Հայկական զարդանախշերը հալեպահայուհու գործերում. Այտա Սանդուրեանի պատմությունը

Հանգստություն, հոգեկան հանգստություն, օդ, հոտ, բնություն, մարդիկ, սովորություններ. հենց այս ամենն է 50-ամյա Այտա Սանդուրեանի համար Հայաստանը սիրելի դարձնում։

Այտան ընտանիքի հետ 2012-ին է տեղափոխվել Հայաստան։ Հալեպից է։ «Շատ բան ես արել, կյանքիդ կեսը հիմնել ես՝ թե՛ ֆինանսական, թե՛ շրջապատի առումով, և կուգաս ուրիշ երկիր։ Անշուշտ, հայրենիքում ըլլալը մեծ հաջողություն է, լեզվական խնդիր չունենք, բայց երևի ամեն մեկը իր մեջ պետք է ունենա դա հաղթահարելու կամք»,- ասում է նա։

Սիրիայում ամենաշատը աշխատանքն է կարոտում. հայոց լեզու է դասավանդել Հալեպի Կրթասիրաց վարժարանի երեխաներին։ Արևելահայերենին ոչ բավարար տիրապետելը և ըստ մասնագիտության աշխատանք չգտնելը Այտային ստիպել են մասնագիտության վերածել սիրելի զբաղմունքը՝ ասեղնագործությունը։

Ասեղնագործությամբ Այտան նաև Սիրիայում է զբաղվել։ Կենցաղային տարբեր իրերի վրա հայկական զարդանախշերով ասեղնագործում է։ Թե՛ ասեղնագործելը, թե՛ դասավանդելը համարում է ավելի շատ առաքելություն, քան գումար վաստակելու միջոց։ «Ինչքան ուզում եմ բիզնեսի մեջ հմտանալ, փոխել դա, չեմ կարողանում, դա հմտացած չէ մոտս»,- անկեղծանում է նա։

Այտան իրեն տատիկի հետ է համեմատում, որը Հալեպ է գաղթել Արևմտյան Հայաստանից, ու սկսել է ասեղնագործությամբ ու գորգագործությամբ զբաղվել։ Ինքն էլ Երևան է տեղափոխվել ու սկսել իր նոր գործը։ Հենց այս պատճառով էլ Այտայի ստեղծած կազմակերպությունը տատիկի՝ Արիկայի անունն է կրում։ «Արիկա»-ն հասցրել է տեղական և միջազգային բազմաթիվ փառատոների մասնակցել։

Այտան պատմում է նաև տեղափոխվելու դժվարությունների մասին։ Ֆինանսապես պատրաստ չեն եղել դրան, սակայն լեզվի իմացությունն ու ապրելակերպի նմանությունները հեշտացրել են այստեղ հաստատվելու գործընթացը։

«Այնտեղ հայապահպանման խնդիր ունեինք, պետք էր՝ մեր երեխաները միշտ հայկական շրջապատի, հայկական թաղամասի, հայաբնակ տեղերում լինեին։ Այստեղ մենք այդ խնդիրը չունենք»,- նշում է Այտան։

Հալեպում Այտան կամավոր աշխատանքների միջոցով հայապահպան գործունեություն է ծավալել, ինչը շարունակում է այստեղ․ 2016-ից «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության Տիկնանց հանձնախմբի անդամ է։ Այս աշխատանքը, ինչպես ինքն է նշում, ևս առաքելություն է։ Նպատակն է սիրիահայերին օգնել հաստատվելու հայրենիքում։ «Վստահ եմ՝ ամեն գործունեություն հաջողության կհասնի, երբ աշխատանքը միասնական է»,- ասում է նա։

Այտայի ամուսինը՝ Սարգիս Տեկիրմեճեանը, երկաթագործ է, հոր գործն է շարունակում։ «Մեծ դարպասներ է պատրաստում, երկաթե տարբեր իրեր սարքելու նոր գաղափարներ է ներկայացնում, իր գործում արվեստագետ է»,- ամուսնու մասին ասում է Այտան։ 

Նրանց մեծ աղջիկը՝ Արփին, ճարտարապետ է, միջնեկը՝ Շողերը, քանոնահարուհի է։ Կրտսերը՝ Ալինլիլան, դեռ դպրոցական է։ 

Այտան ասում է՝ ընտանիքն այստեղ հոգեկան հանգստություն է գտել։ «Ինձ ու երեխաներիս համար այդ ամենը շատ մեծ իմաստ ունի, ու շատ ուրախ եմ դրա համար։ Միայն ուզում եմ, որ ամեն մարդ, որ տեղափոխվում է, նորմալ կյանքի անցնի, աշխատանք ունենա, որպեսզի հանգիստ ապրի»։

Լուսինե Վարդանյան