Հայաստանի բնակչությունը 1919-ին․ Երևանը գրեթե հասնում է Ալեքսանդրապոլին

Շարքի նախորդ հրապարակումները

Հայաստանի բնակչությունը 1831 թվականին. 10 ամենամեծ բնակավայրերը

Հայաստանի բնակչությունը 1873 թվականին

Հայաստանի բնակչությունը 1886-ին

Հայաստանի բնակչությունը 1897-ին. ցարական Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամարը

Հայաստանի բնակչությունը 1908-ին մոտենում է 1 միլիոնի

Հայաստանի բնակչությունը 1916-ին

Ադրբեջանցիները (թաթարները) Հայաստանում վերջին 150 տարիներին

Հայաստանի բնակչությունը 1919-ին

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ մոտ 1000 օր՝ 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920-ի դեկտեմբերի 2-ը: Այս շրջանում՝ 1919-ին, կատարվել է գյուղատնտեսական վիճակագրություն: Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանը 1919-ի մարդահամարը համարում է «հազար ու մի թերություններով լի»:

Եվ դա բնական է, քանի որ Առաջին աշխարհամարտից հետո տեղի էր ունեցել հայերի ցեղասպանություն, արևմտահայ ժողովրդի փրկված մասի փախուստ և հաստատում Հայաստանի Հանրապետությունում: Բնակչության հսկայածավալ տեղաշարժեր կատարվել են նաև Անդրկովկասում հայ-թաթարական/ադրբեջանական, մասամբ նաև՝ հայ-վրացական բախումների ընթացքում: Տասնյակ հազարավոր թաթարներ տեղահանվել են այսօրվա Մասիսի և Վեդիի շրջաններից, տասնյակ հազարավոր հայեր կոտորածներով դուրս են մղվել Նախիջևանից, Շաքիի, Շամախու, Արեշի ու Ադրբեջանի այլ շրջաններից:

Տեսարան հին ԵրևանիցՀայոց ցեղասպանությունից հետո Հայաստանում հաստատված արևմտահայ գաղթականների թիվը հաշվվում է 200-ից մինչև 300 հազար և ավելի: Նրանց մի մասը մահացել է 1918-ի դեկտեմբերից բռնկված բծավոր տիֆի ու սովի հետևանքով, մի մասը զոհվել է հայ-թաթարական բախումների ու թուրք-հայկական վերջին՝ 1920-ի սետեմբերից սկսված պատերազմի ամիսներին:

Կորկոտյանը գրում է, որ 1914-1917 թթ․, ապա 1919-1920 թթ․ Հայաստանում ապաստան են գտել Օսմանյան կայսրությունից, ինչպես նաև Սուրմալուից ու Կարսի շրջաններից փախած հայ և եզդի ազգաբնակչություն: Նրա հաշվարկով՝ Հայաստանից 1919-ին քշվել են ոչ պակաս, քան 200 հազար թուրքեր և քրդեր: Հայաստանի Հանրապետության անկման օրերին երկրում մնացել էր շուրջ 10 հազար թուրք բնակչություն: 1922-ի հաշվառումը ցույց է տալիս, որ Հայաստանում թուրք-թաթարական բնակչության թիվը ավելի քան 72 հազար է, ինչը նշանակում է, որ խորհրդային իշխանության հաստատումից անմիջապես հետո Հայաստան՝ նախկին բնակավայրեր է վերադարձել ավելի քան 60 հազար թուրք-թաթար բնակչություն: Նրանց վերադարձը կազմակերպվել է Ալեքսանդր Մյասնիկյանի Հայաստան գալով:

Հայաստանի Հանրապետությունում քաղաքի կարգավիճակ են ունեցել Ալեքսանդրապոլը, Երևանը, Նոր Բայազետը, Կարսը և Գորիսը: Ինչպես այս, այնպես էլ մեր ներկայացրած նախորդ՝ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914 և 1916 թվականների մարդահամարներում չենք ներառել Կարսը, քանի որ այն մաս չի կազմել Խորհրդային Հայաստանի: Մեր բոլոր մարդահամարները հիմնված են Կորկոտյանի «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» կոթողային  աշխատության վրա:

Տեսարան հին ԵրևանիցՄարդահամարներում չեն ներառվել նաև Արևելյան Հայաստանի, ավելի ճիշտ՝ Երևանի նահանգի երկու այլ քաղաքներ՝ Նախիջևանը և Օրդուբադը, քանի որ Նախիջևանի գավառը միայն երկու ամիս՝ 1919-ի մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում է Հայաստանի Հանրապետության մաս կազմել և չի եղել Խորհրդային Հայաստանի կազմում:

Կորկոտյանը նշում է, որ 1919-ին Հայաստանում բնակչության թիվը կազմել է 961 677 հոգի: Այս թիվը, անկասկած, խիստ մոտավոր է վերոնշյալ հանգամանքների պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով, որ գյուղատնտեսական հաշվառման ընթացում քաղաքները չեն ընդգրկվել, և քաղաքների դեպքում հաշվի են առնվել նախորդ մարդահամարի թվերը:

Ալեքսանդրապոլը, այսօրվա Գյումրին, շարունակում էր մնալ Հայաստանի խոշորագույն բնակավայրը շուրջ 51 հազար բնակիչներով: Համեմատության համար նշենք, որ 1916-ին Ալեքսանդրապոլն ուներ 51 874 բնակիչ, իսկ 1922-ին՝ 44 656:

Այսպիսով, Երևանը Ալեքսանդրապոլին բնակչությամբ գերազանցեց միայն 1922-ին:

Հանրապետության շրջանում մեծությամբ երկրորդ բնակավայրը մայրաքաղաք Երևանն էր շուրջ 48 հազար բնակիչներով: 1916-ին Երևանն ուներ 43 813, իսկ 1922-ին՝ 46 642 բնակիչ:

Մեծությամբ երրորդ բնակավայրը Վաղարշապատ գյուղն էր՝ 16 886 հոգի: Հաշվարկի մեջ մասամբ ներառվել է նաև արևմտահայ գաղթականությունը, քանի որ 1916-ին այն ուներ 4 704, իսկ 1922-ին՝ 7 996 բնակիչ: Հայտնի իրողություն է, որ հազարավոր հայեր ուղղակի բաց երկնքի տակ՝ անձրևի ու ցեխի մեջ, հաստատվել էին Մայր Աթոռի շրջակայքում:

1916-ին Թիֆլիսի «Վրաստան» թերթի համարներից մեկում կարդում ենք. «Այժմ Էջմիածնում 27 հազար հայ փախստական է բնակվում: Սակայն նրանց տունը անտառն ու դաշտավայրն է, իսկ անկողինը` խոնավ հողը: Դրա պատճառով հիվանդությունները շատացել են… օրական մահանում է մոտ 300 մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ»:

Չի բացառվում, որ երրորդ խոշոր բնակավայրը, ինչպես նախորդ մի քանի մարդահամարների ժամանակ, եղել է Նոր Բայազետ քաղաքը, այսօրվա Գավառը: Բայց քանի որ 1919-ին Նոր Բայազետում հաշվառում չի անցկացվել, մենք ընդունել ենք 1916-ի մարդահամարի տվյալը՝ 14 748 մարդ:

Հինգերորդ խոշոր բնակավայրը Զանգիբասար գյուղն էր, այսօրվա Մասիսը՝ 8 000 թուրք-թաթար, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցի բնակչությամբ:

Վեցերորդը Մեծ Ղարաքիլիսա գյուղն էր, այսօրվա Վանաձորը՝ 7 627 բնակիչներով:

Ղարաքիլիսան՝ այսօրվա Ազատան գյուղը Գյումրիի հարևանությամբ, ուներ 6 744 բնակիչ:

Ութերորդը Դիլիջանն էր՝ 6610 բնակիչներով, իններորդը՝ Համամլուն, այսօր՝ Սպիտակ քաղաքը՝ 6 421, տասներորդը՝ Աշտարակը, որն ուներ 6 100 բնակիչ:

Ուշադրություն դարձրեք, որ այս անգամ 10 խոշոր բնակավայրերի մեջ ներառված չէ Գորիս քաղաքը: Ինչպես 1916-ի հաշվառման դեպքում, այս անգամ ևս Կորկոտյանի մոտ մի քանի Գորիս է ներկայացվում՝ Հին Գորիս, քաղաք Գորիս և գյուղ Գորիս, որոնցից ոչ մեկը չուներ 6000-ից ավելի բնակչություն։

Թաթուլ Հակոբյան