Ճգնաժամը հաղթահարելու համար կառավարությունը չի բացառում պարտքի ավելացումը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը չի բացառում, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառած տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար կառավարությունն ավելացնի պարտքային բեռը:

«Կառավարությունը նախատեսում է ֆինանսական ծախսերի ավելացում, այդ թվում նաև՝ անհրաժեշտության պարագայում պարտքի ավելացման հաշվին», – ասաց նա՝ պատասխանելով Սիվիլնեթի հարցին:

Միևնույն ժամանակ, նախարարի կարծիքով, պարտքի ավելացման քաղաքականությունը պետք է լինի խելամտության սահմանում:

«Պարտքային բեռը ևս մեր հասարակությունը և ժողովուրդն է վերադարձնելու», – նկատեց նախարարը՝ անդրադառնալով կառավարության հակաճգնաժամային քաղաքականության քննադատների՝ պարտքային բեռի ավելացման ու հարկային արձակուրդների տրամադրման մասին պնդումներին:

Քննադատները կարծում են, որ կառավարությունը ճգնաժամի հետևանքների մեղմման համար պետք է գործի դներ ոչ թե վարկային, այլ հարկային գործիքակազմը՝ տրամադրելով հարկային արձակուրդներ ճգնաժամից առավել տուժած ոլորտներին: Դրանք են զբոսաշրջությունը, ծառայություններն ու հանքարդյունաբերությունը:

Նրանց կարծիքով, վարկային գործիքներից բիզնեսը չի հասցնի օպերատիվ օգտվել և իրացվելիության համար միջոցներ ներգրավել, իսկ ուշացումները կարող են ճակատագրական լինել՝ անշրջելի որոշումների կայացման տեսանկյունից:

Կառավարության «կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրի» ընդհանուր բյուջեն կազմում է 150 մլրդ դրամ, որից 25 մլրդ դրամն ուղղվելու է ճգնաժամից տուժած ոլորտներին աջակցելու, նույնքան գումար էլ հատկացվելու է սոցիալապես անապահով խավերին: Շուրջ 80 մլրդ դրամ էլ կառավարությունը տրամադրելու է զարգացման ծրագրերին, որոնք, վարչապետ Փաշինյանի ձևակերպմամբ, ուղղված կլինեն «հետկորոնավիրուսային աշխարհի» փոփոխությունների նախապատրաստվելուն:

Միևնույն ժամանակ վարչապետն ու կառավարության անդամներն այս պահին հստակ պատրեկացում չունեն, թե ինչպիսին է լինելու «հետկորոնավիրուսային աշխարհը»: Սակայն այդ նպատակի համար հատկացնում են զգալի ֆինանսական միջոցներ: Շուրջ 20 մլրդ դրամ կառավարությունը պահում է որպես ռեզերվային միջոց՝ ըստ անհրաժեշտության օգտագործելու համար:

Նախարար Խաչատրյանն այնուամենայնիվ կարծում է, որ անհրաժեշտության դեպքում պետությունը դիտարկում է հավելյալ պարտքային միջոցներ ներգրավելու հնարավորությունը: Նպատակը սակայն կապիտալ ծախսերի ավելացումն է, ոչ թե հնարավոր հարկային արձակուրդները կոմպենսացնելը։

Տիգրան Խաչատրյանը նկատեց, որ պարտքի ավելացման վերաբերյալ առաջիակայում քննարկումներ ու պարզաբանումներ կլինեն:

«Կառավարությունը պետք է ապահովի իր ծախսային ուղղությունները, հատկապես կապիտալ ներդրումները: Դրանք են ենթակառուցվածքների շինարարությունը, որոնք տնտեսական ակտիվություն են առաջացնում և զբաղվածության հնարավորություններ ստեղծում հասարակության համար: Այս աշխատանքները պետությունը պետք է իրականացնի նախատեսվածից ավելի մեծ ծավալներով: Բացի այդ, իրականացվում են սոցիալական ու տնտեսական աջակցության միջոցառումներ», – ասաց նախարարը:

Պետությունը, նախարարի խոսքով, մի կողմից քայլեր է ձեռնարկում, որպեսզի ընկերությունները կարողանան պահել իրենց հոսքերը «ինչ-որ նվազագույն մակարդակի վրա», մյուս կողմից ակնկալում է, որ մասնավոր հատվածն ինքն էլ պետք է լուծումներ գտնի: «Մասնավոր հատվածի կազմակերպությունների որոշումների որակից ևս շատ բան է կախված», – եզրափակեց նա:

Հայաստանի պետական պարտքը 2019 թվականի վերջի դրությամբ, ինչպես գրում է «Հետքը», կազմել է 6 մլրդ 835 մլն դոլար։ Տարվա ընթացքում այն աճել է 462,4 մլն դոլարով կամ 7,2 %-ով։ Սրա կազմում ինչպես ներքին պարտքն է, այնպես էլ արտաքին։ Կառավարության արտաքին պարտքը 5 մլրդ 300 մլն դոլար է (աճը՝ 314,1 մլն դոլար կամ 6,3%)։ Իսկ ներքին պարտքը 1 մլրդ 534 մլն դոլար է, որը տարվա ընթացքում ավելացել է 148,3 մլն դոլարով կամ 10,7 %-ով։ Այսինքն՝ ներքին պարտքն ավելի արագ է աճել, քան արտաքինը։

Իսկ Կենտրոնական բանկի պարտքը (արտաքին պարտք է) 489,3 մլն դոլար է, որը տարվա ընթացքում նվազել է 60,7 մլն դոլարով։

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել