեսական աճը կտրուկ կնվազի՝ հասնելով 0,7 տոկոսի: ԿԲ-ն նաև կանխատեսում է, որ կնվազեն ներմուծման ու արտահաման ծավալները, ինչպես նաև Ռուսաստանից փոխանցվող մասնավոր տրանսֆերտները:

«Բոլոր թվարկված երևույթներն էլ ճիշտ են», – հաստատեց նախարարն ու հավելեց, որ Ռուսաստանը ևս կորոնավիրուսի համավարակի պատճառով բախվել է դժվարությունների, ու սպասելի է այդ երկրից Հայաստան տրանսֆերտների փոխանցման կրճատումը:

«Բնականաբար արտահանողներն էլ դժվարություններ են կրում նույն շուկաներում նույն պատճառներով: Ոչ միայն արտահանողները, այլ ներքին շուկայում գործող կազմակերպությունները», – ասաց նախարարը՝ խոսելով ԿԲ-ի տված գնահատականի առանձնահատկության մասին:

«Դա կոնկրետ իրավիճակում տրված գնահատական է: Այո, սպասվում է տնտեսական արդյունքի կրճատում: Կորուստները զգալի կլինեն, բայց դժվար ժամանակներից հետո մենք կկարողանանք վերականգնել տնտեսական ակտիվությունը», – ասաց նա:

Խաչատրյանն ասաց, որ մարտ ամսին նախարարությունը հարցում է կատարել շուրջ 1200 ընկերությունների շրջանում, որոնք սահմանափակել են իրենց գործունեությունը: Հարցման արդյունքից պարզ է դարձել, որ գործունենության ծավալների կրճատումը «զգալի է»: «Տարվա համար դեռ շուտ է գնահատականներ տալը, կախված է նրանից, թե մենք որքան արագ կկարողանանք կառավարելի դարձնել կորոնավիրուսի տարածման հետ կապված երևույթները», – ասաց նա:

«Այն պահից, երբ կարողանանք վերացնել սահմանափակումները և վերադառնալ բնականոն կյանքի, գործարկվելու են նաև աջակցության նոր եղանակներ, նոր ֆինանսական գործիքներ: Հուսով ենք, որ վերականգնումը հնարավորինս արագ տեղի կունենա նաև շնորհիվ այդ գործիքների: Տարվա առումով շուտ է գնահատական տալը, բայց մենք կարծում ենք, որ կորուստները լինելու են էական», – ասաց նախարարը:

Ստեղծված իրավիճակում, նրա խոսքով կառավարությունը, թիրախային աջակցություն է ցուցաբերում փոքր և միջին բիզնեսին, ինչպես նաև գյուղատնտեսությանը: «24-ից մինչ 500 մլն դրամ 2019 թվականին շրջանառություն ունեցող փոքր բիզնեսի ներկայացուցիչներին պարզեցված ընթացակարգով հասանելի ենք դարձնում ֆինանսական ռեսուրսներ», – ասաց նախարարը՝ նկատելով, որ կորոնավիրուսի համաճարակից տուճած հյուրանոցային ու ժամանցային ոլորտի ընկերությունները կկարողանան օգտվել աջակցության այդ գործիքից:

«Նրանք կարող են ստանալ մինչև 50 մլն դրամ վարկային աջակցություն 36 ամիս ժամկետով՝ երկու տարի առանց տոկոսների վճարման պայմանով: Այդ ռեսուրսներով կարող են իրենց հարկային պարտավորությունները կատարել, աշխատողների աշխատավարձերը և կոմունալ ծառայությունների դիմաց վճարել: Այս միջոցառումն արդեն գործում է և մի քանի օրվա ընթացում ունենք արդեն 120 դիմումներ և 1,4 մլրդ դրամի վարկային պահանջ», – ասաց նա:

Պետական աջակցության ծրագիր է գործարկվել նաև գյուղատնտեսության ոլորտում:

«Ֆերմերները կարող են դիմել նաև մինչև 1 մլն դրամ միկրովարկավորման համար: Ունենք նաև առանձնահատուկ հնարավորություն գյուղատնտեսական կոոպերատիվների համար: Հուսով ենք, որ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներն արագ կօգտվեն այդ գործիքից, քանի որ այն պետական համաֆինանսավորման նոր հնարավորություններ է պարունակում», – ասաց Խաչատրայնը՝ նշելով, որ այդ ծրագրերի շրջանակում 2019-ին ունեցել են 9 հազար շահառու:

«Նրանք պետական աջակցության շնորհիվ սուբսիդավորել են ավելի քան 53 մլրդ վերցված վարկային կամ լիզինգային միջոցներ: Դրանց հիմնական տոկոսագումարները վճարել է պետությունը: Այս տարվա ընթացքում վճարվելու են ամբողջությամբ պետության կողմից: 2020 թվականին այս գումարն առնվազն մեկ ու կես անգամ ավելի մեծ կլինի թե՛ վարկերի, թե՛ վճարվող տոկոսագումարների մասով: Մոտավոր կարող ենք ասել, որ այս տարվա ընթացքում աջակցության այս ծրագրից օգտված ֆերմերների քանակը կլինի առնվազն 10 հազար, իսկ վարկային միջոցների ծավալն ավելի քան 60 մլրդ դրամ», – ասաց էկոնոմիկայի նախարարը։

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել